Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԲՀԿ-ն նախաձեռնել է աշխատանքային քննարկում՝ «Սահմանամերձ շրջաններում ստեղծված վիճակն ու լուծման ուղիները» թեմայով:
Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը ներկայացրեց իրավիճակը: Նա նշեց, որ այսօր զբաղեցնելով ՀՀ սահմանային դիրքեր, ունենք հետեւյալ պատկերը. «Թշնամին կոնկրետ մեր բնակավայրերից, օրինակ, Սյունիքից գտնվում է բնակելի հատվածից 100 մետր հեռավորության վրա, Կապան քաղաքից՝ 1 կմ հեռավորության վրա: Այդ բնագծերը զիջելով՝ լուրջ խնդիր է առաջացել: Շատ կարեւոր դիրքեր, որոնք գտնվում են թե՛ Սյունիք համայնքի, թե՛ Կապան համայնքի դիմաց, այդ բարձունքները թշնամու կողմից զբաղեցնելով՝ կոնկրետ Կապան քաղաքը եւ այլ բնակավայրեր դառնում են լուրջ թիրախ թշնամու համար: Մենք ունենք նաեւ խնդիր ճանապարհների անվտանգության հետ կապված»:
Փարսյանի դիտարկմամբ, երեք խնդրահարույց ուղղության կա՝ Կապան-Գորիս, Կապան-Ճակատեն հատվածը եւ Կապան-Ագարակ գյուղ հատվածը. «Կապան-Գորիս ճանապարհը այսօրվա դրությամբ գործում է, Կապան-Ճակատենը գործում է, բայց Կապան-Ագարակ տանող ճանապարհը ստիպված ենք եղել չօգտագործել, որովհետեւ ամբողջությամբ անցել է թշնամու վերահսկողության ներքո: Բարեբախտաբար, այլընտրանքային ճանապարհ կա, բայց այն երկար է ու հիմնանորոգման կարիք ունի, ձմռան այս եղանակներին գրեթե անանցանելի է դառնում: Այսինքն, որոշ առումով Ագարակի, Բուժանիսի գյուղացիները շրջափակման մեջ են ընկել՝ այդ ճանապարհի պատճառով: Կապանի բնակչության մոտ լարված, անհանգիստ վիճակ է: Ոչ մեկը չի պատկերացնում, թե ինչ է սպասվում ապագայում: Մեր քաղաքացիները ինձ են հարցնում՝ ի՞նչ է լինելու: Բնականաբար, ես այդ հարցի պատասխանը չունեմ, բայց հավատացած եմ, որ պետք է ամեն ինչ անենք, որ ապահովենք մեր քաղաքացիների անվտանգությունը»:

Կարդացեք նաև
ԲՀԿ պատգամավոր Վարդեւան Գրիգորյանին հետաքրքրում էր՝ թշնամու բնակավայրեր կա՞ն, որ նույն իրավիճակում են, գտնվում են մեր թիրախում: Կապանի քաղաքապետը պատասխանեց, որ գրեթե չկան նման բնակավայրեր. «Չեմ կարծում, որ այդ հատվածներում իրենք բնակեցնեն; Նման բնակավայրեր կան Ներքին Հանդի հատվածում»:
«Լուսավոր Հայաստանից» Անի Սամսոնյանը մեջբերեց մի շարք պաշտոնյաների խոսքերը, որ սահմանազատում գոյություն չունի, վարչապետի խոսքը՝ դելիմիտացիա, դեմարկացիա չկա, ու հարցրեց՝ հասարակությունը հիմա մոլորված է, չի հասկանում ինչ է կատարվում մեր սահմաններին՝ սահմանազատո՞ւմ է, սահմանների փոփոխո՞ւմ է՝ Փարսյանը պատասխանեց. «Իրականում սահմանազատման աշխատանքներ չեն իրականացվում՝ նշանների տեղադրումով եւ այլն: Ավելի շատ ադրբեջանցիների եւ ռուսների մասնակցությամբ գիտե՞ք ինչ գործընթաց է՝ դիրքերի տեղորոշման; Օրինակ, երեկ ադրբեջանցիների կողմից մի խումբ մոտիկացավ մեր սահմաններին՝ բանակցելու մեր պաշտպանության նախարարության ծառայողների հետ: Մեր կողմից բանագնաց էր գեներալ Քոչարյանը: Ի՞նչ են առաջարկում ադրբեջանցիները՝ այն հատվածներում, որտեղ մենք դիրքավորված ենք սահմաններին, հետ քաշվենք սահմաններից, ապահովել անվտանգության գոտի դիրքերի միջեւ, մի 150-200 մետր մենք հետ քաշվենք, մի այդքան էլ իրենք հետ քաշվեն, որպեսզի մեր զինվորներն իրար հետ շփում չունենան եւ դրանից նոր կոնֆլիկտեր առաջանան: Բայց մեր ՊՆ-ի կողմից առաջարկություն հնչեց, որ եթե այդպես է, բերեք համակարգային մոտեցում անենք, այսինքն՝ ամբողջ սահմանագծի երկարությամբ, որովհետեւ հատվածներ կան, որ հենց իրենք են եկել սահմանի վրա դիրքավորվել»:
Կապանի քաղաքապետն ասաց, որ հիմա սահմանների վրա լուրջ աշխատանքներ չեն իրականացնում, որ «անակնկալներ» չունենան, ինչպես նախկինում, այսինքն, չգան ասեն՝ պետք է հետ քաշվեք:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































