Նոյեմբերի 29-ին կայանալիք Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 3 քաղաքական ուժ՝ «Ապրելու երկիր», «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները։ Նոյեմբերյան համայնքի ավագանին 27 անդամ է ունենալու։
«Ապրելու երկրի» 43 հոգանոց ընտրացուցակը գլխավորում է Նոյեմբերյանի համայնքի ղեկավար, 53-ամյա Արսեն Աղաբաբյանը։ Նրան հաջորդում է անհատ ձեռնարկատեր, անկուսակցական, 54-ամյա Քաջիկ Անանյանը, իսկ առաջին եռյակը եզրափակում է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի բժիշկ-գինեկոլոգ, 48-ամյա Սիլվա Նորբեկյանը։ Վերջինս, ինչպես նաեւ Նոյեմբերյանի համայնքապետը «Ապրելու երկիր» կուսակցության անդամ են։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրողին ներկայացրել է 51 թեկնածուով։ Ընտրացուցակը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Տրանսգազ» ՍՊԸ-ի Դիլիջանի ԳՇՄ պետ, 47-ամյա Մխիթար Խաչիկյանը։ Երկրորդ հորիզոնականում Տավուշի մարզպետի տեղակալի օգնական, 54-ամյա Արարատ Թամրազյանն է։ Երկու թեկնածուներն էլ ՔՊ-ական են։ Երրորդ հորիզոնականում անկուսակցական, 51-ամյա Շուշան Հարությունյանն է։
«Լուսավոր Հայաստանի» ընտրացուցակում 10 թեկնածու է ընդգրկված։ Առաջին հորիզոնականում «Անփորձանք» ՍՊԸ տնօրեն, 39-ամյա Նարեկ Սիրադեղյանն է, որին հաջորդում է «Անփորձանք» ՍՊ ընկերության հսկիչ-օպերատոր 37-ամյա Հակոբ Պռազյանը։ Սիրադեղյանն ու Պռազյանը ԼՀԿ անդամ են։ «Նոյեմբերյան Վեստա» ֆուտբոլային ակումբի մեդիա եւ հաղորդակցության պատասխանատու 31-ամյա անկուսակցական Սվետլանա Նասիբյանը եզրափակում է «Լուսավոր Հայաստանի» եռյակը։
Կարդացեք նաև
Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքում եւս 3 ուժ է պայքարելու ավագանու 27 մանդատի համար։ «Վստահություն» դաշինքի մեջ Ռամկավար-Ազատական ու «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցություններն են։ 56 հոգանոց ընտրացուցակը գլխավորում է Սեւան համայնքի ղեկավար, 42-ամյա անկուսակցական Սարգիս Մուրադյանը։ Նրան հաջորդում է համայնքի ղեկավարի 1-ին տեղակալ, անկուսակցական, 40-ամյա Արթուր Մարգարյանը։ Իսկ 3-րդ հորիզոնականում Սեւանի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար, 55-ամյա Արմենուհի Ղուկասյանն է։ Նա Ռամկավար Ազատական կուսակցության անդամ է։ Հետաքրքիր է, որ «Վստահության» ընտրացուցակի թեկնածուներից ոմանք «Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան» կուսակցության անդամներ են։ Հենց այս կուսակցության հետ էր 2021թ․ ՏԻՄ ընտրություններում Ռամկավար Ազատական կուսակցությունը կազմել «Սարգիս Մուրադյան» դաշինքը։
42 թեկնածուով իր նախընտրական ծրագրով Սեւան համայնքի բնակիչներին ներկայացրել է «Միասնական համայնք» կուսակցությունը։ Ընտրացուցակը գլխավորում է «ԲՈԲՔԵԹ» ՍՊԸ տնօրեն, 42-ամյա Վահրամ Գեւորգյանը։ Վերջինս «Միասնական համայնքի» անդամ է։ Երկրորդ ու երրորդ հորիզոնականներում գտնվող թեկնածուներն անկուսակցական են․ համապատասխանաբար 36-ամյա գործազուրկ Տարոն Հարությունյանն ու Երեւանի պետական համալսարանի ուսանող, 20-ամյա Նանա Քոչարյանը։
«Քաղաքացիական պայմանագրի» 39 հոգանոց ցուցակի առաջատարը Գեղարքունիքի մարզպետի օգնական, ՔՊ-ական, 35-ամյա Սուրեն Գրիգորյանն է։ Նրան հաջորդում են Սեւանի ՄՀԿ-ի բռնցքամարտի մարզիչ, 40-ամյա Գեւորգ Հովհաննիսյանն ու «My Yoga Centre»-ի մենեջեր, 46-ամյա Տաթեւիկ Սիմոնյանը։ Երկու թեկնածուներն էլ անկուսակցականներ են։
Հիշեցնենք, նոյեմբերի 29-ին ավագանու համամասնական ընտրակագրով ընտրություններ կլինեն Աշտարակ, Ապարան, Բաղրամյան, Մեծամոր, Սպիտակ, Ամասիա, Աշոցք, Կապան համայնքներում։ Իսկ մեծամասնական ընտրակարգով համայնքի ղեկավարի ու ավագանու ընտրություններ կլինեն Արագածոտնի մարզի Արեւուտ ու Մեծաձոր համայնքներում
Արմեն ԴԱՎԹՅԱՆ



















































