Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում ցրտահարությունից 70-ամյա միայնակ կին է մահացել․ մանրամասնում է Վահան Թումասյանը

Հունվար 19,2021 19:30

«Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը, որը տարիներ շարունակ սոցիալական ծրագրեր է իրականացնում, վառելափայտ բաժանում կարիքավոր ընտանիքներին, իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով միայնակ տարեց մի կնոջ մահվան մասին։

«Ցրտահարությունից մահացության դեպք, այնուամենայնիվ, գրանցվեց Գյումրում:

Այսօր գրանցվել է ցրտահարությունից մահացության, առնվազն ինձ հայտնի առաջին դեպքը: Միայնակ բնակվող, տնակի հասցեով հաշվառում ունեցող 70 ամյա տարեց կին՝ Շ. Գ.-ն:

Անկեղծ ասած, ես սկզբունք էի դրել, որ ամեն ինչ անելու էինք, որպեսզի ցրտահարության դեպքեր այս տարի ևս չգրանցվեն Գյումրիում, բայց ավաղ…

Մանրանասները ներկայումս ճշտում ենք, պարզապես նրա հաշվառման հասցեով ոչ մեկը մեզ վառելափայտ ստանալու խնդրանքով չի դիմել, չուներ նաև իր անունով էլեկտրաէներգիայի սպառողի կոդ։ Հնարավոր է փաստացի չի բնակվել այն հասցեում, որտեղ հաշվառված է եղել:

Ինչևիցե, տարեց կնոջը Գյումրու քաղաքապետարանի կողմից այսօր հուղարկավորեցին «Շիրակ» գերեզմանոցի այն վայրում, որը հատուկ նախատեսված է անօթևան և խնամքից դուրս մնացած հանգուցյալների համար»:

Aravot.am-ի հետ զրույցում Վահան Թումասյանն ասաց, որ կինը բնակվում է տնակում՝ «Ձորի մայլա» կոչվող թաղում, բայց իր հաշվառումը Մանուշյան փողոցում է։ Ու այն տնակը, որտեղ նա հաշվառված է, գոյություն չունի։ Վահան Թումասյանը պատմեց, որ նրան տնակում՝ ցրտահարված վիճակում, հայտնաբերել են մի քանի օր առաջ, տեղափոխել են հիվանդանոց, ու մահացել է այնտեղ։ Ի դեպ, կինը խնամակալ է ունեցել։

Նա ենթադրում է, որ սովը ևս նպաստել է կնոջ ուշաթափմանն ու մահվանը։

«Ինձ համար էական է ճշտելը, թե արդյոք կինը դիմե՞լ է մեր կազմակերպություն։ 3 օր էլ՝ ես մանրամասներ եմ ճշտում, ընդհուպ այսօր հուղարկավորությանն եմ մասնակցել քաղաքապետարանից 2-3 հոգու հետ»,- ասաց Վահան Թումասյանը։

Վահան Թումասյանն ասաց, որ իր համար այս հարցն անչափ կարևոր է․ ինքն ամեն ինչ անում էր, որ ոչ մեկը ցրտից չմահանար։ Ըստ նրա, թեև իր կառույցը որևէ պարտավորություն չունի քաղաքացիներին վառելափայտով ապահովելու, այդուհանդերձ սիրով օգնում է։

Նա ասաց, որ այս 2-3 օրը դժվարություններ կան վառելափայտը տեղ հասցնելու, այդուհանդերձ մինչև ցրտերի սաստկանալը, կկարողանա կարիքավոր մարդկանց ապահովելու։

Վահան Թումասյանը փաստեց, որ վառելափայտ խնդրողների թիվն ավելացել է․ միջին խավը ևս սկսել է իրեն դիմել այս հարցով։ «Նախորդ տարիներին, երբ բնակչության 30-40 տոկոսը իրենք իրենց միջոցներով էին պատրաստվում ձմռանը, մենք ավելի շատ ազատ ժամանակ էինք ունենում խոցելի թիրախներին վառելափայտով ապահովելու, գիտեինք, որ եթե չտանեինք, կցրտահարվեին։ Հիմա պահանջողները շատացել են։ Ու գիտե՞ք ինչն է աբսուրդ, նախորդ տարիների հետ համեմատ՝ ավելի շատ վառելափայտ ենք բաժանել, բայց ցրտահարությունից մահվան դեպք գրանցվեց։

Երբ մեզ ահազանգել են, թե, ասենք, տարեց մարդիկ են, ցրտահարության շեմին են՝ արագ վառելիք ենք հասցրել, վառարան ենք տարել ու խնդիրը լուծել ենք։ Հիմա ինձ համար մեծ ցավ է այս դեպքը։

Քանի որ այն տնակը չկա, որտեղ ինքը հաշվառված է, գոյություն չունի, ինքն այլ տեղ է ապրել, ես չեմ կարող գտնել՝ ինչ-որ մեկը եկե՞լ, իր փոխարեն վառելափայտ տարե՞լ է, չի՞ տարել, միգուցե տարել են, բայց ոչ այդ կնոջ անունով, իր անունը չեմ գտնում։

Ես օրերով, ամիսներով եմ զգուշացրել, որ սխալ է նման հարցերը թողնել մի կազմակերպության ուսերին, նաև պետական օգնություն է պետք»,-ասաց Վահան Թումասյանը։

Լուսանկարը՝ Վահան Թումասյանի

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031