Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան զինում է Ադրբեջանին, ամրապնդվում Հարավային Կովկասում, բայց Լավրովը դա չի նկատում

Փետրվար 24,2021 12:00

Ներկայացվեց «2020-2025թթ. Թյուրքական խորհրդի ռազմավարության եւ մինչեւ 2040-ի Թյուրքական աշխարհի տեսլականի» ճանապարհային քարտեզը

Անցյալ շաբաթ բարձր մակարդակով ռուս-թուրքական քննարկումներ անցկացվեցին: Նախ՝ ՌԴ եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Էրդողանը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկումը նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի հայտարարություններում արձանագրված համաձայնագրերի կատարման համատեքստում: «Խոսքը Ռուսաստանի եւ Թուրքիայի գործողությունների համակարգման մասին է` ի շահ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել հրադադարի ռեժիմի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքների մեկնարկի կապակցությամբ»,- ասվում էր հաղորդագրության մեջ:

Թուրքիայի նախագահը Ռուսաստանի նախագահի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ առաջարկել է ռուսաստանցի եւ թուրք մասնագետներին ներգրավել Լեռնային Ղարաբաղում հաղորդակցության ուղիների վերականգնման աշխատանքներում, իր հերթին հաղորդեց Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը, հավելելով. «Զրույցի ընթացքում նախագահ Էրդողանը նշել է, որ թուրք եւ ռուս փորձագետները կարող են հանդիպել իրենց ադրբեջանցի գործընկերների հետ Լեռնային Ղարաբաղում գտնվող ավտոմոբիլային եւ երկաթուղային ճանապարհներն ավելի արդյունավետ դարձնելու համար»։

Բացի Պուտին-Էրդողան հեռախոսազրույցից, անցյալ շաբաթ նաեւ ՌԴ եւ Թուրքիայի ԱԳ նախարարները շփվեցին: Սերգեյ Լավրովը եւ Մեւլյութ Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Սիրիայում: «Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել հետագա աջակցությունը ՍԱՀ-ում հակամարտության խաղաղ կարգավորմանը, այդ թվում նաեւ՝ նախօրեին կայացած Սիրիայի հարցով Սոչիի 15-րդ միջազգային հանդիպման համատեքստում: Անդրադարձ է կատարվել նաեւ միջազգային եւ երկկողմ օրակարգի հարցերին: Քննարկվել է բարձր մակարդակով կայանալիք երկկողմ շփումների ժամանակացույցը»,-ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Ռուսաստան-Թուրքիա բանակցությունները, շփումները՝ ինչպես պատերազմի օրերին, այսօր էլ շարունակվում են եւ ինչպես տեսնում ենք, Էրդողանն արդեն Պուտինին գործնական այլ առաջարկներ է անում՝ չբավարարվելով ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեության վերաբերյալ գրանցած հաջողություններին: Էրդողանն արդեն «ԼՂ-ի ավտոմոբիլային եւ երկաթուղային ճանապարհների» կառուցման պատրաստակամություն է հայտնում Պուտինին:

Մի կողմից խաղաղության «աղավնու» դերում է, մյուս կողմից՝ Հարավային Կովկասը «գրավողի» ու «տեր ու տիրակալի»:

Լեռնային Ղարաբաղի պատերազմը եւ կորոնավիրուսային համավարակը եւս մեկ անգամ ընդգծեցին թյուրքալեզու երկրների միասնության, համերաշխության եւ համախմբման կարեւորությունը՝ պաշտպանությունից՝ առողջապահություն, գյուղատնտեսությունից մինչեւ էներգետիկա, օրերս արձանագրեց Թուրքիայի նախագահը։ «Մենք վերապրեցինք 30-ամյա օկուպացիայից Լեռնային Ղարաբաղի ազատագրման ուրախությունը», – ասել է նա իր ուղերձում: Նա շնորհավորել է Ադրբեջանի ժողովրդին 44-օրյա պատերազմում «պատմական հաղթանակի կապակցությամբ»: «Վերջին գործընթացները եւս մեկ անգամ ապացուցեցին, որ մենք բոլորս 300 միլիոնանոց մեծ ընտանիքի մի մասն ենք, որին միավորում է ընդհանուր հավատքը, պատմությունն ու մշակույթը: Որպես այս ընտանիքի մի մաս՝ մենք պարտավոր ենք ամրապնդել այս կապերն ու համագործակցությունը: Թյուրքական աշխարհի օդերեւութաբանների միություն ստեղծելու որոշումը նշանակալի քայլ է այս ուղղությամբ», – նշել է Էրդողանը։

Արձանագրելով իր «հաջողությունը»՝ Թուրքիան շարունակելու է զինել Ադրբեջանին: Էրդողանը հաստատել է Պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության մասին Ադրբեջանի կառավարության եւ Թուրքիայի կառավարության միջեւ համաձայնագիրը: Համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. հոկտեմբերի 31-ին Էրդողանի՝ Ադրբեջան կատարած այցի ընթացքում:

Բացի այդ, օրերս հայտնի դարձավ, որ թուրքական SOM թեւավոր հրթիռները ներառվելու են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ավիացիոն զինամթերքի ցանկում, արձանագրել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը: Պարզվում է, փետրվարի 19-ին Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում ստորագրվել են տասից ավելի համաձայնագրեր, այդ թվում՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Համաձայնագրերից մեկը վերաբերում է Ադրբեջանի ռազմաօդային ուժերին թուրքական արտադրության SOM թեւավոր հրթիռներ մատակարարելուն։ Ինքնաթիռից արձակման համար նախատեսված SOM թեւավոր հրթիռները, ենթադրաբար, ինտեգրվելու են Ադրբեջանի ՌՕՈՒ Սու-25 գրոհիչներին։ SOM հրթիռն արտադրում է թուրքական Roketsan ընկերությունը`ամերիկյան Lockheed Martin ընկերության տրամադրած արտոնագրով: Թուրքիայում արտադրվում է 3 տարբերակ՝ SOM-A, SOM-B1 բեկորաֆուգասային եւ SOM-B տանդեմային զրահահար մարտագլխիկներով:

Բացի ռազմարդյունաբերական համագործակցության հետեւողական շարունակման քաղաքականությունից, դյուրացվում են երկու հասարակությունների միջեւ շփումները: Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքացիների երկկողմ տեղաշարժը դյուրացվում է, նրանք կկարողանան այցեր կատարել նույնականացման՝ ID քարտերով: Անցյալ շաբաթ Ադրբեջանի նախագահը ստորագրել է օրինագիծը, որը նախատեսում է փոփոխություններ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ փոխադարձ մուտքի արտոնագրի ազատականացման մասին 2020թ. փետրվարի 25-ին ստորագրված համաձայնագրում:

Թուրքիայի կողմից նախկին խորհրդային հանրապետություններում ակնհայտ ազդեցության մեծացման գործընթացին զուգահեռ, պարզվում է՝ Մոսկվայում Մեծ Թուրանի ստեղծման փորձեր չեն նկատում:

«Խոսելիս Մեծ Թուրանի՝ որպես վերազգային կազմավորման մասին պատմական իմաստով, չեմ կարծում, որ Թուրքիան հետապնդում է նման նպատակ: Չեմ տեսնում՝ ինչպես իրականության մեջ նախկին ԽՍՀՄ եւ ներկայում անկախ երկրները կարող են այդ գաղափարն ինչ-որ կերպ սատարել: Ընդհակառակը՝ նրանց արտաքին քաղաքականության եւ գործունեության ամբողջ պաթոսը կայանում է նրանում, որպեսզի ամրապնդեն իրենց ազգային պետությունը»,-ասել է ՌԴ ԱԳՆ նախարար Լավրովը: Նա միաժամանակ նկատել է, որ թյուրքալեզու հարաբերությունների թեման բավականին խորը ներթափանցել է Թուրքիայի եւ համապատասխան երկրների, ներառյալ՝ Ադրբեջանի ու Կենտրոնական Ասիայի որոշ պետությունների համագործակցության մեջ:

Լավրովը հիշեցրել է, որ կա Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդ, որում Ռուսաստանը եւս ներգրավված է: «Մեր մի քանի հանրապետություններ հետաքրքրված են շփումներում: Գոյություն ունի Թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպություն: Կա նաեւ Թյուրքալեզու պետությունների խորհրդարանական ասամբլեա: Բոլոր դրանք գործառնում են արդեն բավականին երկար ժամանակ: Դրանց միջոցառումները հիմնականում կրում են մշակութային, լեզվական, կրթական ավանդույթի պահպանման ուղղվածություն»,-ընդգծել է Լավրովը: Նա միաժամանակ պարզաբանել է, թե. «Մենք նույնպես ցանկանում ենք, որ «ռուսական աշխարհն» ունենա շփվելու հնարավորություն: Ստեղծել ենք արտերկրում ապրող հայրենակիցների կազմակերպությունների ընդլայնված ցանց, բացում ենք «Ռուսական աշխարհ» համալսարաններին կից տարբեր երկրներում բացառապես լեզվական, կրթական, գիտական նպատակներով»:

Արդյոք մշակութային, լեզվական եւ կրթական ավանդույթների միջոցով նաեւ չի իրականացվում ազդեցության ամրապնդումը: Մի՞թե սա ծրագրված քաղաքականություն չէ եւ որի մասին, ի դեպ, տեւական ժամանակ է, ինչ քննարկում, մեկնաբանում են ռուսաստանցի փորձագետները, այդ թվում եւ՝ ռազմական ոլորտի: Անգամ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Կրասովը, մեկնաբանելով թուրքական կողմի մտադրությունները, նշել էր, թե Անկարան երազում է վերականգնել Օսմանյան կայսրությունը:

Ի դեպ, օրերս Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հանդիպել է Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Ամրեւի հետ, նույն հանդիպմանը նաեւ մասնակցել է Անկարայում Ղազախստանի դեսպանը: Ահա, նշյալ հանդիպմանը Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարը ներկայացրել է՝ «2020-2025թթ. Թյուրքական խորհրդի ռազմավարությունը եւ մինչեւ 2040 թվականի՝ Թյուրքական աշխարհի տեսլականը»: Փոխնախագահ Օքթայը նշել է, թե փաստաթուղթը կդառնա կարեւոր ճանապարհային քարտեզ՝ «թյուրքական աշխարհի համար առավել խորը համագործակցության համար»:

Ու այս պայմաններում Ռուսաստանի ԱԳ նախարարը «չի՞ կարծում», որ Թուրքիայի այսօրվա իշխանությունը Մեծ Թուրանի ձեւավորման նպատակ է հետապնդում… Թե՞ Կրեմլը նախընտրում է հրապարակային չարտահայտվել այդ մասին, քանի որ այդ պարագայում պետք է ստիպված լինեն նաեւ պարզաբանել, թե այդ ինչպես ստացվեց, որ թուրքական ազդեցությունը հետխորհրդային տարածքում հետեւողականորեն մեծացավ:

Թուրքիան արդեն Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարության համատեքստում է «կանոններ թելադրում», թեեւ դա նույնպես Մոսկվան չի նկատում:

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Շենթոփը անցյալ շաբաթ ընդունել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի գլխավորած պատվիրակությանը: Շենթոփն անդրադառնալով թուրք-ադրբեջանական հարաբերությունների թեմային, նշել է, որ այն իր մտերմությամբ ու անկեղծությամբ «աշխարհում եզակի է»: Թուրքիայի մեջլիսի նախագահը նշել է, որ արցախյան պատերազմում Ադրբեջանի գրանցած արդյունքը մեծ ոգեւորությամբ է ընդունվել թուրք ժողովրդի կողմից: Նրա դիտարկմամբ՝ դեկտեմբերի 10-ին Բաքվում կայացած զորահանդեսին թուրք զինվորականների մասնակցությունը ցույց է տալիս թուրք-ադրբեջանական հարաբերությունների «բարձր մակարդակը»: Շենթոփը հայտնել է, որ Հարավային Կովկասի վերաբերյալ Թուրքիայի տեսլականն է՝ ձեւավորել կայունություն, ընդհանուր անվտանգություն եւ համագործակցության դաշտ, որը հիմնված կլինի տարածաշրջանի հանձնառության վրա: Նրա խոսքով՝ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ տարածաշրջանային բազմակողմ համագործակցության հարթակ ձեւավորելու առաջարկին: Ապա` նա ակնարկել է, թե Թուրքիան ակնկալում է, որ Հայաստանն այս անգամ «ճիշտ քայլ կատարելով՝ խաղաղության գործընթացի մաս կկազմի». «Ոչ ոք չպետք է կասկած ունենա, որ բարեխիղճ եւ անկեղծ վերաբերմունքի դեպքում Հայաստանի կողմից ձեռնարկվելիք դրական քայլերին մենք նույն ըմբռնումով կարձագանքենք»:

Ապա Շենթոփը, ընդգծելով Ադրբեջանին ցուցաբերված քաղաքական աջակցության աստիճանը, հիշեցրել է նոյեմբերի 27-ին Թուրքիայի խորհրդարանի չորս կուսակցությունների կողմից հրապարակված համատեղ հռչակագիրը, որը, ըստ նրա, պատասխան էր Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ որոշման ընդունմանը: Այդ հռչակագրով խստագույնս դատապարտվել էր Ֆրանսիայի Սենատի որոշումը: Գալով ԱՄՆ Սենատի 54 անդամի կողմից Բայդենին ուղարկված նամակին, որով պահանջվում է ճնշումներ գործադրել Թուրքիայի դեմ՝ արցախյան պատերազմում հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից գործադրված բռնությունը խրախուսելու համար, Շենթոփն ասել է, որ Թուրքիայի խորհրդարանի Թուրքիա-ԱՄՆ միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամ 87 պատգամավոր՝ ի պատասխան հիշյալ նամակին, գրավոր հայտարարություն են հրապարակել:

Թուրքիա-Ադրբեջան Տնտեսական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նաիլ Օքթան էլ իր հերթին անդրադառնալով՝ «Մեկ ազգ, մեկ տնտեսություն» եզրույթին, շեշտել է, որ այս նպատակին հասնելու համար ռազմավարական քայլերով առաջ են ընթանում։ Թուրքիա-Ադրբեջան Գործարար խորհրդի նախագահ Սելջուկ Աքաթն էլ շնորհավորելով Ադրբեջանին «Ղարաբաղում տարած հաղթանակի առթիվ», նշել է, որ այս նոր ժամանակներում ԼՂ-ն իրենց տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների մեջ է լինելու, «ամեն ինչ անելու են ներդրողներին ուղղորդելու դեպի Ղարաբաղ»։ Աքաթը շեշտել է, թե՝ «Ղարաբաղն իրենց համար զուտ բիզնես ծրագիր չէ, այլ՝ պարտականություն»։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 23.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728