Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Ռազմական դրությունը վերացնելու մասին» «Լուսավոր Հայաստանի» նախագիծը: Իսկ ԱԺ մուտքի մոտ ցույց էին անում քաղաքացիները՝ «Դավաճաններ», «Հող հանձնող» ցուցապաստառներով եւ «Ամոթ» վանկարկումով: Ցուցարարների խոսքով՝ ռազմական դրության երկարացմամբ ուղղակի ուզում են խլացնել բողոքի ձայնը, որ ալիքը մարի, բայց դա չի լինելու. «Ավելի լավ է հիմա կողմ քվեարկեք «Ռազմական դրության չեղարկմանը եւ ձեր փափուկ աթոռները թողնելով՝ գերադասեք պատիվն ու թասիբը, որպեսզի ձեր ամբողջ կյանքը դավաճանի պիտակով ման չգաք»:


Մեր հարցին՝ երեկ հանձնաժողովում գեներալ Ալբերտ Բաղդասարյանն ասաց, որ ռազմական դրությունն անհրաժեշտ է զորահավաքային զորակոչով զորակոչվածներին պահելու համար, անվտանգային խնդիր կա, սահմանները պաշտպանելու խնդիր կա, ռազմական դրությունը չեղարկելը հիմա ի՞նչ է տալու՝ Վարդանյանը պատասխանեց. «Ներկայիս ճգնաժամը սահմանադրական չճանապարհով լուծելու մի ճանապարհ կա, դա ռազմական դրության չեղարկումն է, որը հետագայում արդեն թույլ է տալու Սահմանադրությամբ եւ օրենքով նախատեսված կարգով հեռացնել իշխանություններին ու հնարավորինս շուտ ԱԺ արտահերթ ընտրություններ կազմակերպել, որը թույլ կտա ժողովրդին կամարտահայտվել ու ընտրել իր իշխանությունը՝ կլինի դա Նիկոլ Փաշինյանը, թե այլ ուժ: Հիմիկվա ճգնաժամի հաղթահարման առաջին քայլը ռազմական դրության չեղարկումն է: Կառավարությունը, որը բանակին ներքաշում է այս անում, ամեն ինչ անում է՝ ռազմական դրությունը շարունակելու համար: Մենք դա անընդունելի ենք համարում: Հիմա ռազմական դրությունը նպաստում է միայն Նիկոլ Փաշինյանի իշխանության երկարացմանը: Չենք հավատում քաղաքական թիմին, որը իր քաղաքական նպատակների համար օգտագործում է բոլոր բարոյական, անբարոյական, թույլատրելի, անթույլատրելի հնարքները: Կամքի դեպքում հնարավոր է իրականացնել հայրենիքի պաշտպանությունը՝ առանց ռազմական դրության»:
Կարդացեք նաև

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































