Լրահոս
Օրվա լրահոսը

Նազելի Բաղդասարյան. չի կարելի 2-3 տարին մեկ երկիրը ցնցումների ենթարկել. ըստ Կարեն Սիմոնյանի՝ օր առաջ արտահերթ ընտրություններ են պետք

Մարտ 03,2021 17:12

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը գտնում է, որ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական ոչ առողջ գործընթացները վտանգում են երկրի բնականոն զարգացումը: Այսօր այս մասին նա ասաց «Հոդված 3» ակումբի կազմակերպած առցանց քննարկմանը: Նրա խոսքով, Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ ցանկացած հարցի լուծումը պետք է լինի ժողովրդի կամարտահայտման միջոցով. «Եվ սա է պատճառը, որ հերթական անգամ առաջարկում ենք խորհրդարանական ընդդիմությանը, արտախորհրդարանական ընդդիմությանը եւ քաղաքական ուժերին ձեւավորել օրակարգ եւ շարժվել առաջ: Եթե ուզում են, որ ճգնաժամը հանգուցալուծվի այս փուլում քաղաքակիրթ բանակցություններ են պետք եւ լուծումը կլինեն արտահերթ ընտրությունները: Սակայն դա չպետք է լինի ինքնանպատակ, որովհետեւ երկիրը չի կարելի պարբերաբար ցնցումների ենթարկել եւ 2-3 տարին մեկ ընտրություններ կազմակերպել՝ որոշակի շրջանակների շահերը կամ քմահաճույքները սպասարկելու»:

Տիկին Բաղդասարյանի համոզմամբ, ստեղծված իրավիճակում Գլխավոր շտաբի հայտարարությունը  գործընթացն ավելի է էսկալացրել, որը հստակ պարունակում էր քաղաքական երանգներ. «Իսկ զինված ուժերը պետք է զերծ լինեն ցանկացած քաղաքական գործընթացներից»:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը սակայն չի գտնում, որ շտաբի հայտարարությունը քաղաքական էր. «Հայտարարությունը միտված էր որեւէ ձեւով կասեցնելու այն գործընթացը, որը սկսել է իշխանությունը՝ կազմաքանդելու բանակի ղեկավար կազմը: Իշխանությունները ձեռնամուխ են եղել եւս մեկ ինստիտուտի հեղինակազրկման գործին»: Պարոն Սիմոնյանը գտնում է, որ նոյեմբերի 10-ից հետո գործող իշխանությունը չունի այն լեգիտիմությունն, ինչ 2018-ին եւ չունի հնարավորություն առաջնորդելու Հայաստանի հանրապետությանը պարտությունից հետո, որովհետեւ պարտված առաջնորդը չի կարող կերտել նոր հաղթանակներ:

«Այն իշխանությունը, որը զիջել է Արցախը, չի կարող մնալ իշխանության»,-ասաց պարոն Սիմոնյանը: Նա գտնում է, որ քաղաքական այս ճգնաժամը կլուծվի արտահերթ ընտրություններով, որը պետք է իրականացվի կարճ ժամկետում:

Նազելի Բաղդասարյանը սակայն, չի կիսում այս տեսակետը՝ նշելով, որ արտահերթ ընտրությունների գնալուց առաջ պետք է փոփոխել Ընտրական օրենսգիրքը. «Վենետիկի հանձնաժողովից դրական եզրակացություն ստանալուց հետո ամբողջական քննարկումները կսկսվեն մյուս քաղաքական ուժերի հետ, չնայած ակտիվ քննարկումներ արդեն իսկ տարվել են ե՛ւ խորհրդարանական ե՛ւ արտախորհրդարանական ուժերի հետ: Ընտրական գործընթացների գնալուց առաջ մենք պետք է ամրագրենք, որ համամասնական ընտրակարգը միակ եւ ճշգրիտ լուծումն է: Սա այն հիմնաքարերից մեկը կարող է լինել, որը թույլ չի տա, որպեսզի առանձին անհատներ ազդեցություն ունենան քաղաքական գործընթացների վրա եւ մենք իրապես ունենանք ժողովրդավարություն՝ ամուր հիմքերի վրա դրված»:

Քննարկմանը մասնակից սահմանադրական իրավունքի մասնագետ Արտաշես Խալաթյանն անդրադարձավ հանրապետության նախագահի  Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու վարչապետի առաջարկը վերադարձնելուն: «Նախագահի կողմից վարչապետի հրամանագիրը չստորագրելը եւ Սահմանադրական դատարան դիմելը երկու տարբեր գործընթացներ են, որոնք իրար հետ առնչություն չունեն, որպեսզի մեկը մյուսով պայմանավորի այս թնջուկի հանգուցալուծումը»,-ասաց Արտաշես Խալաթյանը: Ըստ նրա, սկզբնապես նախագահը կասկած էր հայտնել վարչապետի առաջարկած նախագծի սահմանադրականության վերաբերյալ, իսկ այս որոշումը, որը կայացրեց նախագահը, վերաբերում է այդ կոնկրետ օրենքի համապատասխանությանը Սահմանադրությանը:

«Գործող օրենքը որոշակի անհստակություն է պարունակում եւ առերեւույթ Սահմանադրության հետ խնդիր ունի՝ կապված բարձրագույն հրամանատարական կազմի ազատման ընթացակարգի հետ: Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասը հստակորեն սահմանում է՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նշանակման եւ ազատման ընթացակարգը՝ որեւէ կերպ չպայմանավորելով այս գործընթացը ինչ-որ հիմքերի առկայությամբ: Փոխարենը «Զինվորական ծառայության եւ Զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով որոշակի անորոշություն կա: Այսինքն՝ առերեւույթ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ու մյուս բարձրագույն զինվորականները նշանակվում եւ ազատվում են այն ընթացակարգով ինչպես օրինակ՝ միջին, կրտսեր կամ բարձր սպայակազմի ներկայացուցիչները, ինչը, որ առերեւույթ հակասահմանադրական է քանի որ օրենքով այնպիսի պահանջներ են առաջադրված ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի ազատմանը, որը որ Սահմանադրությամբ նախատեսված չէ: Տվյալ պարագայում նախագահն առաջնորդվել է Սահմանադրությամբ, որն ուղղակիորեն գործող իրավաբանական նորմատիվ ակտ է: Սահմանադրության եւ օրենքի հակասության պարագայում գործողը Սահմանադրությունն է: Հետեւաբար, նախագահը հանգել է շատ ճիշտ եզրակացության՝ որ այստեղ չկա վարչապետի առաջարկության հակասահմանադրականություն, փոխարենը կա նշյալ օրենքի եւ Սահմանադրության միջեւ հակասություն»,-ասաց պարոն Խալաթյանը՝ նշելով, որ նախագահը ստորագրելով չի ցանկացել կողմերից որեւէ մեկի օգտին հանդես գալ. «Փաստ է, որ Գլխավոր շտաբի պետը խախտել է Սահմանադրության 14-րդ հոդվածը եւ պետք է պաշտոնանկ արվի, ինչը արդեն արվել է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031