Լրահոս
Օրվա լրահոսը

Մանրամասներ՝ Գյումրիում տեղի ունեցած վենդետայից․ հոր վիզը կտրել էին երեխաների աչքի առաջ

Մարտ 22,2021 22:30

Գյումրու Մուշ թաղամասի շենքերից մեկի դիմաց նախորդ շաբաթ տեղի ունեցած դաժան սպանությունից այդ քաղաքի բնակիչները դեռ ուշքի չեն գալիս։ Ոստիկանները շենքից չեն հեռանում, ոստիկանական մեքենան մի շաբաթ է՝ կանգնած է սպանության կատարելու մեջ կասկածվող անձի մուտքի մոտ։

Հիշեցնենք, որ օրը ցերեկով՝ ժամը 14․00-ի սահմաններում շենքի բակում դաժանորեն կտրել էին 37-ամյա Ռաֆիկ Մնացականյանի պարանոցը, իսկ մինչ այդ մուտքի մեջ դանակի հարվածներով բազմաթիվ վնասվածքներ հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին։ Վերջինիս կնոջը՝ Անուշ Սարդարյանին ու հորաքրոջ տղային ևս մարմնական ծանր վնասվածքներ էին հասցրել։

Սպանության մեջ կասկածվում է նրանց հարևանը՝ 34-ամյա Հ․Թամոյանը, որն, ըստ էության, վրեժ է լուծել այն բանի համար, որ Ռաֆիկ Մնացականյանի մեքենայով Երևան ուղևորվելիս՝ սառցակալված ճանապարհների պատճառով տեղի ունեցած ավտովթարից դժբախտ պատահարի զոհ էին դարձել իր եղբայրն ու հայրը։ Վթարը տեղի էր ունեցել հունվարի 30-ին, դրանից դեռ երկու ամիս չանցած՝ կրտսեր որդին վրեժ է լուծել։

Վթարը տեղի էր ունեցել Արագածոտնի մարզում, վթարի զոհ դարձած 36-ամյա Էմիլ Թամոյանն աշխատել է ոստիկանության Մուշ բաժնի քրեական հետախուզության բաժնում՝ որպես ավագ օպերլիազոր։ Նա մասնակցել էր արցախյան գոյամարտին ու Շուշիի մշակույթի տանը տեղի ունեցած ռմբակոծությունից կորցրել էր ձեռքը։ Վերջինս իր հոր՝ Արտուշ Թամոյանի հետ հունվարի 30-ին իրենց հարևանի՝ Ռաֆիկ Մնացականյանի մեքենայով մեկնել էին Երևան՝ ձեռքը պրոթեզավորելու։

Ռաֆիկ Մնացականյանը, որը երկու մանկահասակ երեխաների հայր է, տունը պահում էր տաքսու վարորդ աշխատելով։ Ողբերգական ավտովթարից Էմիլ Թամոյանը տեղում մահացել էր, իսկ նրա հայրը, որին տեղափոխել էին հիվանդանոց, մահացել էր մի քանի օր անց։

Թամոյանի կրտսեր որդին էլ մարտի 13-ին լուծել էր հոր ու եղբոր վրեժը։ Ի դեպ, նրանք որպես հարևաններ՝ բավական լավ հարաբերությունների մեջ են եղել։

Դաժանաբար սպանված վարորդի՝ Ռաֆիկ Մնացականյանի կինն ու մայրը Aravot.am-ին մանրամասներ պատմեցին թե՛ դժբախտ պատահարից, և թե՛ դրան հաջորդած սպանությունից։ Նրանք նաև իրենց մտավախությունը հայտնեցին առ այն, որ հնարավոր է հարուցված քրգործը օբյեկտիվորեն չքննվի, քանի որ սպանության մեջ կասկածվող անձի թե՛ եղբայրը, և թե՛ հայրը եղել են ոստիկանության աշխատակիցներ ու չի բացառվում՝ իրավապահները զիջումների գնան, այլ ուղղությամբ տանեն քննությունը, «ծածկադմբոց անեն», թե աֆեկտի տակ է եղել կամ «ջրեն»՝ վկայակոչելով սպանությունը կատարած անձի հոգեբուժարանից թուղթ ունենալը։ Նրանք մտահոգված են նաև իրենց ընտանիքի մյուս անդամների անվտանգությամբ․ հարազատները պնդում են, որ սա եղել է պլանավորած սպանություն։

