«Վերջերս հանգամանքների բերումով՝ կորոնավիրուս եւ պատերազմ, ֆիզիկայի ինստիտուտը հանդես եկավ հիմնականում ոչ գիտական նախաձեռնություններով: Այսօր սակայն կկենտրոնանանք գիտական նոր նախագծերի վրա»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամի գիտական քարտուղար Արփինե Փիլոյանը:
«Ֆիզիկայի ինստիտուտը հին ժամանակներից ուներ անհրաժեշտ մի սարք, որին այդքան կարեւորություն չէինք տալիս, դա կրիոգեն կայանն էր, ինչն արագացուցիչի սառեցման համար էր, բայց երբ կորոնավիրուսը սկսվեց, այդ կայանը կյանքեր փրկեց: Կայանը գտնվում էր օրհասական վիճակում: Այդ խնդիրը տնօրեն Անի Ապրահամյանի եւ Ամերիկայի բժիշկների միջազգային կոմիտեի ջանքերով կարողացել ենք հասցնել Ամերիկայի բժշկական հանրությանը եւ ամերիկահայ բժշկական ասոցիացիային, որոնց նվիրաբերություններով արդիականացման համար գումար է հայթայթվել:


Կարդացեք նաև
Գեւորգ Քառյանը հիշեցրեց, որ դեռևս անցյալ դարի կեսերին Ալիխանյանն իր գիտախմբերով գիտական արշավներ էր կազմակերպում Արագած լեռ՝ ուսումնասիրելու տիեզերական ճառագայթները: Նրա խոսքով, 60-ականներին Երեւանի ֆիզիկայի ինստիտուտում ստեղծվեց իր տեսակի մեջ եզակի գիտական մի սարք՝ էլեկտրոնային սինխրոտրոնը, որը մեծ թափ հաղորդեց հատկապես բարձր էներգիաների տեսական եւ փորձարարական բնագավառներում գիտական դպրոցի ձեւավորմանն ու ամրապնդմանը: «Առաջացան նաեւ հարակից ուղղություններ, մասնավորապես վերջին շրջանում նախատեսվում էր իրականացնել ծրագրեր՝ միջուկային ֆիզիկայի, ռադիոակտիվ իզոտոպների արտադրության բնագավառներում՝ օգտագործելով պրոտոնային փունջը, սակայն հիմնական դերը գիտական դպրոցի ձեւավորման, էլեկտրոնային սինխրոտրոնն էր, որի՝ մոտ երեք տասնամյակ աշխատանքից հետո մենք ունեցանք այնպիսի մասնագետներ, գիտական խմբեր, որոնք 90-ականներից սկսած՝ կարողացան արագորեն ինտեգրվել միջազգային համանման գիտափորձերի»,-հայտնեց Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գիտության գծով փոխտնօրենը:
Նրա ձեւակերպմամբ, առանց այս դպրոցի, հնարավոր չէր լինի իրականացնել միջազգային բարձր կարգի հետազոտություններ՝ այնպիսի առաջատար կենտրոններում, ինչպիսիք են Եվրոպական միջուկային հետազոտությունների կենտրոնը, Ջեֆերսոնի անվան ազգային լաբորատորիան, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը՝ Դուբնայում եւ այլն:
«Վերջերս արդեն մեզ հաջողվել է նոր ծրագրերի մասնակցել նաեւ ճապոնական Ցուկուբա գիտական քաղաքում՝ ներգրավելով խոշոր գիտական պրոյեկտի մեջ, իսկ անցած տարեվերջին՝ ներգրավել ամերիկյան խոշոր ծրագրերից մեկում՝ էլեկտրոն-իոնային կոլայդերում: Միջազգային համագործակցությունները մեզ տալիս են հնարավորություն հաղորդակիցը լինելու առաջատար տեխնոլոգիաների: Սա նաեւ հնարավորություն է նոր մասնագետներ, հատկապես երիտասարդ կադրեր պատրաստելու, նաեւ համագործակցությունը միջազգային առաջատար կենտրոնների հետ թույլ է տալիս կտրուկ բարելավել երիտասարդ գիտաշխատողների մասնագիտական որակները»,-հավելեց նա: Նաեւ նշեց, որ նման խոշոր ծրագրեր նույնիսկ առաջատար երկրները ինքնուրույն չեն իրականացնում, եւ հենց կոլաբորատիվ աշխատանքն է, որ կարեւորվում է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































