Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտանիքը կարծել է, թե գյուղը հանձնվելու է թշնամուն ու այրել է տունը, իսկ հետո պարզվել է, որ գյուղը հայերինն է

Դեկտեմբեր 10,2020 18:01

Արցախում, մի քանի գյուղերի նման, Շահումյանի շրջանի Չարեքտար գյուղը ևս մնացել է կղզու նման թշնամու շրջափակման մեջ։

Հերիքնազ Կիրակոսյանը բազմազավակ միայնակ մայր է, ամուսինը մահացել է երկու տարի առաջ՝ Ռուսաստանում արտագնա աշխատանքի ընթացքում։

Ընտանիքում ամենափոքր երեխան երեք տարեկան է, իսկ մեծը՝ 16:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով Հերիքնազի ընտանիքը լքել է Արցախն ու ժամանակավորապես ապաստանել Տավուշի մարզի Գանձաքար գյուղում։

«Սեպտեմբերի 27-ին երբ սկսվեց պատերազմը, մենք իջանք ապաստարան և մտածում էինք՝ շուտով կավարտվի ու հետ կգնանք մեր տունը, սակայն մեր գյուղապետը եկավ ու ասաց՝ պետք է լքենք գյուղը: Եվ  Ուռալով մեզ հասցրեցին Վարդենիս, իսկ այնտեղից հետո եկանք Գանձաքար»,- պատմում է Հերիքնազը։

Նրա խոսքով, տունը՝ որտեղ այժմ բնակվում են, ժամանակավոր տրամադրել է իրենց բարեկամը, սակայն տաս հոգանոց ընտանիքը երկու սենյականոց բնակարանում դժվարությամբ է տեղավորվում. «Մամաս, պապաս մի սենյակում են մնում, եղբայրս ու իր կինը մի սենյակում, իսկ ես երեխաների հետ նկուղային հատվածում ենք մնում»։

Հերիքնազը պատմում է, որ սկզբում հայտարարվել է, թե իրենց գյուղը հանձնվելու է թշնամուն, և իրենք տան իրերը հանելուց հետո այրել են այն, սակայն հետո պարզ է դարձել, որ գյուղը չի հանձնվելու, և ընտանիքը մնացել է օդում կախված.

Հերիքնազը Հրազդանից տուն չունենալու պատճառով 1995 թվականին տեղափոխվել էր Արցախ, սակայն այս պատերազմից հետո վերադառնալու նպատակ չունի.

«Մեր գյուղում՝ Չարեքտարում, մոտ քսան տուն են վերակառուցելու, որ նրանք՝ ովքեր ուզենան, վերադառնան: Բայց մենք վերադառնալու մասին անգամ չենք մտածում: Հուսով ենք, որ մեզ Հայաստանում որևէ գյուղում տուն կտրամադրեն, և մենք հանգիստ կապրենք»։

Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031