Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի բակում Սուրբ Ծննդյան օրը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կամերային կազմը (դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան), Արցախի պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Նինա Գրիգորյան), սոպրանո Սիրանուշ Գասպարյանը հոգևոր համերգ ներկայացրին։ Համերգը կազմակերպել էր «Երազանք» զարգացման հիմնադրամը՝ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի և Ստեփանակերտի քաղաքապետարանի մասնակցությամբ։


Նշենք, որ համերգային ծրագրում հնչեցին Բարսեղ Կանաչյանի, Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Յոհան Սեբաստիան Բախի և այլ հեղինակների ստեղծագործություններից։
Կարդացեք նաև
«Երազանք» զարգացման հիմնադրամի համահիմնադիր Սևան Ասլանյանը նկատեց, որ շատ երկար են մտածել, թե ինչ ձևաչափով միջոցառում կազմակերպեն։ Այդ ճանապարհին հիմնադրամի ներկայացուցիչները խորհրդակցել են Պարգև սրբազանի, Ստեփանակերտի քաղաքապետի, հասարակական դաշտում գործունեություն ծավալող ընկերների հետ և շնորհիվ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ու Արցախի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավարների՝ կարողացել են հոգևոր խորհուրդ պարունակող այս միջոցառումը կյանքի կոչել։ Նկատենք, որ սա նորաստեղծ հիմնադրամի առաջին միջոցառումն էր։ Սևան Ասլանյանը նշեց, որ շատերի հետ միասին պատերազմի առաջին օրից ջանք չեն խնայել Արցախին որևէ կերպ օգտակար լինելու համար: Բազմաթիվ նախաձեռնությունների իրականացման ընթացքում ծանոթացել են մեծաթիվ հայրենասեր մարդկանց հետ, իսկ պատերազմի ավարտին եկել են այն եզրահանգման, որ անելիքը ոչ թե նվազեց, այլ ավելացավ: Ուստի որոշել են մեկտեղել ներուժը հստակ ծրագրերի ներքո` ստեղծելով Արցախի զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնող «Երազանք» զարգացման հիմնադրամը:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հաղորդագրություն


















































