Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից ստորագրած 2020թ-ի համաձայնագրի 9-րդ կետով տարածաշրջանում նախատեսվում է բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաարգելափակում։ «Հայաստանը ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի ինքնավար Հանրապետության միջեւ՝ քաղաքացիների, փոխադրամիջոցների եւ բեռների անխափան երթեւեկի կազմակերպման նպատակով։ Տրանսպորտային այս կապը հսկում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ Կողմերի համաձայնությամբ, կառուցվելու է տրանսպորտային նոր հաղորդակցություն՝ Նախիջեւանն ու Ադրբեջանի արեւմտյան շրջանները իրար կապելու համար»,-նշված է համաձայնագրում։ Ըստ էության, ենթադրվում է, որ պիտի վերագործարկվի նաեւ Կապան-Երեւան երկաթուղին։
1932 թվականի հոկտեմբերի 13-ին առաջին գնացքը ժամանեց Կապան (նախկինում՝ Ղափան–Ա․Դ.)։ Գործարկվեց Մինջեւան-Ղափան երկաթուղին, որին միացվեց Բաքու-Երեւան մարդատար գնացքը։ Ըստ Կապանի երկրագիտական թանգարանի արխիվային նյութերի՝ երկաթուղու կառուցումը սկսվել էր 1930 թվականի մայիսից, իսկ երկաթուղու հանդիսավոր բացումը տեղի ունեցավ նոյեմբերի 7-ին։

Կարդացեք նաև

90-ական թվականների հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին, երկաթգիծը հայտնվեց միջազգային բախումների կիզակետում։ Նախիջեւանով եւ Զանգելանով անցնող Կապան-Երեւան, Երեւան-Կապան մարդատար գնացքները հաճախ էին ադրբեջանցիների կողմից ենթարկվում հարձակումների, բեռնատար գնացքները թալանվում էին՝ դատարկ հասնելով Կապան կամ Երեւան։
1991թ–ի սեպտեմբերին, ազերիները կալանելով Կապան-Երեւան մարդատար գնացքը, պատանդ են վերցրել 14 հոգու եւ 35 օր պահել գերության մեջ։ Հենց այդ ժամանակ էլ որոշում կայացվեց դադարեցնել մարդատար գնացքի աշխատանքը, իսկ բեռնատար գնացքների երթեւեկը դադարեցվեց 1992 թվականին։


Սյունիքի մարզպետարանից էլ տեղեկացրին, որ ՀԿԵ -ի աշխատանքային խումբը մարզպետարան չի եկել եւ ոչինչ չեն կարող ասել այդ մասին։ Նշենք, որ խնդրի առնչությամբ պաշտոնական հարցում ենք ուղարկել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենին։
Ի դեպ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն արդեն հայտարարել է, որ աշխատանքներ է սկսել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ երկաթուղային կապը վերականգնելու ուղղությամբ։
Պատմաբան Գրիշա Հարությունյանի կարծիքով ՝ ճանապարհ, նշանակում է աշխարհաքաղաքական փոփոխություն։ «Իսկ այս տարածաշրջանում բոլո՞ր խաղացող գերտերություններն են արդյոք շահագրգռված այդ ճանապարհով»,–ասաց Գ․ Հարությունյանը՝ ավելացնելով, որ ճանապարհների ապաարգելափակումը րոպեների ու ժամերի խնդիր չէ։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ
Արխիվային լուսանկարները Կապանի երկրագիտական թանգարանի ֆեյսբուքյան էջից




















