«Եթե նորմալ քննություն չընթանա, ես կպահանջեմ գործը քննել այլ մարզում, պահանջում եմ խիստ, օբյեկտիվ քննություն։ Իմ երկու երեխաները պատուհանից տեսել են հոր սպանվելը։ Աղջիկս հորեղբորս աղջկան պատմում էր, թե գիտես՝ պապաս արյան մեջ էր, բլուզը սաղ արյուն էր ու կվազեր, էն ձյաձյան դանակով անընդհատ կխփեր պապայիս։ Երեխային ոչ մեկը ոչ մի հարց չէր տվել․․․ Դեպքից հետո, երբ ներս մտա, տեսա, աղջիկս պատուհանից նայում էր, ասի՝ էրեխեք, ներս անցեք սենյակ, մինչև իմ ձայնը չլսեք, դուրս չգաք, մտածեցի՝ երեխաներիս էլ կվնասեն»,-ասաց Անուշ Սարդարյանը։

Ռաֆիկ Մնացականյանի կինը՝ Անուշ Սարդարյանը, որի պարանոցը ևս դանակի հարվածներով կտրել էր հարևանը՝ Հ․Թամոյանը, պատմեց, որ ավտովթարից հետո իր ամուսինը սարսափելի հոգեբանական վիճակում է եղել, գիշերները չի քնել, աչքին անընդհատ մահացած Թամոյաններն են եկել, շատ վատ է զգացել իրեն։ Նա միշտ ասել է՝ իմ երկու երեխաների պես տիրություն կանեմ նաև Էմիլի երեք անչափահաս զավակներին։

Անուշի փաստմամբ, ավտովթարից հետո իրենց ընտանիքը հոգացել է բժշկական կենտրոն տեղափոխված Արտուշ Թամոյանի դեղորայքի ու հիվանդանոցային բոլոր ծախսերը․ կան բոլոր անդորրագրերը։ Ավելին, Ռաֆիկ Մնացականյանը հենց իր սպանության օրը, առավոտյան բանկում հաշվեհամար է բացել, որպեսզի գումար փոխանցի ու օգնի Էմիլ Թամոյանի երեք անչափահաս երեխաներին։

Փոխարենը, ըստ Անուշ Սարդարյանի, Թամոյանները պլանավորել էին վրեժ լուծել ու սպանել ամուսնուն։

Անուշի փոխանցմամբ, նույնիսկ իրենց թաղի տեսուչն է պատմել , որ ավտովթարից հետո ոստիկաններն անընդհատ Թամոյանների կրտսեր որդու հետ բացատրական աշխատանքներ են տարել։ Ասել են, թե դժբախտ դեպք է՝ հո չեն տարել, եղբորդ ու հորդ սպանել։ Սակայն սա էլ խրատ չի եղել նրան, որոշել է վրեժ լուծել ու վերջ։ Ի դեպ, ըստ Անուշի, ամբողջ շենքից ոչ մեկը չի իմացել, որ Թամոյանների կրտսեր որդին հոգեբուժարանում գրանցված է։

Անուշ Սարդարյանի ասելով, այդ նույն ոստիկանները, սպանության օրը խրատել են Թամոյանի որդուն՝ երբ հանձնվի ու ինչպես։ Հիմա էլ, ըստ նրա, սուտ, ապակողմնորոշող խոսակցություններ են տարածում, թե իբր սպանության մեջ կասկածվողը իրենցից գումար է ուզել, չեն տվել , մի բան էլ հարձակվել են նրա վրա։ Նույնիսկ քննչականում Անուշին հարցրել են, թե դանակ տեսե՞լ ես սկեսրայրիդ ձեռքը։ Անուշի ասելով ՝ սկեսրայրը խելագարված էր, շոկի մեջ էր, չգիտեր ինչ աներ, երբ որդուն մորթված վիճակում է տեսել․ որդին մահացել էր հոր ձեռքերի մեջ։

