Լրահոս
Օրվա լրահոսը

Տարասեռական, թե նույնասեռական․ դատարանները խտրական վերաբերմո՞ւնք ունեն

Փետրվար 14,2021 17:23

33 տարեկան էր կապիտան Տիգրան Տիգրանյանը (անուն-ազգանունը փոխված է- Ա․Դ․), երբ միանգամից փոխվեց նրա կենսակերպը։

N զորամասում էր ծառայում։ Ի պաշտոնե նախատեսված կանոնակարգով դիտողություն է անում ժամանակին Հայաստանի բարձրաստիճան իշխանավորներից մեկի բարեկամին։ Դիտողությունը չընդունելով՝ այդ զինծառայողը սկսում է վիճել Տիգրանի հետ՝ սպառնալով, որ «վերջը լավ չի լինելու»։

Տիգրանը մի քանի օր հետո է ըմբռնում «վերջը լավ չլինելու»-ի իմաստը, երբ իրեն մեղադրանք են առաջադրում Հայաստանի քրեական օրենսգրքի միանգամից 4 հոդվածների հատկանիշներով, ընդհանուր՝ 13 դրվագով։

Մասնավորապես, ՀՀ քրօրենսգրքի 139-րդ հոդված՝ սեքսուալ բնույթի բռնի գործողությունները՝ չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով` սեռական կրքերին խաթարված ձեւով հագուրդ տալու շարժառիթով, 140-րդ հոդված՝ սեքսուալ գործողություններին հարկադրելը, 360-րդ հոդվածի 1-ին մաս՝ զինծառայողին վիրավորանք հասցնելը՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձեւով ստորացնելը մեկ այլ ծառայողի կողմից, 375-րդ հոդվածի 1-ին մաս՝ իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը։

Ըստ դատավճռի, Տիգրանը բռնություն է գործադրել չորս զինծառայողի նկատմամբ` ձեռքից քաշելով մոտեցրել իրեն եւ իրականացնելով իր հանցավոր մտադրությունը, նրանց կամքին հակառակ «բերանային հարաբերության» եղանակով կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ։ Չնայած բժիշկների մասնագիտական խումբը հանգել էր այն եզրակացության, որ մեղադրանքում արձանագրված գործողությունը քիչ հավանական է, քանի որ այդ իրավիճակում մարդը հաճույք չի կարող ստանալ, իսկ դատաբժիշկը նշել էր, որ տուժողների վրա թեթեւ քերծվածքները բռնության հետեւանք չեն, այնուամենայնիվ Սյունիքի մարզի առաջին ատյանի իրավասության դատարանը Տիգրան Տիգրանյանին դատապարտեց 5 տարվա ազատազրկման։ Դատավճիռը դատախազի կողմից բողոքարկվեց Վերաքննիչ դատարանում, եւ Տիգրան Տիգրանյանի պատժաչափը դարձավ 8 տարի։

Հայրենքին մատուցած ծառայությունների համար մեդալների ու պատվոգրերի արժանացած կապիտանը չէր կարող պատկերացնել, որ իր իրավունքները պաշտպանելու համար դեռ ինչերի միջով է անցնելու։

Քրեակատարողական հիմնարկներում գործող քրեական ենթամշակույթի կանոնների համաձայն, սեռական այլ կողմնորոշում ունեցող անձինք պիտի առանձին ապրեն։ «Այսինքն, նույնասեռականները իրավունք չունեն ձեռքով բարեւելու այլ դատապարտյալներին, նրանց հետ սուրճ խմելու եւ այլն»,–ասում է Տիգրանը՝ ավելացնելով, որ անգամ ճաշը տալիս են ոչ թե ընդհանուր կաթսաներից, այլ բոլորովին առանձին ամաններից։

«Պայքարեցի, հասա նրան, որ իմ ճաշը տալիս էին բոլորի համար նախատեսված կաթսաներից։ Ու հետաքրքիր է, որ քրեակատարողական հիմնարկների ղեկավարները լուռ ու հեշտ համաձայնվել են «զոն նայողների» որոշումներին»,–ասում է Տիգրանը։

Տարասեռական Տիգրան Տիգրանյանը, որը դատարանի դատավճռով, ինչպես ինքն է ասում՝ նույնասեռական էր դարձել, նշում է, որ քրեակատարողական հիմնարկում փորձել է հանդուրժողականության մթնոլորտ ստեղծել, որպեսզի խտրականությունը վերանա, բայց առայժմ իրեն չի հաջողվել։ «Նույնիսկ աշխատակիցների, վարչակազմի կողմից կա տարբերակված վերաբերմունք նույնասեռականների նկատմամբ։ Չնայած աշխատակիցները բարձրաձայն հայտարարում են, որ իրենց համար բոլոր դատապարտյալներն ու կալանավորները հավասար են, ոչ մեկին չեն առանձնացնում»,–ասում է Տիգրանը։

Քրեակատարողական հիմնարկում դրսեւորած դրական վարքի արդյունքում Տիգրանին տեղափոխում են բաց տիպի ուղղիչ հիմնարկ։ Նման հիմնարկում պատիժ կրող դատապարտյալները առավոտյան դուրս են գալիս ՔԿՀ-ից, իսկ երեկոյան վերադառնում՝ գիշերելու այնտեղ։ Վերջին մեկուկես տարում էլ Տիգրան Տիգրանյանը պայքարում է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվելու համար։

«ՔԿՀ-ի եւ պրոբացիայի ծառայության զեկույցները դրական են։ Բայց առաջին ատյանի ու վերաքննիչ դատարանները, ինչպես նաեւ դատախազը գտնում են, որ ես դեռ ուղղված դատապարտյալ չեմ, կարող եմ հանցանք գործել ու վտանգ եմ ներկայացնում»,–ասում է Տիգրանը։

Նրա հարցադրումները ո՛չ դատախազին, ո՛չ էլ թե դատավորներին չեն հետաքրքրում։ «Ասում եմ, պարզաբանում եմ, որ հարգելի դատախազ, հարգարժան դատարան, եթե իմ կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը մեծ լիներ, ինձ կտեղափոխեի՞ն բաց ռեժիմի ուղղիչ հիմնարկ, կամ խրախուսանք կտայի՞ն, դրական կբնութագրեի՞ն»,–Aravot.am-ի հետ զրույցում ասում է Տիգրանը։

Ըստ նրա՝ աշխատանքային օրերին, ժամը 9-ից մինչեւ ժամը 20.00–ն, ինչպես պահանջում է գործող կանոնակարգը՝ գտնվում է դրսում, աշխատում է․ «Այսինքն ժամը 8-ին մտնում եմ ՔԿՀ, մինչեւ այդ ես ազատ եմ ինչպես բոլորը, ու եթե հավանականությունս մեծ է նոր հանցանք կատարելու, ապա կկատարեմ, ինչը պիտի ինձ խանգարի՞»,–ասում է Տիգրանը։

Նույն հարցը նա տվել է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը քննող Երեւանի առաջին ատյանի դատարանի դատավորին։

«Նայեց դեմքիս ու ասաց, որ համաձայն է ինձ հետ, բայց այն հոդվածներով, որով դատապարտվել եմ, ծանր հոդվածներ են»,–ասում է Տիգրանը։

Կապիտան դատապարտյալը համոզած է՝ սեռական հանցագործությունների հատկանիշներով դատապարտված անձանց նկատմամբ դատարանները ունեն խտրական վերաբերմունք։ «Ընդունենք, որ մեղադրանքս ճիշտ է, իրականում կատարել եմ սեռական բնույթի հանցագործություն։ Հիմա՞ իմ կատարածն է ծանր հանցանք, թե՞ նրանը, ով մարդուն զրկել է կյանքից ու դատապարտվել սպանության համար։ Քրեական օրենսգրքում թե՛ սպանությունը, թե՛ սեռական բնույթի հանցագործությունները դասակարգված են ծանր հանցանքների մեջ։ Սպանություն համար դատապարտվածին վաղաժամկետ ազատում են, ու ըստ դատավորի՝ ստացվում է, որ սա ծանր հանցանք չէ՞»,–ասում է Տիգրանը։

Տիգրանը վերաքննիչ քրեական դատարանի որոշումը բողոքարկել է Վճռաբեկ դատարան։ Բացասական որոշման դեպքում՝ մտադիր է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ «Գուցե կրկնվում եմ, բայց ստացվում է այնպես, որ խտրական վերաբերմունք կա սեռական բնույթի հանցագործությունների համար դատապարտվածների նկատմամբ, լինես դու նույնասեռական, թե տարասեռական։ Ավելին ասեմ, դատավորները թերեւս չեն կարդում պատժից պայմանական ազատվողների քրեական գործերը։ Միայն ծանոթանում են դատավճռի վերջին մասին ու կայացնում որոշում»,–ասում է Տիգրանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728