Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնը, Եղեռնի 106-րդ տարելիցին ընդառաջ մարտի 24-ին եւ 25-ին ներկայացրեց «Փրկության հրեշտակը» պիեսի առաջնախաղը։ Սցենարը գրվել է գերմանացի պատմաբան Հիլմար Կայզերի փաստա-վավերագրական «Դեր Զորի խաչմերուկներում» գրքի հիման վրա։
1915 թվականին Գարլըքի եւ Հալեպի կայարաններից մեկնող գնացքները հայերին տանում էին դեպի մահ՝ Դեր Զորի անապատ: Այդ գնացքներից, սակայն, բազմաթիվ մանուկներ են փրկվել՝ շնորհիվ ավետարանական եկեղեցու հոգեւոր հովիվ Հովհաննես Էսքեջյանի: Նա դարձավ փրկության հրեշտակ՝ Ցեղասպանությունից փրկված բազմաթիվ հայ մանուկների համար: Հովհաննես Էսքիջյանի ընտանիքը Ադանայի ջարդերից փախել է Հալեպ: Այստեղ էլ նա փրկել է հայ մանուկներին։
Կարդացեք նաև


Էսքեջյանն ընդամենը 34 տարեկան էր։ Էսքեջյանի գործը մահից հետո շարունակում է կինը՝ Գուլենիան։
Սցենարի հեղինակն ու բեմադրիչը Նունե Աբրահամյանն է: Այս պատմությունը, նա դարձրել է մեկ ժամ տեւողությամբ ներկայացում, որը տիկին Աբրահամյանի խոսքով, «բեմադրված է փաստավավերագրական ժանրում՝ բեմադրական սպեցիֆիկ լուծումներից հեռու ենք մնացել»։
Գլխավոր հերոսը դերակատարը դերասան Սմբատ Ստեփանյանն է, նրա կնոջ՝ Գուլենիայի դերակատարը Անահիտ Կիրակոսյանն է: Թուրք փաշային մարմնավորել է դերասան Արա Գեւորգյանը, իսկ մանկատան միսիոներուհու դերում Լաուրա Բաբայանն է։
Թատրոնի դերասանական կազմի հետ ներկայացման մեջ ընդգրկված են նաեւ «Հայասա» թատերախմբի փոքրիկ սաները։
«Կարծում եմ, հանդիսատեսը հավանեց ներկայացումը, այն ընդգրկել ենք թատրոնի խաղացանկում։ Մտադիր ենք «Փրկության հրեշտակ»–ը ներկայացնել արտերկրում եւ Հայաստանի մարզերում։ Կորոնավարակի հետ պայմանավորված ծրագրերը հետ են մնում»,– Aravot.am-ի հետ զրույցում նշում է թատրոնի տնօրենը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Ավետիս Մելքոնյանի






























































