Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա հիմա կրթության կամ մշակույթի վա՞խտն է»

Օգոստոս 10,2021 16:15

Սա Հայաստանի բոլոր իշխանությունների դիտանկյունն է: Ժամանակն է այն փոխելու

Անկախ Հայաստանի 30 տարվա ընթացքում ոչ մի իշխանության մտքով չանցավ կապել երկրի անվտանգությունը մեր կրթության, գիտության, մշակույթի զարգացման աստիճանի հետ: Հիմա էլ, երբ խոսվում է գիտություն-անվտանգություն կապի մասին, մեր մտավոր հայացքի առջեւ անմիջապես հառնում են նախեւառաջ անօդաչու թռչող սարքերը եւ դրանց «հակամիջոցները»: Ինչ խոսք, մեր անվտանգության համար կարեւորագույն խնդիր է: Բայց արդյոք մենք չափից դուրս նեղ չե՞նք նայում հարցին: Կարո՞ղ ենք մենք արդյոք հետաքրքիր լինել աշխարհին, ի ցույց դնել մեր յուրահատկությունը միայն «դրոնների» միջոցով: Իսկ եթե Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում (այդպես է հիմա կոչվում Ֆիզիկայի ինստիտուտը) լուրջ, համաշխարհային նշանակության հետազոտություն անցկացվի, որին կմասնակցեն արտասահմանցի հայտնի գիտնականները, դա չի՞ ամրապնդի մեր անվտանգությունը: Իսկ եթե Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը» կատարվի Նյու-Յորքի «Քարնեգի հոլում»…

Ինչո՞ւ էր աշխարհն այդքան անտարբեր, երբ Ադրբեջանն ու Թուրքիան հարձակվեցին Արցախի վրա: Իհարկե, կարելի է բազմաթիվ պատճառներ բերել, այդ թվում, իհարկե, մեր դիվանագիտության, արտաքին քաղաքականության թուլությունը. Աշխարհը վստահ է, որ Ադրբեջանն իրավունք ուներ ռազմական ուժ կիրառել եւ «ազատագրել իր» տարածքները. 26 տարի Ադրբեջանը մեծագույն ջանքեր է թափել այդ ուղղությամբ՝ մեր, մեղմ ասած, անբավարար հակառակ ջանքերի ֆոնի վրա: Բայց կա, իմ կարծիքով, ավելի խորը, ավելի հիմնարար պատճառ, որը պետք է անկեղծորեն խոստովանենք. մեր պետությունը (ոչ թե մեկ տարածքը՝ որպես «ֆորպոստ») ոչ մեկի համար հետաքրքրություն չի ներկայացնում:

Ավելին՝ ես կասկածում եմ՝ արդյոք մեր պետությունը հետաքրքրի՞ր է մեր քաղաքացիների համար: Դրեք ձեզ մի արտասահմանցու տեղ, որն, ընդհանուր առմամբ, համակրանքով է վերաբերվում մեր երկրին, անկեղծորեն ցանկանում է դիտարկել հայաստանյան իրողությունները. դուք կարո՞ղ եք ասել, որ Հայաստանում ապրում են հպարտ (իրականում հպարտ), հայրենասեր, պետական ինստիտուտները հարգող մարդիկ, որոնք ցավում են վերջին կորուստների կապակցությամբ: Ինչի՞ց պետք է երեւա, որ դա այդպես է: Կենացների՞ց, խորհրդարանական ճառերի՞ց, «ի՞նչ է լինելու էս երկրի վերջը» բովանդակազուրկ հարցի՞ց:  Ինձ թվում է. ոչ: Դա պետք է երեւա տնտեսության, մշակույթի, գիտության եւ կրթության մակարդակից: Այդ ենթադրյալ դիտորդը գուցե հարցնի, թե որքան է Հայաստանում ստանում ուսուցիչը, իսկ որքան ոստիկանը, եւ իր հետեւություններն անի: Այդ դիտորդին գուցե մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 27-ը մենք կարող էինք ասել, որ մեր պետություն գոյության հիմնական իմաստը Արցախն անառիկ պահելն է: Բայց հիմա մենք դա էլ չենք կարող ասել:

Եկեք մի կողմ թողնենք ցասումն ու վրդովմունքը, ինչպես նաեւ անիմաստ ամպագոռգոռ ձեւակերպումները եւ 5 րոպե մտածենք այս հարցի շուրջ՝ ի՞նչի համար մենք` հայերս, պիտի պետություն ունենանք: Որպեսզի դրոշն ու օրհներգը շոյեն մեր ինքնասիրությո՞ւնը: Բայց այդպիսի խաղալիքներ կարելի է ունենալ առանց փաստացի պետություն ունենալու: Որպեսզի մարդիկ «լա՞վ ապրեն»: Բայց կարելի է «լավ ապրել» այլ պետության կազմում: Պատասխանը կարող է լինել մեկը. կան արժեքներ, որոնք հնարավոր է պահպանել միայն պետություն ունենալով: Որո՞նք են այդ արժեքները՝ պետք է մտածել 5 րոպեից ավելի: Բայց ակնհայտ է, որ այդ արժեքները ձեւավորվում են, պահպանվում են, տարածվում են երկրի ներսում եւ աշխարհով հենց այն ոլորտների միջոցով, որոնց հանդեպ վերջին 30 տարիների իշխանություններն ունեն սառը եւ վերապահ վերաբերմունք: Վերջին երեք տարվա իշխանությունների մոտ այդ վերաբերմունքը ավելի է խորացել գիտնականների, դասախոսների, արվեստագետների «անհավատարմության» պատճառով, որը, իշխանավորների կարծիքով, պետք է պատժվի: Այստեղից իշխանական շրջանակների կողմից տարածվող քարոզչական թեզը՝ «բոլոր դասախոսները կաշառակեր են», «բոլոր, այսպես կոչված, ինԾիլիգենտները ծառայում են նախորդ իշխանություններին»: Քանի որ դա ինձ համար հարազատ միջավայր է, կարող եմ վստահաբար ասել, որ դա լկտի սուտ է: Ես մարդկանց գիտեմ, որոնք 70-80 հազար դրամով դասավանդում են երաժշտական ուսումնարանում: Հավատացնում եմ ձեզ, որ նրանք ավելի բարեխիղճ են եւ գործին նվիրված, քան նրանց մասին ստեր տարածող պատգամավորներն ու նախարարները: Խնդրում եմ, հարգելի իշխանավորներ, պետության թշնամիներին այլ տեղերում փնտրեք:

…Կա  մի հայտնի արտահայտություն՝ «պատերազմում հաղթել են Պրուսիայի ուսուցիչները»: Ասույթը վերագրում են Օտտո ֆոն Բիսմարկին, բայց իրականում դա ասել է Բիսմարկի ժամանակակից, Լայպցիգի համալսարանի պրոֆեսոր, աշխարհագրագետ եւ մարդաբան Օսկար Պեշելը: Բայց անկախ նրանից, թե ով է դա ասել, ձեւակերպումը միանգամայն համապատասխանում է բարեփոխումների այն ուղղվածությունը, որով 19-րդ դարի կեսերից շարժվել է Պրուսիան՝ գերմանական պետականությունը վերականգնելու ուղղությամբ. բանակ-համալսարաններ-գիտություն-կրթություն անբաժանելի շղթա՝ ճանապարհ, որն օրինակելի է դարձել շատ պետությունների, այդ թվում՝ Ռուսաստանի համար: Մասնավորապես, Բիսմարկն առաջինն էր, որը պահանջում էր, որ ցանկացած սպա եւ միջինից բարձր պաշտոնյա ունենա լուրջ համալսարանական կրթություն (օրինակ, ավարտի Բեռլինի Հումբոլդ եղբայրների անվան համալսարանը, որը պատկերված է այս հոդվածի լուսանկարում), ոչ թե ունենա բուհն ավարտելու մասին թուղթ:

Երբ իշխանավորների առաջ դնում ես այդ բոլոր փաստերը, նրանց պատասխանը 30 տարվա ընթացքում հետեւյալն է. «Դե, սպասիր, ի՞նչ կրթություն, գիտություն, մշակույթ: Դրա վախտը չի»: Գուցե մի օր այդ սխալ դիտանկյունը փոխվի՞:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարում՝ Բեռլինի Հումբոլդ եղբայրների անվան համալսարանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031