Լրահոս
Մուրճը եւ խաչը
Օրվա լրահոսը

Մոսկվայաբնակ հայ արվեստագետները ԱԳ նախարարին խորը հիասթափություն ու ափսոսանք են հայտնել, որ վերջին մի քանի տարում նույնպես Հայաստան-Սփյուռք երկխոսությունը չկայացավ

Փետրվար 20,2021 19:09

Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը այցելել է նաև ՌԴ-ում ՀՀ դեսպանության Մշակութային կենտրոն և հանդիպում ունեցել մոսկվայաբնակ հայազգի արվեստագետների հետ:

Մշակութային կենտրոնի ղեկավար, «Փարաջանովի» անվան թատրոնի հիմնադիր Վլադիմիր Գաբբեի խոսքերով, նախարարը բարձր է գնահատել դեսպանությանը կից Մշակութային կենտրոնի ծավալած գործունեությունը և դրա կարևորությունը՝ հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման գործում և հատուկ շնորհակալություն է հայտնել ՌԴ-ում ՀՀ դեսպանին՝ երկար տարիներ չգործող և երկու տարի առաջ վերջինիս ջանքերով վերաբացված հայկական մշակութային օջախի կայացման համար:

«Նախարարը հատուկ ընդգծեց, որ ինքը առանձնահատուկ նշանակություն է տալիս մշակույթի դերակատարությանը հատկապես այսօր՝ հատկապես վերջին իրադարձությունների ֆոնին: Մշակույթը, ըստ նրա, այն հզոր գործիքներից մեկն է, որը կարող է գործուն դեր խաղալ բարդ իրավիճակներից ելք գտնելու հարցում և, այդ իսկ պատճառով պարոն Այվազյանը ցանկություն էր հայտնել հանդիպելու տեղաբնակ արվեստի հայազգի գործիչների հետ», – մեր զրույցում հայտնեց Վլադիմիր Գաբբեն:

Հանդիպմանը ներկա գործիչներն իրենց անհանգստությունն են հայտնել նախ և առաջ Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ կապված:

Նախարար Այվազյանը, կիսելով նրանց մտահոգությունը, հայտնել է, որ արվում է ամեն հնարավորը՝ հարցին շուտափույթ լուծում տալու համար: Քննարկման ընթացքում ներկաները պատրաստակամություն են հայտնել իրենց աջակցությունը ցուցաբերել այդ ցավոտ և զգայուն խնդիրը հնարավորինս արագ լուծելու ուղղությամբ:

«Մենք պատրաստ ենք անել մեզանից կախված ցանկացած հնարավոր բան՝ հանդիպել ու քննարկել այդ թեման ռուս ազդեցիկ մշակութային գործիչների հետ, որպեսզի այդ խողովակներով ևս մեր ձայնը լսելի դառնա, կազմակերպել ինչ-ինչ ֆելշմոբեր, ակտիվ քննարկման դնել հարցը սոցցանցերի ռուսալեզու հարթակներում և այլն», – ասաց հանդիպմանը ներկա գտնված նկարիչ Աշոտ Թադևոսյանը:

Ըստ պարոն Թադևոսյանի, գերիներին վերաբերող չափազանց կարևոր խնդիրից զատ ներկաները նախարարին հայտնել են նաև այն մասին, որ իրենց մոտ կա խորը հիասթափություն ու ափսոսանք, որ վերջին մի քանի տարում նույնպես Հայաստան- Սփյուռք երկխոսությունը այդպես էլ, ըստ էության, պատշաճ կերպով չկայացավ և մշակույթին առնչվող բազմաթիվ հետաքրքիր նախագծեր, որոնք իրենց կողմից առաջարկվել ու ներկայացվել են ՀՀ կառավարությանը, այդպես էլ անտարբերության մատնվեցին և մնացին թղթի վրա:

Բացի այդ, չգծագրվեց ազգային գաղափարախոսության հայեցակարգ, որը Սփյուռքի հայկական կառույցներին խորքային գործելու ուղղություն կնախանշեր:

