Գոգային՝ ոսկեվազցի Գևորգ Մանասարյանին, ծնողներն այցելության էին գնացել սեպտեմբերի 26-ին: Մեկ օր հետո սկսվեց պատերազմը, և այդ հանդիպումը, ցավոք, դարձավ վերջինը:
Գևորգ Մանասարյանը ծնվել է ՀՀ Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում: Նրա դեռ 19 տարեկանը չէր լրացրել: Գևորգին այսպես են բնութագրում ուսուցիչները, հարազատները, նրան ճանաչող մարդիկ. «Ազնվական պահվածք՝ ազնվական ու գեղեցիկ, ամոթխած ժպիտ, համեստ՝ համեստության մեջ ամփոփված մեծ արժանիքներով: Պայծառ հոգի, սիրված ընկեր, նվիրված որդի, ջերմագին եղբայր, քաջարի զինվոր, հայրենասեր զավակ… Քեզ բնութագրող բառերի շարքն անսպառ է, քեզանով լի հիշողությունների շղթան՝ անպարագիծ, քո մասին բոլորս ներկայով ենք խոսելու. անժամանակ ես մեկնում ու բոլորիս սրտում դնում քո անհրաժեշտ ներկայության կնիքը, ուր ոսկետառ գրվում է քո անմահության վկայագիրը: Փա՛ռք քեզ, մեր հերոս զավակ, մեր անկրկնելի ու թանկ Գոգա»:
Aravot. am-ի հետ զրույցում Գևորգի մորաքրոջ դուստրը՝ Հռիփսիմե Մնացականյանը, արցունքն աչքերին էր պատմում եղբոր մասին: Նրա բնորոշմամբ՝ Գևորգը բարի, անմեղ երիտասարդ էր՝ մանկական հոգով ու անմեղությամբ: Երազում էր ծառայությունն ավարտելուց հետո շարունակել ուսումը, սակայն…

Սակայն հոկտեմբերի 12-ին՝ իր զոհվելու օրը, Գևորգը միայն լուսադեմին է զանգել, վերջին անգամ խոսել է հոր հետ: Գևորգի հեռախոսից հոկտեմբերի 14-ին արդեն զանգել են Գորիսից՝ հաղորդելու Գևորգի մահվան մասին:
Գևորգը տան միակ որդին էր. փոքր քույր ունի: Հռիփսիմեն ասաց՝ Գևորգի հետ միասին են մեծացել, հուզմունքից խեղդվելով նշեց՝ Գևորգն իմ մանկությունն ու հիշողությունն է:
Գևորգը, երբ սկսել է չզանգել, հարազատներին թվացել է, թե հեռախոսներն են հավաքել՝ ԱԹՍ-ներից զգուշանալով, բայց…
Գևորգի ծառայակից ընկերը, երբ այցելել էր նրա ընտանիքին, պատմել է, որ նրա զոհվելու օրն անգամ չեն հասցրել հաց ուտել. հաց են ստացել, պիտի ուտեին, բայց չեն էլ հասցրել:

Սեպտեմբերի 26-ին, երբ Գևորգի ծնողները մեկնել են Ջեբրայիլ իրենց զավակին տեսակցության, մտադրություն են ունեցել այնտեղ մնալ նաև սեպտեմբերի 27-ին: Սակայն, երբ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան սկսել է պատերազմը, հրամանատարական կազմը պահանջել է ծնողներին արագ լքել տարածքը: Ավաղ, հենց դա էլ եղավ Գոգայի և ծնողների վերջին հանդիպումը…
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Գևորգ Մանասարյանի քույրը՝ Հռիփսիմե Մնացականյանը:

















































