Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստ Մարուքյան. «Գործում են աշխատանքից հեռացնելու սպառնալիքներ կամ շանտաժ՝ հեղափոխությանը չսատարելու մեղադրանքի տեսքով»

Մարտ 01,2021 00:28

Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց վաղը՝ մարտի մեկին Երեւանի Հանրապետության հրապարակում կազմակերպվող հավաքի մասին՝ նշելով, որ այդ ժամանակ կանդրադառնա նաեւ 2008 թվականի Մարտի 1-ի ոճրագործությունը:

Ավելի ուշ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում լոռեցիներին հորդորեց եւս միանալ հանրահավաքին. «Մեծ սիրով սպասում ենք բոլորիդ մասնակցությանը՝ հանուն մեր երեխաների եւ պետության ապագայի»։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը նույնպես անդրադառնալով նախատեսվող հանրահավաքին՝ իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Վանաձորում վարչական ռեսուրսի ողջ կարողությամբ «մարդահավաք» է իրականացվում վաղվա հանրահավաքի ու երթի համար․․․ Ոչինչ չի հիշեցնո՞ւմ այս ամենը․․․ Մարդիկ նաեւ սրա դեմ չէին պայքարո՞ւմ․․․ բայց ինչքան եք իրար արժանի․․․»:

Aravot.am-ի հետ զրույցում Մարուքյանն ասաց, որ թեեւ վարչական ռեսուրսի կիրառմամբ մարդկանց հանրահավաքների ու երթերի տանելը քննադատվել է ներկայիս իշխանությունների կողմից, սակայն այս օրերին վերջիններս հենց այդ քայլերին են դիմել. «Այս օրերին ստանում ենք տարբեր ահազանգեր պետական ենթակայության հիմնարկներից ու կառույցներից առ այն, որ պարտադրաբար աշխատակիցներին ցուցակագրելու եւ հանրահավաքներին տանելու պրակտիկան շարունակվում է,- ասաց Վանաձորի համայնքի ավագանու անդամն ու շարունակեց, որ մարդկանց սպառնում են նաեւ աշխատանքից ազատել. «Գործում են աշխատանքից հեռացնելու սպառնալիքներ կամ շանտաժ՝ հեղափոխությանը չսատարելու մեղադրանքի տեսքով եւ այլն»։

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031