Սամվել Սմբատյանը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության դեմ, պահանջելով 2025 թ. փետրվարի 2-ի որոշումն անվավեր ճանաչել:
Հայցադիմումին կից ներկայացվել է վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջնորդություն:
Դատարանի՝ դատավոր Տիգրան Սանթրոսյանի 2025թ. մարտի 28-ի որոշմամբ որոշվել էր գործը քննել գրավոր ընթացակարգով։
Հայցվորը հայատնել էր, որ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը չի պարունակում տեղեկություններ՝ այն հայցվորի ներկայությամբ կազմելու, արձանագրության բովանդակության վերաբերյալ բացատրություններ և դիտողություններ ներկայացնելու, իր իրավունքներն ու պարտականությունները բացատրելու և դրա մասին համապատասխան նշում կատարելու վերաբերյալ:
Կարդացեք նաև
Նախքան որոշումն ընդունելը պատասխանող պարեկային ծառայությունը չի ապահովել բացատրություններ տալու հայցվորի իրավունքը, խախտել է վերջինիս լսված լինելու իրավունքը՝ հնարավորություն չտալով արտահայտվել վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ:
Վարչական վարույթի նյութերով հնարավոր չէ հաստատված համարել ենթադրյալ իրավախախտման պահին հայցվորի կողմից տրանսպորտային միջոց վարելու փաստը, հետևաբար իրավախախտման փաստը նույնպես մնում է վիճելի, ինչի բացասական հետևանքները կրում է պատասխանողը:
Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ ենթադրյալ իրավախախտման ժամանակ է նշված ժամը 23:45-ը, մինչդեռ պարեկային ծառայողի համազգեստին ամրացված տեսախցիկի տեսաձայնագրությունը սկսվում է ժամը 23:10-ի սահմաններում: Հայցվորը հայտնել էր նաև, որ «Սթափության զննման կտրոնի վրա սթափության զննման ժամ է նշված 23:25-ը, մինչդեռ տեսաձայնագրությունից երևում է, որ զննությունն իրականացվել է ժամը 23:13-ին»:
Պատասխանողը հայցադիմումի պատասխան չի ներկայացրել, սակայն դատարան ուղարկած առարկությամբ պնդել էր, որ վիճարկվող որոշմամբ ամրագրված իրավախախտման փաստը հայտնաբերվել է պարեկային ծառայության ծառայողների կողմից անձամբ, ճանապարհային երթևեկության կանոնի պահանջի խախտումը եղել է ակնհայտ, ուստի օրենքով սահմանված կարգով կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, ինչն էլ որպես ապացույց դրվել է որոշման կայացման հիմքում. «Հայցվորը տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ վիճակում: Սարքը եղել է ստուգաչափված»։ Վարչական դատարանը մերժել էր հայցը, իսկ վարչական վերաքննիչ դատարանը բավարարել էր հայցվորի բողոքը։
Նոյեմբերի 16-ին ՀՀ վճռաբեկ դատարանը պարեկների վճռաբեկ բողոքը բավարարել է, բեկանել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 2026թ. ապրիլի 27-ի որոշումը և գործն ուղարկել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ նոր քննության։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.11.2026



















