«Հունվարի 29-ին մահացողի՝ Էմիլի կինը՝ Գայանեն, ուշ ժամի՝ 22․00-ի սահմաններում եկավ մեր տուն, զարմացանք․ ինքը մեր տուն երբևէ չէր եկել ու ասաց՝ Ռաֆիկի հեռախոսահամարը կտա՞ք։ Սկեսուրս հարցրեց՝ ի՞նչ է եղել Գայանե ջան, ասաց, որ ամուսնու պրոթեզավորման համար ասեղնաբուժություն է սկսվել ու ուզում են Ռաֆիկը իր մեքենայով տանի Երևան։ Այն տաքսու վարորդը, որը իրենց միշտ Երևան էր տանում, հարսանիքի էր հրավիրված, շաբաթ օր էր։ Մենք էլ հարցուփորձ արեցինք, թե ինչ վիճակում է Էմիլը, պատմեց, որ բարերար են գտել պրոթեզավորման համար։ Հեռախոսահամարը տվեցինք, պայմանավորվեցին ամուսնուս հետ՝ Երևան տեղափոխելու։ Ամուսինն էլ ասաց, որ գազ լցնեմ մեքենայի մեջ, ես փողով չեմ տանելու, ինձ չեմ կարող նման բան թույլ տալ․ հարևան մարդիկ ենք, բացի դրանից, Էմիլը պատերազմ գնա, ձեռքը կորցնի մեր համար, ես փող վերցնե՞մ, բացառվում է։ Գազն էլ նախապես լցրեց, ասեց՝ հանկարծ չլինի ճանապարհին կանգնենք, Արտյուշ ձյաձյան գրպանը ձեռքը տանի, անհարմար բան չստացվի ինձ համար։

Առավոտյան ճանապարհեցինք Երևան, սկեսրայրս ամուսնուս ասաց՝ զգույշ կքշես, ձյուն է։ Արտուշ ձյաձյան էլ ասաց, թե չեմ թողնի արագ քշի, հանգիստ եղեք, թեև իմ ամուսինը երբեք մեքենան արագ չի քշում։

Ամուսինս պատմում էր, որ ճանապարհին ինչ հարց տվել է Էմիլին, բացարձակապես չի արձագանքել ու ասում էր՝ այնպիսի հայացք էր ընդունել, աչքերը ուռած էին, որ վախեցա, հայելիս կամաց դարձրեցի, որ իր դեմքը չտեսնեմ։ Վթարից կես ժամ առաջ էլ Էմիլը իր մոտի փողը տվել է հորը և ասել է՝ սաղ պահի մոտդ։

Ամուսինս ասում էր՝ մենակ հիշում եմ Արտյուշ ձյաձյայի խոսքերը, երբ դիմացից «Մերսեդես»-ը եկավ, բղավեց՝ վայ-վայ ու այդ «Մերսեդես»-ը խփեց մեքենային։ Ամուսինս աչքերը բացել է, տեսել, որ Արտուշ ձյաձյան արնաշաղախ իր վրա է ընկած եղել։ Մարդ չի եղել ավտոմայրուղում, որ օգնություն ցույց տա, գազի բալոնի արտահոսք է եղել, ամուսինս մի կերպ կարողացել է դա վերացնի։ Հետո մարդիկ են եկել, օգնել իրեն, Էմիլին են ուշքի բերել, նա միանգամից տեղում չի մահացել, շտապօգնության մեքենայի մեջ՝ ճանապարհին է մահացել։ Էմիլը 40 րոպե պառկած է եղել գետնին, մինչ շտապօգնությունը հասել է։ Իսկ Արտուշ ձյաձյային մի մեքենայով տարել են Թալին, այնտեղից նոր շտապօգնության մեքենայով տեղափոխել են Երևան հիվանդանոց», -պատմեց Անուշ Սարդարյանը։

Նա ասաց, որ այս վթարից հետո Արտուշ Թամոյանի մյուս որդին՝ Հ․ Թամոյանը պոռթկացել, անպատվել է իր սկեսրայրին, թե՝ որդիդ մեքենա քշել չգիտեր, ինչու էր եղբորս ու հորս տանում Երևան։ Սկեսրայրը լռել է՝ իրավիճակը չսրելու համար։

