Լրահոս
Օրվա լրահոսը

Էկո ճագարներ՝ սահմանամերձ Շիկահողում

Մարտ 14,2021 13:26

Սյունիքի Շիկահող սահմանամերձ գյուղում 30-ամյա Հարութ Աղաթելյանը իր փոքրիկ ճագարաբուծարանն է հիմնել։

Հայրն էր ճագարներ պահում։ 8 տարեկան էր Հարութը, երբ սկսեց հետեւել հոր աշխատանքին, հետաքրքրվել ու խորանալ ճագարաբուծության մեջ։ Այդպես սիրեց այդ փափուկ կենդանիներին ու, իր խոսքով, կամաց-կամաց զբաղվելով՝ հիմնեց տնտեսությունը։ «Ութ տարի է՝ սկսել եմ այս գործը, բայց ցանկալի արդյունքի հասել եմ երեք տարի առաջ»,-ասում է Հարութը։ Տնտեսությունը փոքր է, առայժմ տնամերձ հողամասում։ Հարութը պատմում է, որ իր տնտեսությունում ամեն ինչ բնական է, այսպես ասած՝ «էկո»։

«1 կգ կենդանի քաշի վրա ծախսում եմ 5-5,5 կգ բնական կեր, որ ես եմ պատրաստում։ Եթե խանութից գնեմ կերը, ապա կծախսեմ 3-3,5 կգ կեր, այսինքն խանութից գնված կերը հավելումներով է, արհեստական հորմոններ կան, դրա համար չեմ օգտագործում»,–ասում է Հարութը։

Սա է պատճառը, երբ գնորդներին ասում է վաճառվող ճագարի գինը՝ զարմանում են, որ թանկ է։ «Չեմ դժգոհում շուկայից, նրանք, ովքեր տեղյակ են ճագարի մսի օգտակարության մասին, որ չի գիրացնում, խոլեսթերին չի պարունակում, առնում են»,–ասում է Հարութը։ Գարի, խոտ, առվույտ, ցորեն, երբեմն էլ արեւածաղիկ է տալիս ճագարներին, ինքն է խառնուրդ կեր պատրաստում։ Առայժմ միակն է տնտեսությունում, ամեն ինչ իր ձեռքով է անում։

«Վախենում եմ վարակներ ներս տանեն, ոչ մեկին չեմ թողնում մտնեն ներս։ Անգամ ես ճագարաբուծարան մտնելուց առաջ ախտահանվում եմ։ Սեզոնային պատվաստումներ չեմ անում, անհրաժեշտության դեպքում փորձում եմ բուժումներն անել դեղաբույսերով, որպեսզի ավելի բնական լինի»,–ասում է Հարութը՝ շարունակելով, որ տարիների փորձը շատ բան է սովորեցրել իրեն։

Աշխատել է, ամեն ամիս ստացած աշխատավարձից բաժին է հանել ճագարաբուծական տնտեսությանը։ Մի անգամ է վարկ վերցրել՝ սարքավորումներ գնելու նպատակով, վարկը արդեն վճարել է։ Կառավարության կողմից տրվող սոցիալական աջակցության ոչ մի ծրագրի չի դիմել։ Մեր այն դիտարկմանը՝ թե դժվա՞ր չէ ճագարաբուծությունը, նաեւ քիչ եկամուտ է բերում, ավելի հե՞շտ չէր հավաբուծությունը՝ ասում է․ «Հավերը շատ են ձայն հանում, մի հատ ձու են ածում, կես ժամ կչկչում։ Ճագարները համեստ, հանգիստ կենդանիներ են ու հետո եկամուտը կապ չունի։ Բոլոր գործերն էլ եկամտաբեր են, ուղղակի պիտի ճիշտ կազմակերպես, իմանաս, որ տեսակը բուծես այս տարածաշրջանում, որպեսզի աճեն, բազմանան»։

«Շիկահող» ճագարաբուծական տնտեսությունում Հարութը հիմա «Թիթեռնիկ», «Նորզելանդական», «Բուրգունդյան», «Կալիֆորնիական» ցեղատեսակի ճագարներ ունի։ Գերակշռում են վերջին երկու ցեղատեսակները։ Աշխատում է տարբեր ցեղատեսակների խաչասերման վրա, որպեսզի ստանա նոր տեսակ։ «Ուզում եմ համոզվել, թե նոր ցեղատեսակներից որը ավելի լավ կապրի Շիկահողի բնության մեջ»,–ասում է նա։ Մոտ 200 գլուխ ճագար ունի, 50-ից ավելի մայրացու։

Ծրագրեր շատ ուներ, բայց անցած տարվա պատերազմը խառնեց ամեն ինչ։ Շիկահող գյուղը դարձավ սահմանային՝ իր բոլոր խնդիրներով։ «Այս անորոշ վիճակը փոխեց ծրագրերս։ Մտադիր էի տնտեսությունը զարգացնելու, բայց անորոշ վիճակ է։ Հաստատ դեռ ոչ մի բան չեմ անի։ Ճիշտ է, կյանքը շարունակվում է, բայց չգիտես վաղը ինչ կլինի»,–մեր զրույցն է եզրափակում Հարութը։

Միայն մի բանում է համոզված՝ ինչ էլ լինի, չի հեռանալու հարազատ Շիկահողից․ապրելու է ու զարգացնելու իր էկո–բիզնեսը։

Լուսանկարները տրամադրել է Հարութ ԱՂԱԹԵԼՅԱՆԸ
Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031