«Բոլոր ներկաները միակարծիք էին այն հարցում, որ մեր նկատմամբ եղել է ու կա ոչ ճիշտ վերաբերմունք ՀՀ կառավարությունների կողմից: Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին, որ մեզ միայն որպես ֆինանսական ռեսուրս ընկալելը խիստ վիրավորական է: Չկա փոխգործակցություն այլ հարթակների վրա: Եթե մենք ցանկություն ենք հայտնում մասնակցել որևէ հարցի, մեզ անմիջապես ասում են՝ դուք Հայաստանում չեք ապրում, նշանակում է չունեք իրավունք խառնվելու ներհայաստանյան հարցերին: Խոսքը քաղաքականության մասին չէ, այլ ընդհանուր առմամբ ես ի նկատի ունեմ տարատեսակ ոլորտներին առնչվող հարցեր: Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, մենք ոչ մեկին դեմ կամ կողմ չենք: Մենք Հայաստանի հետ ենք և ցանկանում ենք մեր ներդրումը ունենալ մեր երկրի խաղաղ բարգավաճման գործում և ցանկանում ենք, որ այդ հարցում ճկուն փոխգործակցություն լինի»,-ասաց Աշոտ Թադևոսյանը:

Քննարկված թեմաների շրջանակում արվեստի գործիչները անդրադարձել են նաև ՀՀ մշակույթի նախարարությանը վերաբերող հարցին: Ըստ նրանց, այն որպես պետական կառույց անհրաժեշտ է մշակութային քաղաքականություն մշակելու և իրականացնելու հարցում: Ըստ մեր մյուս զրուցակցի՝ «Մեծ կինո» կինոընկերության պրոդյուսեր Ղեվոնդ Անդրեասյանի, Հայաստանը փոքր երկիր է՝ Ամերիկա չէ, Ռուսաստան չէ և կան որոշակի ոլորտներ, որտեղ պետք է հաշվի առնվեն մեր ազգային առանձնահատկությունները:

«Օրինակ ես այցելում եմ Հայաստան որևէ նախագծով և ցանկանում եմ ներկայացնել այն պետական կառույցի՝ Մշակույթի նախարարության ուշադրությանը, սակայն, ինձ ընդունում է ինչ-որ պետական ծառայող, որը մեծ առումով ոչինչ չի որոշում, այն պարագայում, երբ նման նախագիծը անհրաժեշտ է քննարկել հենց մշակույթի նախարարի հետ, ով լավատեղյակ կլինի ոլորտին ու մեր մեջ արդյունավետ փոխհամագործակցություն տեղի կունենա:
Վերջին երեսուն տարվա ընթացքում Սփյուռքը Հայաստանում դիտարկվել է որպես միայն ֆինանսական ռեսուրս: Սփյուռքի մտավոր ներուժը ոչ մի կերպ չի ներգրավվել երկիրը զարգացնելու գործընթացում: Մեզ Հայաստանում երբեք, ոչ մեկ, ոչ մի անգամ ականջալուր չի եղել: Մենք մեր ներուժը օգտագործում ենք դրսում, սակայն, չենք կարողանում լսելի դառնալ մեր հայրենիքում: Ես այդ մոտեցման պատճառը տեսում եմ մեր կառավարությունների վախի մեջ, այն իմաստով, որ նրանք բոլորը վախեցել ու վախենում են խելացի մարդկանց ներկայությունից: Փոխարենը պետք է հասկանալ, որ Սփյուռքը ամենահզոր ուժն է աշխարհի հետ երկխոսելու հարցում:

Հանդիպման ընթացքում նախարարի հետ Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակին վերաբերող ծավալուն քննարկում չի եղել, սակայն, կցանկանայի նշել, որ մեզ համար ոչ մի նշանակություն չունեն թե նորերն են, թե հները: Նրանք բոլորը, իմ կարծիքով, բոլորը դեմքի քար արտահայտությամբ ձև են տալիս, թե իբրև չեն հասկանում տեղի ունեցող աղետը, իսկ մեկ բան ակնհայտ է՝ նրանք բոլորը միասին մեղավոր են երկիրը նման ճգնաժամի հանգեցնելու հարցում:

Ինչ վերաբերում է հայ գերիներին վերաբերող մեր զրույցին նախարար Արա Այվազյանի հետ, ապա մենք եկանք այն եզրակացության, որ պետք է լայն լսարանին հասանելի դարձնել ադրբեջանական կողմի պահվածքը այդ հարցի վերաբերյալ, որ պետք է օտար լսարանի մոտ նուրբ մեթոդներով վերաբերմունք ձևավորել հակառակորդի այլօրինակ դիրքորոշման հանդեպ, որը մարդասիրական հարթության մեջ ընկալելի չէ»:

Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Մոսկվա
Լուսանկարները՝ ՌԴ-ում Հայաստանի դեսպանության էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728