Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Դա ընկալում ենք ՀՔԾ-ի կողմից այդ գործը փակելու հնարավորություն». Կարեն Տոնոյանը՝ «Սարի թաղի» գործի քննության կասեցման մասին

Մարտ 11,2021 16:01

«Գործի վարույթի կասեցման հիմնավորումը նույնն է, ինչ նախորդ անգամ՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի՝ հայտնի չլինելու պատճառով»,-«Մեդիա կենտրոն»-ում կազմակերպված «5 տարի նախաքննության փուլում գտնվող Սարի թաղի գործի քննությունը կրկին կասեցվեց» թեմայով քննարկման ժամանակ տեղեկացրեց Սարի թաղում ոստիկանական գործողություններից տուժած լրագրողների շահերը ներկայացնող փաստաբան Կարեն Տոնոյանը:

Փաստաբանի մեկնաբանմամբ՝ քանի որ այս պահին հնարավոր միջոցները սպառված են, այդ հիմնավորմամբ «Սարի թաղի» գործի վարույթը կասեցվել է:

Նա հիշեցրեց՝ 2018-ի սեպտեմբերին էլ էր գործի քննությունը կասեցվել. այն ժամանակ բողոքարկել էին կասեցման որոշումը, այն ժամանակ էլ ՀՔԾ-ն գտնում էր, որ իրենք բոլոր անհրաժեշտ գործողությունները կատարել են և այլևս չունեն որևէ գործողություն կատարելու, ուստի անհրաժեշտ է գործի վարույթը կասեցնել. «Այն ժամանակ դատարանը գտավ, որ հիմնավոր չէ ՀՔԾ-ի որոշումը, և դեռ կան որոշակի գործողություններ իրականացնելու: Այդ մասով բավարարվել էր բողոքը, դա Արթուր Սաքունցի բողոքն էր, մեկ այլ լրագրողի մասին ներկայացված և այդ հիմնավորմամբ վերաքննիչ դատարանը բավարարել էր, և գործի վարույթը, քննությունը վերսկսվեց: Մենք էլ այս նույն ժամանակ ևս դիմել էինք դատարան կասեցման որոշումը վերցնելու պահանջով: Առաջին ատյանի դատարանը դարձյալ մերժել էր, վերաքննիչ դատարանը գործի քննելու ժամանակ քննչական ծառայությանը գրավոր ուղարկել է դատարան և տեղեկացրել, որ գործի վարույթը վերսկսված է»:

Փաստաբանն ասաց՝ այս պահին էլ ունենք նույն իրավիճակը: Կարեն Տոնոյանը մանրամասնեց. «Որոշումը ստացել ենք ՀՔԾ-ից, ներկայացրել ենք, թե ինչ գործողություններ են իրականացվել կասեցման որոշումից հետո և դարձյալ գտնում ենք, որ այս պահին այլևս չկա նոր գործողություններ իրականացնելու հնարավորություն: Եվ գործի վարույթը կասեցրել են»:

Հարցին՝ երբ ՀՔԾ-ն առաջին անգամ կասեցրեց գործի քննությունը, նշել էր, որ դա չի նշանակում՝ գործի վարույթը կասեցվել է և հարցին՝ արդյոք քննչական գործողությունները շարունակվե՞լ են 2019-ից ի վեր, փաստաբանը պատասխանեց. «ՀՔԾ-ի կողմից նման նշում կատարելն իրականում ոչ թե իրենց նախաձեռնությունը կամ բարի կամքն է, այլ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պահանջ: Այսինքն՝ գործի վարույթի կասեցում չի նշանակում, որ քննիչը որևէ գործողություն չպետք է կատարի: Կասեցումից հետո ևս կարող են իրականացվել մի շարք քննչական և դատավարական գործողություններ, և նրանց կողմից նշումը վերաբերում է այդ հատվածին»:

Կարեն Տոնոյանը նաև պարզաբանեց՝ ինչու համաձայն չեն գործի կասեցման որոշման հետ. «Ունենք մի իրավիճակ, երբ կոնկրետ այս գործն արդեն հինգ տարի է գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, գործի վարույթը կասեցված չէ: Այս դեպքում հինգ տարի նախաքննություն իրականացնելու դեպքում հնարավոր չի լինում պարզել՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձանց, ուստի մեզ մոտ խիստ կասկածներ են առաջանում՝ եթե ակտիվ նախաքննության փուլում չեն կարողանում բացահայտել գործը, ապա կասեցված վիճակով ինչպե՞ս պիտի իրականացնեն: Մենք դա ընկանում ենք փաստացի գործի վարույթի փակում, ոչ թե կասեցում: Դա ընկալում ենք ՀՔԾ-ի կողմից հնարավորություն այդ գործը փակել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031