Լրահոս
Օրվա լրահոսը

Լույս ճառագող կինը՝ Շակիրա

Մարտ 06,2021 13:00

«Լույս ճառագելու բազմաթիվ ուղիներ կան, բայց ամենակարճը սերն է», «Մենք այս աշխարհ ենք գալիս բազմաթիվ շերտերով, սակայն կյանքը պատռում է դրանք եւ մերկացնում քո էությունը»… Սրանք կոլումբիացի երգչուհի, պարուհի, երաժշտական պրոդյուսեր եւ մոդել Շակիրայի մտքերն են: Նա վերջերս նշել է իր ծննդյան 44-ամյակը:

kulturologia.ru-ն անդրադառնալով կրակոտ գեղեցկուհուն՝ նշել է, որ բացի ի վերուստ տրված շնորհները, Շակիրան բավականին աշխատասեր մարդ է, եւ անչափ քրտնաջան է գործել՝ փառքի գագաթին հասնելու համար: Նրա կյանքում եղել են եւ վերելքներ, եւ վայրէջքներ:

Ներկայումս Շակիրան բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ MTV Video Music Awards, Գրեմմի, «Լատինական Գրեմմի», Billboard Music Awards, Billboard Latin Music Awards եւ այլն: Նա իր աստղն ունի Հոլիվուդի Փառքի ծառուղում եւ մեկն է բոլոր ժամանակների ամենաշատ ալբոմներ վաճառած արտիստներից:

Շակիրայի ալբոմները վաճառվել են ավելի քան 70 միլիոն օրինակով: Նա մի քանի անգամ ընդգրկվել է «Ֆորբսի» ցուցակում՝ որպես աշխարհի ամենաազդեցիկ 100 կանանցից մեկը։ Շակիրան նաեւ առանձնանում է իր բարձր ինտելեկտով, նրա IQ-ն 140 է:

Նա ծնվել է Կոլումբիայի Բարանկիլիա քաղաքում, մորական կողմի նախնիներն իսպանացիներ ու իտալացիներ են: Շակիրան մեծացել է որպես կաթոլիկ, հաճախել է կաթոլիկական դպրոց: Նրա հայրը ոսկերչական խանութ ուներ, ազատ ժամանակ պատմվածքներ էր գրում:

Շակիրան մանկուց շրջապատված է եղել գրքերով եւ թանկարժեք քարերով: Ծնողները նրա կրթության համար ոչինչ չեն խնայել: Նա դպրոց է գնացել 4 տարեկանում: Առաջին անգամ սիրահարվել է 13 տարեկանում, նրա սիրո օբյեկտը հարեւանի որդին էր: Մայրաքաղաք տեղափոխվելուց հետո նա սկսել է հանդիպել հայտնի դերասան Օսվալդ Ռիոսի հետ, սակայն նրանց սիրավեպը ձգվել է ընդամենն ութ ամիս: Հաջորդը արգենտինացի փաստաբան Ֆերնանդո դե լա Ռուա Անտոնիոն էր, որի հետ հարսանիքն այդպես էլ չկայացավ, թեեւ սիրավեպը երկար տեւեց:

Նա լուրջ հարաբերություններ ունի իսպանացի ֆուտբոլիստ, «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի եւ Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Ժերար Պիկեի հետ: Նրանք հանդիպել են 2010 թվականի գարնանը, երբ Պիկեն նկարահանվել է երգչուհու Waka Waka հայտնի երգի տեսահոլովակում, որը դարձել էր 2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական երգը: Նրանք պաշտոնապես չեն օրինականացրել իրենց հարաբերությունները՝ անգամ երեխաներ ունենալուց հետո:

Շակիրան իր երկրում ազգային հերոս է համարվում, նա հիմնադրամ է ստեղծել, որտեղ ներդնում է իր հոնորարների 50 տոկոսը ու դրանք ուղղում Կոլումբիայի աղքատ թաղամասերի դպրոցների կարիքներին:

Շակիրան միշտ հայտարարում է, որ իր կյանքը նման է մի գավաթ մաքուր ջրի, եւ որ կյանքում յուրաքանչյուր ոք պայքարում է իր տեղն ունենալու համար: Ինչ վերաբերում է երգերին, այդ մասին էլ ասել է. «Իմ երգերն արտահայտում են այն ամենը, ինչ ես զգում եմ այդ պահին»:

Պատրաստեց
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
05.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031