Արցախում, մի քանի գյուղերի նման, Շահումյանի շրջանի Չարեքտար գյուղը ևս մնացել է կղզու նման թշնամու շրջափակման մեջ։
Հերիքնազ Կիրակոսյանը բազմազավակ միայնակ մայր է, ամուսինը մահացել է երկու տարի առաջ՝ Ռուսաստանում արտագնա աշխատանքի ընթացքում։

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով Հերիքնազի ընտանիքը լքել է Արցախն ու ժամանակավորապես ապաստանել Տավուշի մարզի Գանձաքար գյուղում։
Կարդացեք նաև
«Սեպտեմբերի 27-ին երբ սկսվեց պատերազմը, մենք իջանք ապաստարան և մտածում էինք՝ շուտով կավարտվի ու հետ կգնանք մեր տունը, սակայն մեր գյուղապետը եկավ ու ասաց՝ պետք է լքենք գյուղը: Եվ Ուռալով մեզ հասցրեցին Վարդենիս, իսկ այնտեղից հետո եկանք Գանձաքար»,- պատմում է Հերիքնազը։

Հերիքնազը պատմում է, որ սկզբում հայտարարվել է, թե իրենց գյուղը հանձնվելու է թշնամուն, և իրենք տան իրերը հանելուց հետո այրել են այն, սակայն հետո պարզ է դարձել, որ գյուղը չի հանձնվելու, և ընտանիքը մնացել է օդում կախված.

«Մեր գյուղում՝ Չարեքտարում, մոտ քսան տուն են վերակառուցելու, որ նրանք՝ ովքեր ուզենան, վերադառնան: Բայց մենք վերադառնալու մասին անգամ չենք մտածում: Հուսով ենք, որ մեզ Հայաստանում որևէ գյուղում տուն կտրամադրեն, և մենք հանգիստ կապրենք»։
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ


















































