Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ․ Ներկա քաղաքական իշխանություններն անդրկուլիսյան բանակցություններ են ունենում քաղաքական ուժերի հետ․ «Հայկական ժամանակ»

Հունվար 16,2021 10:34

Իմ կանխազգացումն ինձ թելադրում է, որ ներկա քաղաքական իշխանությունները ամեն դեպքում անդրկուլիսյան բանակցություններ ունենում են քաղաքական ուժերի եւ հատկապես խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ:

ՀԺ-ի հետ զրույցում խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ համաձայնության գալու հնարավորության մասին՝ նման տեսակետ հայտնեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքագետ Գարիկ Քեռյանը:

-Պարոն Քեռյան, դեկտեմբերից հայտարարվել են արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ խորհրդակցություններ: Վարչապետն արդեն մի շարք կուսակցությունների ներկայացուցիչների հետ է հանդիպել: Ի՞նչ եք կարծում, ինչի՞ կհանգեն այս խորհրդակցությունները:

-Ճիշտն ասած անդրկուլիսյան բանակցություններում ինչ են խոսում՝ մեզ համար շատ դժվար է իմանալ, որովհետեւ թեեւ ես ինֆորմացիա չունեմ, բայց իմ կանխազգացումն ինձ թելադրում է, որ ներկա քաղաքական իշխանությունները ամեն դեպքում անդրկուլիսյան բանակցություններ ունենում են: Նման բանակցություններ հատկապես հնարավոր են խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ, որովհետեւ նոր խորհրդարանական ընտրությունների անցկացումը կախված է այն բանից, որ վարչապետի հրաժարականից հետո խորհրդարանը երկու անգամ վարչապետ չընտրի:

Իսկ այս դեպքում արտախորհրդարանական կուսակցությունները որեւիցե լծակ չունեն այդ գործընթացի վրա ներազդելու համար, բայց խորհրդարանական ուժերը կարող են անակնկալ մատուցել: Անակնկալ կարող է լինել այն, որ 2 ընդդիմադիր ուժերը որեւէ ընդհանուր թեկնածու որոշեն եւ իրենց կողմը ներգրավելով նաեւ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների՝ ընտրեն վարչապետ: Այ սա կլինի անակընկալ, որովհետեւ այդ դեպքում արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի չեն ունենա:

Իսկ եթե անդրկուլիսյան բանակցությունները եւ այս սցենարը մենք բացառենք, ապա պետք է հստակ խոստովանել, որ գոյություն ունի երկու քաղաքական գիծ, երկու քաղաքական կուրսի շուրջ համախմբում: Առաջին քաղաքական կուրսը դա այն 17 թե 16 ուժի ֆորմատն է, որը պահանջում է վարչապետի հրաժարական, ժամանակավոր կառավարություն, հետո արտահերթ ընտրություններ: 2-րդ քաղաքական գիծը պարզապես առաջարկում է քաղաքական կոնսուլտացիաներ քաղաքական ուժերի միջեւ, եւ համատեղ ուժերով նոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստում:

Առաջին գծի կողմնակիցները փորձում էին իշխանափոխության հասնել ասենք հանրահավաքային ճնշման միջոցով, դրսից ճնշման միջոցով, որը եւս հնարավոր էր, պարզապես հիշեցնում էր 2018-ի սցենարը, երբ Նիկոլ Փաշինյանը հասավ այն բանին, որ փողոցային ճնշմամբ դարձավ վարչապետ: Բայց ինչպես գիտենք, պատմության մեջ մի բանը երկու անգամ չի կրկնվում, մի անգամ լինում է, երկրորդ անգամ ֆարս տարբերակն է լինում:

-Այսինքն կարելի՞ է տապալված համարել ճնշմամբ վարչապետի հրաժարականին հասնելու այդ նպատակը: Բայց Վազգեն Մանուկյանն երեկվանից մարզերում հանդիպումներ է նախաձեռնել քաղաքացիների հետ:

-Ես չեմ կարող այս սցենարը տապալված համարել, որովհետեւ քաղաքական ուժերը թեեւ հաջողության չեն հասել հանրահավաքային շարժման միջոցով, բայց չեն հայտարարել պայքարը դադարեցնելու մասին: Ես տեղյակ չեմ, որ Վազգեն Մանուկյանը սկսել է հանդիպումներ: Դա կարող է նոր մեթոդոլոգիա մտցնել պայքարի մեջ, բայց չեմ կարծում իրավիճակը դրանից կարող է փոխվել, որովհետեւ մարզի բնակիչները որեւէ ազդեցություն չեն կարող ունենալ վարչապետի ընտրության վրա: Վարչապետի ընտրությունը կախված է պառլամենտական քաղաքական ուժերի, հատկապես խորհրդարանական մեծամասնության կամքից, ինչպես եղավ 2018-ի մայիսին:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031