Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայը իր հայացքը իր ներսը, իր հոգու խորքը պիտի ուղղի… »

Փետրվար 06,2021 12:30

Աստծո կամքով ու ճակատագրի բերումով մեզ՝ հայերիս տրվել է ավետյաց երկիր, սուրբ երկիր՝ բերրի հող, անսահման արեւ եւ լավագույն ջրերից մեկն աշխարհում: Երկիր, որտեղ աճող բերքն ու բարիքը անկրկնելի համ ու հոտ ունեն: Եվ ամենեւին էլ պատահական չէ, որ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ դրախտը գտնվել է հենց Հայաստանում: Այդ կապակցությամբ ամերիկացի նկարիչ եւ գրող Ռոքուել Քենթը ասել է. «…Եթե ինձ հարցնեին, թե որտեղ մեր մոլորակի վրա կարելի է հանդիպել ավելի շատ հրաշքների, ես ամենից առաջ Հայաստանի անունը կտայի…»:

Իսկ հայերն ունեն հատուկ ծագում՝ ազնվական արմատներ, տաղանդավոր են, աշխատասեր ու խիզախ: Պատահական չէ, որ անգլիացի պատմաբան Ֆինլեյն տասնիններորդ դարի վերջերին հայերի մասին ասել է. «Բյուզանդիայի մեջ հայ բառը հոմանիշ էր ազնվականության եւ քաջարիության …»:

Գերմանացի փիլիսոփա Իմանուիլ Կանտն էլ 18-րդ դարում «…Հայերի հատուկ տեսակի առեւտրային ոգու եւ բանիմաց, աշխատասեր ու հատուկ ծագման» մասին է գրել: Իսկ 1931թ. բրիտանացի պատմաբան, հնէաբան, արեւելագետ, լեգենդար հետախույզ Լոուրենս Արաբացին էլ այն կարծիքն է արտահայտել, որ «Հայերը ամենախելացի, ամենակատարյալ ընտրասերված, ամենաբարձր զարգացած ցեղն են աշխարհում… »:

Իռլանդական ազնվական տոհմից սերող անվանի հայագետ, աշխարհագետ, ճանապարհորդ, հասարակական-քաղաքական գործիչ Հենրի Լինչն էլ (1862-1913) գտնում էր, որ. «Բոլոր մասնագիտությունների, առեւտրի, արհեստների մեջ եւ պետական ծառայությունում հայերը մրցակիցներ չունեն…»:

Իսկ հայ զինվորի խիզախության մասին աշխարհը դեռ վաղուց է արտահայտվել: Դեռեւս 243 -273 թթ. Սասանյան Պարսկաստանի թագավոր, «արքայից արքա» Շապուհն է ասել. «Երանի նրան, ով հայոց գնդի տերն է. այդպիսի տիրասեր եւ միաբան ու միամիտք զորաց, որոնց գնդից ու նշաններից հուր ու բոց կելներ»:

Իսկ թուրք գեներալ Քյազիմ Կարա-Բեքիրը 20-րդ դարի սկզբին ասել է. «Ղարաքիլիսայի տակ մարտերը ժամանակակից պատմության եզակի մարտերից է: Հայերը ապացուցեցին, որ լավագույն զինվորներն են»: 90-ական թվականների սկզբին էլ չեչեն գրոհայինների առաջնորդ Շամիլ Բասաեւը, ով Ադրբեջանի իշխանությունների կողմից հրավիրվել է Ադրբեջան՝ մասնակցելու հայերի դեմ պատերազմին, ասել է. «Ղարաբաղում նպատակահարմար չէ կռվել. հայերին հաղթել չի լինի»:

Մենք նաեւ տաղանդավոր զորավարներ ենք տվել՝ 4 մարշալ եւ բազմաթիվ գեներալներ: Եվ անհասկանալիորեն այս հրաշքների երկրում ապրող այս խիզախ, տաղանդավոր ու աշխատասեր ժողովուրդը տեղ է զբաղեցնում աշխարհի հետամնացների ու աղքատների շարքում եւ այսօր էլ հայտնվել է պարտվածի ու նվաստացվածի տհաճ կարգավիճակում: Կմտածե՞ր, արդյոք, Խորենացին, որ իրենից հետո մեկ ու կես հազարամյակ անց «Ողբ»-ը չի կորցնի իր արդիականությունը եւ ազատ ու ինքնիշխան Հայաստանում 21-րդ դարում ապրող սերունդը զուգահեռներ կանցկացնի այսօրվա ու 5-րդ դարի իրականության միջեւ եւ կկանգնի նույն խնդրի առջեւ: Վերջապես մի օր ազգովի պե՞տք է ինքներս մեզ հարց տանք, թե ինչու նվաճողից վերածվեցինք նվաճվողի: Թե ինչու լինելով տաղանդավոր, աշխատասեր, ձեռներեց, խիզախ ու մարտնչող ազգ, 2000 տարի անընդհատ կորցնում ենք եւ մնացել ենք մի կտոր հողի վրա մի բուռ ժողովուրդ, թե ինչո՞ւ է հայը անհամերաշխ, ագահ, նյութապաշտ ու փառամոլ, հանուն իր շահի ու փառքի ինչո՞ւ է ձեռք բարձրացնում հայի ու հայոց պետականության վրա եւ հայրենիք ու պետություն ուրանում: Ինչո՞ւ է հայը մատնում, խաբում, ատում, հետապնդում, սպանում հային, ինչո՞ւ չի սիրում իր մեծերին ու անհատականություններին, ինչո՞ւ հայը օրինապաշտ չէ, ինչո՞ւ չի հարգում ազգային պետություն ու իշխանություն, ինչո՞ւ է օտար ափերում տեսնում իր ապագան, ինչո՞ւ է անհեռատես, դյուրահավատ, ինչո՞ւ է հեշտությամբ հաշտվում հայրենիքի կորստի հետ եւ դավադրաբար հայրենիք հանձնում թշնամուն, ինչո՞ւ չունի ազգային արժանապատվություն ու պետական մտածողություն, ինչո՞ւ է նեղ անձնական ու խմբային շահը գերադասում հանրային՝ պետական շահից, ինչո՞ւ են դարեր շարունակ հայ իշխանավորները կեղեքել ու ահաբեկել սեփական ժողովրդին, որտե՞ղ են այս երեւույթների սոցիալ-հոգեբանական արմատները եւ ինչպե՞ս կարելի է արմատախիլ անել այն: «Եվ մի ժողովուրդ, որ այսքան կեղծիքներ ու կեղծավորներ ունի, այսքան խարդախներ ու խաչագողներ ունի, չի սիրվիլ, որքան կուզե խելոք լինի, որքան կուզե գոռա, թե կուլտուրական եմ ես… Նրա գործերը միշտ գետնին կմնան, որքան ուզում է գործիչներ ունենա: Նրա մեջ կատարված հասարակական, թե ազգային գործերը խախուտ են միշտ: Նրա ամեն ընկերակցությունը հենց սկզբից իր մեջ ունի քայքայման բոլոր սաղմերը»,- 1907թ. «Անկեղծ չենք» հոդվածում գրել է Թումանյանը:

Նժդեհն ասում էր. «Երկաթը մաշվում է իր ծնած ժանգից…»: Իսկ դառն իրականությունը նա է, որ մենք օտար նվաճողների ասպատակությունների արդյունքում կորցնելով պետականություն՝ մեզ պարտադրվել է ցածր արժեքներ, հեռացել ենք մեր ազնվագույն արմատներից եւ դեռեւս գտնվում ենք արժեհամակարգային ու բարոյահոգեբանական խորը ճգնաժամի մեջ: Անգլիացի ճանաչված գրող, հայագետ Ջորջ Բայրոնը գտնում էր, որ. «…հայի թերությունները ձեռքբերովի են եւ արդյունք են օտար նվաճողների կեղեքման…»: Հայը դարերով ապրելով օտար պետության մեջ՝ չի սիրել իշխանություն եւ պետություն: Թումանյանն ասում էր, որ. «1000 տարվա նվաստացուցիչ պայմաններում գտնվելու հետեւանքով ներքին չարություն է առաջանում մարդու մեջ, երբ նա չի կարողանում վրեժ լուծել… »: Հայը իր եւ իր ընտանիքի գոյությունը ցանկացած գնով պահպանելու համար ստիպված է եղել խորամանկել, խաբել, քծնել, կաշառել ու այլ ստորաքարշությունների դիմել: Իսկ սովի մատնվելու վախը նրան դրդել է թաքուն կուտակել, ագահ ու նյութապաշտ լինել:

