Հունվարի 20-ի առավոտից ձյուն է տեղում նաեւ Մեղրիում։ Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 19-ին հանրապետության ողջ տարածքում ձյուն էր տեղում, բացառությամբ Մեղրու տարածաշրջանի, որտեղ գրանցվել էր 2 աստիճան տաքություն։ Ի տարբերություն ցածրադիր գոտու, Մեղրու բարձրադիր գոտիներում երեկվանից է ձյուն տեղում։
Մեղրի–Երեւան միջպետական ավտոճանապարհը, չնայած Մեղրու ճանշին ընկերության աշխատակիցները մաքրում են, այնուամենայնիվ մերկասառույց եւ դժվարանցանելի հատվածներ կան։
Մեղրու ճանշին ընկերության կողմից սպասարկող եւ շահագործվող ճանապարհի տարբեր հատվածներում շուրջօրյա հերթապահություն է իրականացվում, անհրաժեշտ տեխնիկա է տեղադրվել Մեղրու լեռնանցքում: Ճանապարհաշինարարները ավազ ու աղ էին ցանում Կապան–Քաջարան ճանապարհին, սակայն երեկ մերկասառույցի հետեւանքով իրանական բեռնատար էր կողաշրջվել։
Սյունիքի մարզպետարանից Aravot.am-ին տեղեկացրին, որ մարզային ենթակայության ճանապարհների պահպանման, շահագործման եւ ձմեռային պահպանության համար 2021թվականի բյուջեով նախատեսված է 202 մլն 821 հազար դրամ։ Սյունիքի մարզով անցնող միջպետական (պահպանման, շահագործման եւ ձմեռային պահպանության աշխատանքների պատվիրատուն ՀՀ ՏԿԵԶ նախարարությունն է) եւ մարզային ենթակայության ճանապարհների շահագործումը իրականացնում են չորս՝ «Կապանի ՃՇՇ», «Մեղրի ՃՇՇՁ», Գորիսի «Ոսպար», «Սիսիանի ԲՈՒԱՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: