«Ժամանակը չէ՛ հիմա, թողեք վերջացնեմ, աղոթքս»,- ահա այսպես այսօր Եռաբլուրում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հունից դուրս եկավ ու ձայնը բարձրացրեց, երբ լրագրողները փորձեցին մի քանի հարց ուղղել նրան: Հետո ներողություն հայցեց:
Նախորդ տարիներին Բանակի տոնին եւ առհասարակ, նման միջոցառումներին կաթողիկոսը Եռաբլուր էր գալիս երկրի վարչապետի հետ: Բայց այսօր նրանք առանձին-առանձին էին եկել:
Ավելի ուշ վեհափառը, երբ պատասխանեց մի քանի հարցի, նաեւ պարզաբանեց, թե ինչու է այդպես ստացվել. «Այսօր եղե՞լ են: Մենք տեղեկացված չենք եղել իշխանության ղեկավարների այցի մասին, բայց, կարծում եմ, ներկա կացության մեջ, ներկա իրավիճակում այս տարբերակը պատշաճ տարբերակ է, պատշաճ մոտեցում է»:
Կարդացեք նաև

Հարցին՝ շարունակո՞ւմ եք պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ Գարեգին Երկրորդը պատասխանեց. «Մեր համոզումներում, մեր դիրքորոշումներում որեւէ փոփոխություն չկա»:
Հարցին՝ արդյոք եկեղեցին չի՞ բռնում քաղաքական ուժերից մեկի կողմը եւ իրեն չի՞ դիրքավորում այլ հարթությունում, համախմբման փոխարեն պառակտող ինչ-որ քայլեր չի՞ ձեռնարկում՝ կաթողիկոսը պատասխանեց. «Եկեղեցին առաջնորդվում է ազգային եւ պետական շահերից: Եկեղեցու դիրքորոշումը, եթե համահունչ է այս կամ այն խմբակի, քաղաքական ուժի հայացքներին, դա չպետք է մեկնաբանվի որպես կողմնակցություն եկեղեցու՝ այս կամ այն քաղաքական կուսակցության: Եկեղեցին վերքաղաքական հաստատություն է, կառույց է»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ հետեւություն արեցիք, երբ ձեր հայտարարությունից հետո տասնյակ հազարավոր քաղաքացիներ դուրս չեկան փողոց ու չպահանջեցին օրվա իշխանության հրաժարականը՝ վեհափառը պատասխանեց. «Մենք որեւէ կերպով հորդոր եւ կոչ չենք ուղղել, որ ժողովուրդը դուրս գա փողոց եւ համապատասխան գործողություններ իրականացնի: Մենք հորդոր ենք ուղղել ՀՀ վարչապետին: Մեր հիմնավորումները առկա են մեր խոսքի տեքստում»:
Հարցին՝ Մարտի 1 եղավ, իշխանություններին քննադատում էին ընտրություններ կեղծելու մեջ, բայց չէինք լսում, որ եկեղեցին քննադատեր իշխանություններին հրապարակավ, ի՞նչ կարող եք ասել այս քննադատությանը՝ կաթողիկոսը պատասխանեց. «Եկեղեցին ինքն է որոշում, թե ինչպիսի պարագաներում, ինչպիսի իրավիճակներում իր ձայնը բարձրացնի, իր ձայնը հնչեցնի: Եկեղեցին նման իրավիճակներում փաստերին չի տիրապետում եւ գուշակություններով, կռահումներով եկեղեցին չի կարող անդրադարձներ ունենալ եւ խոսք հնչեցնել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