«Էդ տղային իր հավատքի մեջ գտնվող տղաներից մեկը քաշեց, տարավ մեր պատուհաններից հեռու։ Ինքն էլի էր ուզում գալ, բայց իրեն քաշեց, տարավ։ Այս ամբողջ ընթացքում բոլոր հիվանդանոցային ծախսերը մենք ենք արել, սկեսրայրս անընդհատ իրենց մոտ գումար էր թողնում, ասում էր՝ եթե ես էստեղ չլինեմ, դուք դեղորայք գնեք, եթե գումարը չէր հերիքում, իրենք առնում էին, երկրորդ օրն անդորրագիրը տալիս էին սկեսրայրիս, սկեսրայրս փողը վերադարձնում էր։ Միայն նախավերջին օրը 100 հազար դրամի դեղ ենք առել․ բոլոր անդորրագրերը կան՝ բժշկի բաղադրատոմսով։

Սկսերայրս երկու անգամ բժիշկ է տարել, բայց իրենք քննիչին ներկայացրել էին, թե մենք ոչ մի բան չենք արել, անմարդկային վերաբերմունք ենք ցուցաբերել։ Ամուսին շատ ծանր էր տանում վթարը, ասում էր՝ աչքերս բացում եմ, Էմիլին եմ տեսնում, փակում եմ, էլի Էմիլին եմ տեսնում, ինձ մեղավոր էլ չճանաչեն, ես սաղ կյանքս էդ էրեխեքին իմ էրեխեքից չպիտի տարբերեմ։

Իսկ ամուսնուս սպանության օրը, ամուսինս պիտի գնար, որ հաշվեհամար բացեր, ասաց՝ հնարավոր է առձեռն ինձանից գումար չվերցնեն, փոխանցումով անեմ։ Ոսկի էր գրավադրել, գումար հանել, որ վթարից մահացած Էմիլի երեխեքին փոխանցի։ Էմիլի մեծ երեխային էլ, որը 10 տարեկան է, ներշնչել էին, որ ամուսինս է սպանել իր հորը։ Մի անգամ այդ երեխան ասել էր՝ ես պապայիս սպանողին էլ կմորթեմ, իրենց երեխեքին էլ, սկեսրայրս անձամբ է լսել։ Ագրեսիա էին ներշնչել, իր հոր հուղարկավորության օրը երեխան ասել էր՝ պապայիս կաբինետը թողեք, ես նստեմ, որ պապայիս վրեժը լուծեմ։ Նույն դպրոցում են սովորում իմ աղջկա հետ, դասղեկին խնդրել էի, որ իմ երեխային դասամիջոցին դուրս չթողնի դասարանից, որ այդ երեխան հանկարծ չվնասի»։

Անուշ Սարդարյանը պատմում է, որ սպանության նախորդ օրը հարևանը՝ Է․ Թամոյանը մուտքի մոտ կարծես հսկում էր, անընդհատ ներս ու դուրս էր անում։

«Ես դա տեսնելով՝ անգամ խանութ դուրս չեկա, ես խուսափում էի իրենցից․ և՛ վատ էի զգում, և՛ նաև վախենում էի։ Իրենք ավտովթարից հետո անընդհատ հարևանների հետ մեսիջ էին ուղարկում, մի անգամ ասել էին, թե 22 հազար դոլար վարկ ունենք, թող փակեն, չբողոքեք։ Դա ասել էր մեր դիմացի հարևանուհուն, որ գա, մեզ փոխանցի։ Իսկ ամուսնուցս գումար ուզել էր մարտի 4-ին, կանչել էր շքամուտքի մոտ, զրուցել էին ու գումար էր ուզել։ Ասել էր՝ տանը երեխաներ կան, ինչո՞ւ չեք գալիս, չեք գնում, երեխեքն ապրել են ուզում։ Ամուսինս ասել էր՝ պապայիդ արարողությունն անցի, գանք, զրուցենք, մեկը թող լինի ձեր մեծերից, որ գանք, նստենք, տեսնենք ինչ ենք անում։ Ինքը զանգել էր իրենց մեծերից մեկին, որը պատճառաբանել էր, թե մեքենան փչացել է, չի կարող գալ։ Պայմանավորվել էին՝ հենց գա իրենց մեծը, կզանգեն, կկանչեն ամուսնուս։ Ու դեպքի օրը, երբ այդ տղան կանչել էր ամուսնուս, ամուսինս մտածել է՝ գերդաստանի մեծն է եկել ու իրեն կանչում են, որ պայմանավորվեն հետագա անելիքների համար։

