Պատերազմում վիրավորում ստացած զինծառայողները եւ քաղաքացիական անձինք աջակցող սարքեր, մասնավորապես՝ սայլակ, քայլակ ստանալու համար այսուհետ չեն սպասի մինչեւ ստանան հաշմանդամության կարգ: Այսօր կառավարությունը բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգում փոփոխություն կատարեց:

«Վիրավորում ստացած զինծառայողները եւ քաղաքացիական անձինք աջակցող սարքեր՝ սայլակ, քայլակ ստանալու համար պետք է ունենան հաշմանդամության խումբ, որից հետո ստանան: Հաշվի առնելով այն փաստը, որ գործող կարգավորումներով հաշմանդամության խումբ ստանալը որոշակի բժշկական գործընթացից հետո է տեղի ունենում, մասնավորապես՝ բուժումն ավարտելուց հետո երեք ամիս ժամկետով, սակայն որոշ դեպքերում հենց բուժման ընթացքում սայլակներ ու քայլակների անհրաժեշտություն կա, առաջարկվող փոփոխությունը հնարավորություն է տալիս կարիքների գնահատման միջոցով, առանց հաշմանդամության կարգի տրամադրման գործընթացն ավարտելու, անմիջապես տրամադրել այդ սարքերը: Այս գործընթացն իր մեջ ներառում է առանց բժշկասոցիալական փորձաքննության կենտրոններ այցելելու այդ միջոցները ստանալ»:
Ըստ Մեսրոպ Առաքելյանի, այդ գործընթացը կիրականացվի կամ բուժծառայությունում կամ բնակության վայրում՝ դիմողի դիմումի հիման վրա, որից հետո, հինգ օրվա ընթացքում տեղի է կունենա կարիքների գնահատում եւ կիրականացվի աջակցող սարքերի տրամադրում: Նախարարն ասաց, որ իրենց բազայում էլ կան այդ սայլակների, քայլակների կարիք ունեցողների տվյալները եւ նախարարությունն ինքն էլ առանց շահառուի դիմելու կապ է հաստատում կարիքավորների հետ եւ կատարում այցելություններ:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

















































