Լրահոս
Օրվա լրահոսը

Վկա ոստիկանը ոչինչ չէր հիշում (տեսանյութ)

Մայիս 05,2017 20:56

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվում էր «Սարի թաղի» գործով Հարություն Թորոսյանի, Հրայր Իսախանյանի, Անդրանիկ Քյոսեյանի, Էդուարդ Զեյթունյանի դատաքննությունը: Նրանք մեղադրվում են անցած տարվա հունիսին, «Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավումից հետո, հուլիսի 19-ին, Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ոստիկանների հանդեպ բռնություն գործադրելու մեջ:

Դատարանն այսօր լսեց գործով վկա ոստիկան Արման Գեւորգյանի ցուցմունքը: «Չեմ տեսել ով ա քարերը նետել, երբ մոտեցա Որմնադիրների փողոցին, վայրկյաններ անց քարեր նետվեցին: Թե ո՞ւմ կողմից ա քարերը նետվել, ո՞ւմ նետած քարն ում ա կպել`չեմ տեսել»,- դատարանում ասաց ոստիկանը, ով այդ օրը հերթապահություն է իրականացրել այդ տարածքում, մասնավորաբար, համածառայակիցների հետ այցելել է տարածքի բնակիչների տները`հորդորելու համար, որպեսզի իրենց իսկ անվտանգությունից ելնելով, մի քանի օրով այլ տեղ տեղափոխվեն բնակվելու: Հետո`ինքն էլ չգիտե, թե ինչպես, հայտնվել է ոստիկանների եւ քաղաքացիների բախման վայրում:

Քաղաքացիների կողմից ոստիկանների նկատմամբ սպառնալիքներ հնչել են, թե ոչ`չի հիշում: Հայհոյանքներ լսել է: Ըմբոստացող քաղաքացիներից դժգոհություններ չի լսել, որ հոսանք, գազ չունեն: Հիշեցնենք, այդ օրերին, տարածքի բնակիչները դժգոհություններ էին հայտնում, որ արդեն տեւական ժամանակ տարածքը հոսանքազրկված  եւ գազազրկված է, նաեւ հասարակական տրանսպորտն այդ տարածքով չէր անցնում:

«Ասում էին`շնորհակալ ենք, որ մտածում եք, բայց մենք կորոշենք`ուրիշ տեղ տեղափոխվենք ապրելու, թե`ոչ»,- պատմում է ոստիկանն իր ու քաղաքացիների զրույցներից:

Բայց մի բան հաստատ է հիշում, արդեն բախման ժամանակ քարերը նետել են քաղաքացիները: Անուններ, դեմքեր չի ֆիքսել:

Ոստիկանությունն էլ, ասում է կրակել է օդ` նախազգուշական, ինչից հետո, ըստ ոստիկանի, «էդ վիճակը մի քիչ հանդարտվեց. ինչքան հիշում եմ, քաղաքացիները ետ գնացին, մենք էլ գնացինք, բայց որոշակի ժամանակ անց, նրանց մի մասը վերադարձան»: Ոստիկանը բացառում է, որ քաղաքացիական համազգեստով ոստիկաններ լինեին քաղաքացիների մեջ եւ նրանք հարվածեին, հայհոյեին, սրեին իրավիճակը. «Մտածում եմ, որ չէր կարող լինել էդպիսի բան»: Գոռգոռոցների եւ հայհոյանքների մեջ էլ չի կարողացել տարբերակել, թե ի՞նչ հրազենից են հնչել կրակոցները: Չի հիշում թե կոնկրետ ով ում է քաշքշում, չի էլ տեսել, թե ով ում է խփել:

Երբ ցուցմունք տվող ոստիկանը հերթական անգամ կրկնեց այս միտքը, դատավորը հայտարարեց, որ վկայի նախաքննական ցուցմունքների հետ հակասություն կա: Նախաքննական ցուցմունքում ոստիկանը քաղաքացիների կողմից հնչած սպառնալիքների մասին հարցին պատասխանել է. «Միջադեպը տեւել է 10-15 րոպե, ասում էին նաեւ, որ եթե մեր կողմից ճանապարհը չբացվի, ապա նրանք անիվներ կյարեն եւ կուզղղեն մեր ուղղությամբ»: Նախաքննական ցուցմունքը տրվել է 2016 թվականի  հուլիս  22-ին:

Այլ մանրամասները`տեսանյութում:

Պաշտպաններից Լիպարիտ Սարգսյանն առարկեց դատավորի դիտարկմանը. «Հակասություն չկա, քանի որ անիվներ այրելը սպառնալիք չէ»: Հետո, արդեն, վկային տարբեր հարցեր տալուց հետո, Լիպարիտ Սարգսյանը հայտարարեց. «Տպավորություն է, որը  ինչը պետք չէ, չեք հիշում, որը պետք է` հիշում եք»:

«Հիշի, քո պատճառով էս երեխեքը մի տարի ա նստած են»,- հնչեց դահլիճից:

Մեղադրյալ Անդրանիկ Քյոսեյանի նյարդերը նույնպես տեղի տվեցին. «Էլ հարցեր մի տվեք, մեկ ա չի հշում, ինչ հարցրին`չեմ հիշում, չեմ հիշում…»:

Պաշտպաններից Գրիշա Բալասանյանն էլ տարակուսեց. «Դուք վկա եք, ինչի՞ եք եկել դատարան, որ ոչինչ չեք հիշում»:

Մանրամասները` տեսանյութում:

Նիստը կշարունակվի մայիսի 23-ին, 12. 30:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031