Ամուսինս ավտովթարի գործով քննիչին ասել էր՝ ես տեր եմ Էմիլի երեխաներին, կաշխատիմ 100 դրամ, 90-ը պիտի լինի իրենցը, 10-ը իմ երեխաներինն է՝ անկախ նրանից՝ ես ավտովթարի գործով մեղավոր դուրս կգամ, թե՞ անմեղ։ Փորձաքննության պատասխանը դեռ չէր եկել, ամուսինս չգիտեր՝ մեղավոր է ինքը, թե՞ ոչ, բայց անկախ դրանից, մենք բոլոր դեղորայքային ծախսերը հոգացել ենք, անգամ Արտուշ Թամոյանին դիահերձարան տանելու փողն են ուզել մեզանից», -պատմեց Անուշ Սարդարյանը։

Նա պատմեց, որ սպանության օրը իր ամուսինը հորաքրոջ տղայի հետ տանից դուրս է եկել, ինքն էլ նրանց հետ դուրս է եկել՝ լվացքը հավաքելու ու ականատես է եղել, թե ինչպես 34-ամյա Հ․ Թամոյանը կիսագողական, ագրեսիվ տոնով ամուսնուն կանչել է՝ ասելով․ «Ծո արի էստեղ, գործ կա, խոսելու բան կա»։

«Ամուսինն էլ ասաց՝ Կիմիկ, էդ տղային տանը Կիմիկ են ասում, արի մեքենայի մեջ նստենք, շնորհքով խոսենք, ոչ թե մուտքերի մեջ՝ թաքուն խոսենք։ Ամուսինս իմ վրա ջղայնացավ, թե դու գնա ներս։ Ես ավտոյի ընթացքը չեմ տեսել, ես լվացքը հավաքեցի, մտա մեր մուտք, դուռը բացեցի ու գոռգոռոցներ լսեցի։ Եկա, սկեսրայրս կանգնած էր պատուհանի մոտ, ասի պա, երևի իրար են ծեծում, չմտածեցի՝ սպանություն է։ Դուրս եկա, տեսա ամուսինս արնաշաղախ վազում էր, Կիմիկը՝ հետևից։ Մի պահ էդ Կիմիկի փեշից քաշեցի, ինքն ինձ հրեց, բայց ես չընկա, տեսա, որ ամուսինս վազեց, ընկավ վայր, ընկավ ցեխի մեջ։ Ամուսինս, որ տեսավ ես մուտքից եմ դուրս գալիս, գոռաց՝ փախի։ Ամուսինս ընկավ բերանքսիվայր, ինքը դանակով հարվածեց, հետո շուռ տվեց ամուսնուս ու կոկորդը կտրեց։ Ես էդ պահին չգիտեի՝ ինչ անեի, մարդասպանի մազերը քաշեցի, ինքն ամուսնուս ասում էր՝ սատկի։ Ես որ իր մազերը քաշեցի, հետ դարձավ ու զգացի, որ ուզում էր ինձ վնասել, գլուխս շուռ տվեցի, եթե գլուխս շուռ չտայի, ինքը դանակը կգցեր կոկորդս։ Ես չզգացի, որ ինձ էլ է վնասել, տաքություն էի զգում, բայց չգիտեի՝ ինչ է։ Դանակով ինձ էլ խփեց, ասաց՝ դու էլ սատկի ու փախավ, ես տեսա իր փախնելը, շենքի կողքից ավտոտնակների արանքով փախավ։ Տեսա ամուսինս էլ չի շնչում, չնայած արդեն գիտեի, որ ինքն էլ չկա, երբ տեսա վիզը կտրեց, մսերը կոկորդից ընկան, արդեն հասկանալի էր․․․․

Ես չտեսա, թե ամուսնուս հորաքրոջ տղային ինչ ձևի էր վնասել, մենակ տեսա, որ մոմի պես հալվում էր, լրիվ սպիտակել էր։ Մեր երկրորդ հարկի հարևանուհին ոտաբոբիկ է իջել ներքև, ինքը զանգեց և՛ շտապօգնություն, և՛ ոստիկանություն։ Զանգել եմ եղբորս, ասում եմ՝ հասեք մորթում են մեզ»։

Շտապօգնությունը, երբ եկել է, Անուշին ևս տարել են հիվանդանոց, հորաքրոջ տղային էլ ինչ-որ մեկն է իր մեքենայով հասցրել հիվանդանոց։

«Չնայած գիտեի՝ Ռաֆոն մահացել էր, բայց դեռ հույս ունեի, երբ շտապօգնությունը սպիտակ շորը վրեն գցեց, հասկացա, որ ամեն ինչ ավարտվեց, հույս չկար», -ողբում է Անուշ Սարդարյանը։

Սպանված Ռաֆիկ Մնացականյանի մայրն էլ ՝ Անետա Մնացականյանը, որի ոտքը վիրահատված է և տեղաշարժվելու խնդիր ունի, պատմեց, որ լսելով ամուսնու բղավոցը, թե «վայ, ընկավ երեխուս հետևից», ձեռնափայտով շարժվելով՝ հասել է պատուհանի մոտ ու տեսել՝ որդին՝ արնաշաղախ, առանց վերնազգեստի, վազում է։

«Ձեռնափայտը ձեռքիս, ինչ ձևի եմ դուրս վազել, ասելու չէ, կարծես գերբնական ուժ տրվեր ինձ։ Հասա այն պահին, որ որդիս՝ արնաշաղախ, ձկի պես թավալվում էր, անմեղ գառի պես աչքերը ֆռռացրեց, երեսիս նայեց, հարևանները ինձ մի կողմ տարան։ Աչքս ընկավ, որ սպանողի մայրն ու հորաքույրը պատուհանից նայում էին, ես գլուխս բարձրացրեցի վերև ու գոռացի ՝ ո՞ր մեղքի համար տղադ երեխուս էս օրը գցե՞ց։ Էդ էլ էրեխուս լավությո՞ւնն էր, որ տղաս մեծ սիրով համաձայնեց Երևան տանել։ Մայրն ինձ ասաց՝ երկու հատ ես եմ թաղել, մի հատ էլ դու թաղի։ Հորքուրն էլ ասաց՝ մենք մեր վրեժը լուծեցինք, լուսամուտը փակեցին ու ներս գնացին։

Ես վրդովված եկա, հարևանները ինձ նստեցրեցին, շտապօգնությունը եկավ, ես այդ ընթացքում չպատկերացրեցի, որ էրեխես կարող էր մահանալ, հետո, երբ սպիտակ շորը փռեցին էրեխուս վրա, նոր հասկացա՝ ինչ գազանություն է կատարվել։

Մենք մարդկային վերաբերմունք միշտ ցույց տվել ենք իրենց․ թեև չեմ կարողանում տեղաշարժվել, բայց ավտովթարից հետո ես հարևանների օգնությամբ, ձեռնափայտով մի կերպ բարձրացա իրենց տուն։ Հարսին՝ Գայանեին, ասի՝ ոչ էիր եկել մեր տուն, ասեց՝ հա, հա Անո տյոտյա, ոտքս ջարդեիր, չգայի։ Տղաս ավտովթարից հետո շատ ծանր սթրեսի մեջ էր, իր մարմին էլ էր վնասվել վթարից։ Ասել էին՝շտապօգնություն կանչենք, չէր թողել, բայց կանչել էին։ Ավտովթարից հետո ամբողջ գիշեր քուն չուներ, ելնում, պտտվում էր, քրտինքը վրայից գնում էր, ասում էր՝ երկուսի հայացքները չեմ կարող աչքերիս հեռու տանել, չեմ հանգստանում։ Ուզում էինք հոգեբանի մոտ տանել։

