Լրահոս
Օրվա լրահոսը

«Փրկության հրեշտակը»․ հայ մանուկների կյանքը փրկած Հովհաննես Էսքիջյանի կերպարը ներկայացվեց յուրովի

Մարտ 26,2021 16:30

Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնը, Եղեռնի 106-րդ տարելիցին ընդառաջ մարտի 24-ին եւ 25-ին ներկայացրեց «Փրկության հրեշտակը» պիեսի առաջնախաղը։ Սցենարը գրվել է գերմանացի պատմաբան Հիլմար Կայզերի փաստա-վավերագրական «Դեր Զորի խաչմերուկներում» գրքի հիման վրա։

1915 թվականին Գարլըքի եւ Հալեպի կայարաններից մեկնող գնացքները հայերին տանում էին դեպի մահ՝ Դեր Զորի անապատ: Այդ գնացքներից, սակայն, բազմաթիվ մանուկներ են փրկվել՝ շնորհիվ ավետարանական եկեղեցու հոգեւոր հովիվ Հովհաննես Էսքեջյանի: Նա դարձավ փրկության հրեշտակ՝ Ցեղասպանությունից փրկված բազմաթիվ հայ մանուկների համար: Հովհաննես Էսքիջյանի ընտանիքը Ադանայի ջարդերից փախել է Հալեպ: Այստեղ էլ նա փրկել է հայ մանուկներին։

Ճշտելով, թե որ ժամերին է առեւտրային գնացքը ժամանում, Էսքիջյանը ամեն շաբաթ գալիս է Գարլըքի եւ Հալեպի երկաթգծի կայարաններ: Այս կայարաններից գնացքներով հայերին տեղափոխում էին Դեր Զոր: Պայմանավորվելով թուրք զինվորականի հետ՝ պատվելին ամեն երեխայի համար վճարում է մեկ ոսկի՝ այսպես փրկելով նրանց: Մեծ վերարկուի տակ թաքցնելով՝ նա երեխաներին տանում է տուն, հետո տարբեր թաքստոցներում ապաստան գտնում նրանց համար: Էսքեջյանը երեխաներին փրկում էր գաղտնի, բայց Հալեպում մատնիչներ կային, նրանք էլ մատնում են մեծանուն հային: Երբ ոստիկանությունը գալիս է նրան ձերբակալելու, դրանից մեկ օր առաջ՝ 1916 թ. մարտի 25-ին, նա արդեն մահացած է լինում տիֆից՝ վարակված հենց փրկված մի երեխայից:

Էսքեջյանն ընդամենը 34 տարեկան էր։ Էսքեջյանի գործը մահից հետո շարունակում է կինը՝ Գուլենիան։

Սցենարի հեղինակն ու բեմադրիչը Նունե Աբրահամյանն է: Այս պատմությունը, նա դարձրել է մեկ ժամ տեւողությամբ ներկայացում, որը տիկին Աբրահամյանի խոսքով, «բեմադրված է փաստավավերագրական ժանրում՝ բեմադրական սպեցիֆիկ լուծումներից հեռու ենք մնացել»։

Գլխավոր հերոսը դերակատարը դերասան Սմբատ Ստեփանյանն է, նրա կնոջ՝ Գուլենիայի դերակատարը Անահիտ Կիրակոսյանն է: Թուրք փաշային մարմնավորել է դերասան Արա Գեւորգյանը, իսկ մանկատան միսիոներուհու դերում Լաուրա Բաբայանն է։

Թատրոնի դերասանական կազմի հետ ներկայացման մեջ ընդգրկված են նաեւ «Հայասա» թատերախմբի փոքրիկ սաները։

«Կարծում եմ, հանդիսատեսը հավանեց ներկայացումը, այն ընդգրկել ենք թատրոնի խաղացանկում։ Մտադիր ենք  «Փրկության հրեշտակ»–ը  ներկայացնել արտերկրում եւ Հայաստանի մարզերում։ Կորոնավարակի հետ պայմանավորված ծրագրերը հետ են մնում»,– Aravot.am-ի հետ զրույցում նշում է թատրոնի տնօրենը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Ավետիս Մելքոնյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031