Գևորգ Կոստանյանը ծնվել է 1996 թվականի հուլիսի 2-ին, Վայք քաղաքում։
Ընտանիքում մեկ քույր ու եղբայր են եղել։ Գևորգը մեկ տարեկան էր, երբ հայրը լքեց։ Երկու զավակին մայրն է պահել։ Ինքը փոքրուց շատ խելացի ու օրինակելի էր։
«Սիրտն էլ ուզեիր` կտար։ Մենակ լավություն աներ։ Շատ խղճով էր» ,-ասում են ճանաչողները։
2011-ին գնացել էր Ռուսաստան, բայց 2015-ին վերադարձավ ու զորակոչվեց բանակ։ Գևորգը մասնակցեց Ապրիլյան պատերազմին, Մարտակերտում էր ծառայում։ Զորացրվելուց հետո ծառայության է անցնում Վայքի զորամասում` որպես պայմանագրային զինծառայող։
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 27-ին, պատերազմն սկսելու օրվանից գտնվել է Վայոց ձորի սահմանային դիրքերում։ Հոկտեմբերի 9-ին հրաման ստանալով` տեղափոխվում են Արցախ՝ Ջաբրայիլ։


Մինչև Արցախ գնալը, երբ դեռ Վայքի դիրքերում էր, ամեն անգամ զանգելու ժամանակ ասում էր, որ իրենց անիմաստ պահում են այնտեղ, ինքն ուզում է կռիվ գնա։
Որ հասել են Արցախ, մեքենայից թռնելուց` ընկերներից մեկն ընկնում ու սկսում է վատ զգալ, Գեւորգն իջնում և օգնում է, իր տաք գլխարկը հագցնում է ընկերոջն ու ասում. «Ախպերս, բոլորս էլ հետ ենք գնալու, չվախենաս»։
Այդ պահից հետո բաժանվում են` գնում տարբեր ուղղություններով ու էլ իրար չեն տեսնում։
Անցած տարի Նոր տարուն դիրքերում էր, այս անգամ Նոր տարուն տանը պիտի լիներ։ Տատիկին ասել էր. «Ջա՜ն, տատի, էս տարի տանն եմ լինելու… էն ի՜նչ Նոր տարի եմ անելու»:
«Մաքրասեր էր։ Տղաները պատմում են, որ Ապրիլյանի օրերին առաջին գծում կռվելուց էլ իր սապոգները պիտի փայլեին» ,-պատմում է քույրը։
Նրա մասին միայն լավն են պատմում։ Այս հերոս տղան Հայրենիքի համար իր կյանքը տվեց, որովհետև շատ էր սիրում։
Սիրած աղջիկ ուներ։ Ասում էր` պատերազմը վերջանա` լուրջ քայլեր կանի։
Հոկտեմբերի 10-ին անօդաչու թռչող սարքի հարվածից «Ուրալ» մակնիշի մեքենան պայթում է, որի մեջ էր Գևորգը։ Տղաներից մի քանիսը փրկվում են, իսկ մնացածը… ավաղ։
Մարմինն անճանաչելի էր դարձել, ԴՆԹ-ի միջոցով նոյեմբերի 9-ին գտնում են ու հողին հանձնում։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ


















































