Լրահոս
Օրվա լրահոսը

Նա ամբողջովին քոնն է, Հայրենիք…

Հունվար 02,2021 18:42

Գևորգ Կոստանյանը ծնվել է 1996 թվականի հուլիսի 2-ին, Վայք քաղաքում։

Ընտանիքում մեկ քույր ու եղբայր են եղել։ Գևորգը մեկ տարեկան էր, երբ հայրը լքեց։ Երկու զավակին մայրն է պահել։ Ինքը փոքրուց շատ խելացի ու օրինակելի էր։

«Սիրտն էլ ուզեիր` կտար։ Մենակ լավություն աներ։ Շատ խղճով էր» ,-ասում են ճանաչողները։

2011-ին գնացել էր Ռուսաստան, բայց 2015-ին վերադարձավ ու զորակոչվեց բանակ։ Գևորգը մասնակցեց Ապրիլյան պատերազմին, Մարտակերտում էր ծառայում։ Զորացրվելուց հետո ծառայության է անցնում Վայքի զորամասում` որպես պայմանագրային զինծառայող։

Սեպտեմբերի 27-ին, պատերազմն սկսելու օրվանից գտնվել է Վայոց ձորի սահմանային դիրքերում։ Հոկտեմբերի 9-ին հրաման ստանալով` տեղափոխվում են Արցախ՝ Ջաբրայիլ։

«Վերջին անգամ հոկտեմբերի 9-ին եկավ մեր տուն` գնալուց առաջ։ Նստեց, սուրճ դրեցի` խմեց։ 2 ամիս առաջ ավտո էր առել, բայց դեռ չէր գրանցել իր անունով, սուրճ խմելու ընթացքում մեքենայի տիրոջ բոլոր տվյալները տվեց ամուսնուս, թե բա՝ կզանգես էդ տղային ու ավտոն կգրանցես քո անունով։ Ամուսինս ասեց` այ ախպեր, կգաս, դու էլ քո ավտոն կգրանցես քո անունով։ Ասեց` չէ՛, ախպերս, ես եմ` կարող ա հետ չգամ։ Սուրճը խմեց, վերջացրեց, եկավ հաջող անելու ժամանակը։ Գրկեց ինձ, ասեց` քուրի՛կ, պրծեք տղա բերեք։ Երկու աղջիկ ունեմ։ Ասաց ու գնաց։ Գնացել էր մամայիս, տատիկներիս ու պապիկիս էլ հաջող էր արել ու գնացել» ,-արցունքն աչքերին, ցավով ու այդ օրերի դեպքերը հաջորդականությամբ վերհիշում է Գեւորգի քույրը` Մագան։

Մինչև Արցախ գնալը, երբ դեռ Վայքի դիրքերում էր, ամեն անգամ զանգելու ժամանակ ասում էր, որ իրենց անիմաստ պահում են այնտեղ, ինքն ուզում է կռիվ գնա։

Որ հասել են Արցախ, մեքենայից թռնելուց` ընկերներից մեկն ընկնում ու սկսում է վատ զգալ, Գեւորգն իջնում և օգնում է, իր տաք գլխարկը հագցնում է ընկերոջն ու ասում. «Ախպերս, բոլորս էլ հետ ենք գնալու, չվախենաս»։

Այդ պահից հետո բաժանվում են` գնում տարբեր ուղղություններով ու էլ իրար չեն տեսնում։

Անցած տարի Նոր տարուն դիրքերում էր, այս անգամ Նոր տարուն տանը պիտի լիներ։ Տատիկին ասել էր. «Ջա՜ն, տատի, էս տարի տանն եմ լինելու… էն ի՜նչ Նոր տարի եմ անելու»:

«Մաքրասեր էր։ Տղաները պատմում են, որ Ապրիլյանի օրերին առաջին գծում կռվելուց էլ իր սապոգները պիտի փայլեին» ,-պատմում է քույրը։

Նրա մասին միայն լավն են պատմում։ Այս հերոս տղան Հայրենիքի համար իր կյանքը տվեց, որովհետև շատ էր սիրում։
Սիրած աղջիկ ուներ։ Ասում էր` պատերազմը վերջանա` լուրջ քայլեր կանի։

Հոկտեմբերի 10-ին անօդաչու թռչող սարքի հարվածից «Ուրալ» մակնիշի մեքենան պայթում է, որի մեջ էր Գևորգը։ Տղաներից մի քանիսը փրկվում են, իսկ մնացածը… ավաղ։

Մարմինն անճանաչելի էր դարձել, ԴՆԹ-ի միջոցով նոյեմբերի 9-ին գտնում են ու հողին հանձնում։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031