Խորհրդային տարիներին մեզ պարտադրվեց մի արժեհամակարգ, որում արժանապատվությունը, հայրենասիրությունը, կրթությունն ու գիտելիքը արժեք էին: Գնահատվում էր աշխատանքը, պատկառանք կար ուսուցիչների, տարեցների, ծնողների ու պետության նկատմամբ, հասարակությանը մատուցվում է ավելի բարձրաճաշակ մշակույթ, իսկ մարդկային հարաբերություններն ավելի անկեղծ էին, ջերմ ու անշահախնդիր: Դարերով ձեւավորված մեր ազգային արժեքներն էլ ավելի էին պաշտպանված, քան այսօրվա անկախ Հայաստանում: ԽՍՀՄ փլուզվելուց հետո մենք վերադառնում ենք մեր խեղաթյուրված ու բարոյազուրկ արժեքներին: Իսկ այն, ինչ կատարվում է մեր երկրում, հայ ժողովրդի պատմության ամենաամոթալի ու նվաստացուցիչ ժամանակահատվածներից պետք է համարել: Այն իր մասշտաբով ու ձեւով համաշխարհային պատմության մեջ նախադեպը չունեցող արկածախնդրություն եւ դավադրություն է սեփական ազգի ու հայրենիքի հանդեպ, որում ներգրավված է եղել կամ հանցավոր անգործություն է հանդես բերել իշխանական գրեթե ողջ վերնախավը: Թե չէ ինչպես բացատրել այն, որ իմանալով, որ պարտվում ենք, վերնախավից որեւէ մեկը ծպտուն չհանեց պատերազմի օրերին: Սա արդեն ազգային ողբերգություն է եւ խոսում է մեր ժողովրդի մի զգալի մասի բարոյականության հետ լուրջ խնդիրներ ունենալու մասին:

Ցավոք, այս երեւույթը մեզ համար նորություն չէ եւ պատմության ընթացքում մենք շատ անգամներ ենք հայրենիք ու պետականություն կորցրել անհամերաշխության ու դավադրությունների արդյունքում: Մինչդեռ մեր երկրում պետական ու քաղաքական գործիչները, մտավորականները միշտ աշխատել են ժողովրդահաճո գտնվել եւ ասել, թե ժողովուրդն իմաստուն է, ժողովուրդը երբեք չի սխալվում եւ օբյեկտիվորեն չեն գնահատել մեր իրականությունը, չեն խոսել մեր արատների ու բարդույթների մասին, այլ ընդհակառակը՝ ժողովրդին իշխելու համար նրան դարձրել են տգետ, բարոյազուրկ ու ստրկամիտ: Մինչդեռ պետք էր ունենալ ազգային՝ պետական ծրագիր ուղղված մեր ազնվագույն արմատների վերադարձին: Մեր հիշողությունը կարճ է, մենք դասեր չենք քաղում անցյալից: Եվ երբ ընդամենը 2 ամիս առաջ Թուրքիան ահաբեկիչներ ու զենք էր մատակարարում Ադրբեջանին՝ մեզ ոչնչացնելու համար, երբ դեռ դաշտերում են մեր հերոսների դիերը, դեռ Բաքվի բանտերում ամեն օր խոշտանգում են մեր գերիներին, երբ դեռ տարածքներ ենք զիջում հայրենիքից, ոգեւորվում ենք թուրքերի հետ տրանսպորտային ապաշրջափակումից եւ ապագա տնտեսական կապերից ու սահմանին արդեն առեւտուր ենք սկսել ադրբեջանցու հետ:

Մենք՝ հայերս, միամտաբար կարծում էինք, թե այսօրվա Թուրքիան 100 տարվա առաջվանը չէ, որ քաղաքակրթության օրրան՝ Արեւմուտքը 21-րդ դարում թույլ չի տա նոր ցեղասպանություն աշխարհի որեւէ մասում: Վերջապես մեզ եւս ինչքա՞ն ժամանակ էր պետք, որպեսզի հասկանայինք, որ Թուրքիան ու նրա մտադրությունները երբեւէ չեն փոխվելու, որ Թուրքիան ծրագրում է իսպառ ոչնչացնել Հայաստանը եւ մեր էթնոսին, որ Արեւմուտքի հետ ազգի փրկության հույսեր պետք չէ կապել: «Աշխարհի բոլոր ժողովուրդների շարքում մենք թերեւս այն հազվագյուտ ժողովուրդն ենք, որ դաժան բախտի եւ աննախանձելի վիճակի հասանք գուցե այն պատճառով, որ կարգին չսովորեցինք ատելու ըստ երեւույթին շատ անհրաժեշտ գիտությունը: …»,- ասել է Պարույր Սեւակը: Ըստ իս՝ երեք ճանապարհ ունենք՝ 1. Շարունակում ենք մնալ անտարբեր հայրենիքի կորստի հանդեպ, պաշտպանում ենք երկիրն այս օրհասական վիճակին հասցրած իշխանություններին, կորցնում ենք երկիր, պետականություն եւ ցրվելով աշխարհով մեկ՝ ապրում ենք անհայրենիք՝ թափառականի պես:

Ի դեպ, պատմության ընթացքում մեզ բազմաթիվ անգամներ է հայրենիք ու պետականություն տրվել, բայց այդպես էլ, ինչպես հարկն է, չհասկացանք անկախության, հայրենիքի ու պետականության արժեքը եւ թե ինչպես անողոքաբար վարվեցինք ինքներս մեր պետությունների, երկրի ու ժողովրդի հետ՝ բոլորիս է հայտնի: Մենք այդպես էլ չհասունացանք որպես ազգ, մենք չհասունացանք անկախության համար: Նժդեհն ասում էր. «Անհայրենասեր ժողովուրդը, եթե այսօր չէ, անհայրենիք կդառնա վաղը»: 2. Ազգովի որոշում ենք, որ փոխվում ենք 180 աստիճանով եւ այլեւս լինելու ենք համերաշխ, չենք խաբելու, չենք «քցելու», չենք գողանալու, կաշառք չենք վերցնելու, չենք քծնելու, չենք դավաճանելու, չենք հանդուժելու անօրինականություն ու անարդարություն, հարգանքով ենք վերաբերվելու ազգային արժեքների, եկեղեցու, պետության եւ իշխանությունների նկատմամբ, որ լինելու ենք օրինապաշտ, սրտացավ հանրային ունեցվածքի նկատմամբ, ազգային՝ պետական շահը գերադասելու ենք անձնական եւ կուսակցական շահից, որ ազգային արժանապատվությունը, հայրենիքն ու պետականությունը մեզ համար լինելու են գերագույն արժեք:

Կկարողանա՞նք դա անել, ուրեմն աշխարհին կներկայանանք որպես օրինապաշտ, արժանապատիվ, կազմակերպված եւ քաղաքակիրթ ազգ, կունենանք անկախ ու լավ երկիր եւ կապրենք մարդավայել: Այս տարբերակը, սակայն, ենթադրում է ուժերի առավելագուն լարում, զրկանքներ ու անմնացորդ նվիրում: 3. Ռուսաստանի հետ կազմել համադաշնակցային միություն, ունենալ ընդհանուր բանակ, արժույթ եւ արտաքին քաղաքականություն, փրկել հայրենիքը կորստից՝ զիջելով մեր անկախության որոշ մասը։ Իսկ Ռուսաստանի հետ մենք ունենք մշակութային, պատմական, սովորութային, մտածելակերպի, արժեհամակարգային ու աշխարհաքաղաքական շահերի ընդհանրություններ: Եթե հայ ժողովուրդն այս թուլացած ու բարոյապես ջարդված վիճակում չունենա ապագայի անվտանգության կայուն, երկարատեւ ու հուսալի երաշխիքներ, ապա կսկսվի արտագաղթի մի նոր ալիք: Այս երկրում պարզապես երեխա չեն ունենա, տուն չեն կառուցի, ներդրումներ չեն լինի: Իսկ այդպիսի երաշխավոր փաստացի Ռուսաստանը կարող է լինել:

«Եթե հիրավի այսօր պարզված է հայության սիրտը դեպի ապագան, եթե հիրավի հավատում է նա իր ապագային, ապա իր հայացքը ոչ միայն դեպի Վան կամ Էրզրում պիտի ուղղի, այլ իր ներսը, իր հոգու խորքը… Քննեցեք ձեր սիրտը եւ նայեցեք, թե կա՞, արդյոք, այնտեղ հավատ, որով պիտի կենդանանա մեր այդ Հոգեւոր Հայաստանը. եթե չկա, ապա զուր են ձեր ջանքերը նյութական Հայաստանի համար… Նա չի կենդանանա: Նա հոգո՛վ միայն կարող է կենդանի լինել»,- գրել է Վահան Տերյանը: Զարթնիր, հայ ժողովուրդ, դու կանգնած ես քո տեսակի վերացման եւ ամբողջական հայրենիքի ու պետականության կորստի եզրին: «Քնած ազգերը կամ վերանում են, կամ արթնանում են ստրկացած», կարծես մեր այսօրվա համար է ասել մեր իսկ թշնամին՝ Քեմալ Աթաթուրքը։

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

տնտեսագիտության թեկնածու

«Առավոտ» օրաթերթ
05.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728