Ավտովթարի ժամանակ տղայիս մարմինը լրիվ սալջարդ էր եղել, մոտ 20 օր պառկած էր, գնացել ենք բժշկի, նկարել են, տնային պայմաններում մի կերպ ոտքի ենք հանել։

Ավտովթարից հետո փողային հարցեր միշտ շրջանառվել են, իրենց միշտ փողն է հետաքրքրել։ Մի օր էլ իրենց հարսն ասել է՝ թողեք հարձակվեմ Ռաֆոյի վրա։ Տղաս ասել է՝ Կիմիկ ջան, ասում եք հարձակվել, հարձակվել , մենք մարդ ենք, չէ՞, ես չեմ ասում համակերպվեք վշտի հետ, բայց ասում եմ՝ մի քիչ հանդարտվեք, ես իմ մարդկայնությունն անելու եմ, ուղղակի մտածում եմ՝ մի քիչ ձեր տրամադրվածությունը փոխվի, ագրեսիան միջներիցդ դուրս գա։ Կիմիկն էլ ասել ՝դե որ այդպես է, ես կզանգեմ մեր բարեկամ Սուրիկին, ինքը մեր ազգի մեծն է, թող գա, նստի, խոսենք։ Սուրիկին զանգել են, նա ասել է՝ մեքենան փչացել է, ես կպատասխանեմ, երբ կգամ։ Կիմիկը Ռաֆոյիս ասել է, երբ պատասխանեց, քեզ կասեմ։ Մենք էլ սպասողական վիճակում էինք, որ կպատասխանի։ Սպանության օրն էլ, որ կանչել էր տղայիս, մտածել էր՝ երևի արդեն Սուրիկը պիտի գա, որ գնանք, ցավակցենք, խոսենք, էն էլ էս զուլումը բերեց էրեխուս գլխին․․

Իմ տղան այնքան բարի էր, ինքն էլ իր մարդկայնությունն արեց, ասում էր՝ պատերազմում մեր համար ձեռքը կորցրեց, բա ես գոնե մի անգամ շնորհակալություն չհայտնե՞մ։ Տեսա՞ք՝ ինչպես հատուցեցին, հո չտարավ դիտավորյալ սպանեց հորն ու տղային։

Իրենց տանը տարօրինակ մի բան էր կատարվում, չորս ամիս շարունակ հայրը մտել սենյակ, լացել է, երբ կինն հարցրել է՝ ինչ է եղել, ասել է՝ աչքիս տեսիլք է գալիս, որ տղաս՝ Էմիլը, պիտի մեռնի, մահ է սպասվում։ Տղան էլ իր հերթին է իր երեխաներին մնաս բարով է արել, թե ձեզ էլ չեմ տեսնի, ծնունդ է արել, ասել է՝ սա իմ վերջին ծնունդն է։

Կարծես զուգադիպեր այս ամենը, մահը շրջում էր այդ տղայի շուրջբոլորը։ Իմ տղան, որ Երևան էր տարել իրենց, տեսել էր Էմիլի հայացքն, ասում էր՝ կարծես մահվան հայացքով նայեր։ Իր հայրն ավտովթարի օրն էլ , տեսնելով ճանապարհները սառցակալված էին, հորդորել էր որդուն մի ուրիշ օր գնալ Երևան, բայց տղան չէր համաձայնել, անգամ ճանապարհի կեսից ասել էր՝ եկեք հետ դառնանք, տղան էլի չէր համաձայնել, թե պիտի գնանք։

Տարան ու իմ տղայիս էլ կանգնեցրեցին էս հարցի առաջ, գոնե չսպասեցին, որ փորձաքննության պատասխանը գար, տեսնեին՝ տղաս մեղքի բաժին ունե՞ր ավտովթարի գործով, եթե մեղքի բաժինն ուներ, թող օրենքի սահմաններում պատժվեր, ոչ թե էսպես փորձանք բերեին իմ անմեղ էրեխու գլուխը»,-մղկտում է մայրը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031