«Մենք գորիսեցիներս պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին»,- ՀՀ քննչական կոմիտեի դիմաց այսպիսի պահանջ դրեցին գորիսեցիները:
Այս պահին Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ՀՀ քննչական կոմիտեում է: Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնում դեկտեմբերի 21-ին հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 34-2251 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նույն օրը ժամը 06:30-ին, Առուշ Առուշանյանը ձերբակալվել է՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու կասկածանքով: Քննչական կամիտեի դիմաց հավաքվել են մի շարք քաղաքացիներ: Քննչական կոմիտեի բակում հնչեցին նաև «Նիկոլ դավաճան» կոչեր:
Լրագրողների հետ զրուցում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը հայտարարեց. «Մենք մեր երկրում մեկ ամսից ավելի իշխանություն չունենք: Բայց մենք գնալով ավելի համոզվում ենք, որ Փաշինյանը չունի տարրական նամուս ու թասիբ: Եթե գիտեք՝ որևէ տեղ ձեզ ուրախ չեն տեսնել, կգնա՞ք այնտեղ: Փաշինյանի կուսակցականներն այնքան անաստված մարդիկ են, որ պատրաստ են կոչ անել գնալ ու հաշվեհարդար տեսնել քահանայի հետ»:
Քրեական գործերի հարուցման հետ կապված Հայկ Մամիջանյանն ասաց. «Ոչ Առուշ Առուշանյանին, ոչ այստեղի հավաքվածների մեծ մասին, ում արդեն բազում անգամներ բերման են ենթարկել, քրեական գործով չես վախեցնի»:
Կարդացեք նաև
Նա նաև հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները հենց այս պահին վերապատրաստումներ են անցնում ոստիկանության զորքերում, որպեսզի մասնակցեն հանրահավաքներ ցրելու միջոցառումներին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































