Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստոսի Հարության տոնը կալանավայրերում

Ապրիլ 04,2021 19:26

Սուրբ Զատիկը յուրովի են  նշում  քրեակատարողական հիմնարկներում։Դեռ ճրագալույցին բոլորը մոմ են վառում, աղոթում առ Աստված։  Իսկ արդեն Զատկի օրը միմյանց հետ փոխանակվում են հարազատների բերած քաղցրեղենով, փլավով, ձվով ու ձկով։ Ի դեպ, քրեակատարողական հիմնարկներում այս կիրակի ճաշը զատկական էր՝ կարմիր ձու, թարխուն, իշխան ձուկ, փլավ։

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա․ Մ․-ն  Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում նշեց, որ մատուռում մոմ են վառել, խունկ ծխել՝ ի հիշատակ արցախյան պատերազմում զոհվածների։ «Գիտեք, տոն եւ ոչ միայն այդ օրերին, անազատության մեջ գտնվողներիս աղոթքը առ Աստված՝ ժամ առաջ հայտնվել ազատության մեջ։ Աստվածաշունչը միշտ մեր սեղանին է։ Չգիտեմ, բայց թող այս Զատիկը փոխի բոլորիս կյանքը»,–ասաց մեր զրուցակիցը։

Ի դեպ, ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության կայքը, անցած կիրակի էլ  «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի աշխատակիցների նախաձեռնությամբ հիմնարկի հոգեւոր անկյունում ազատազրկված կանանց մասնակցությամբ նշվել է Ծաղկազարդը։

«Աբովյան» ՔԿՀ-ի հոգեւոր հովիվ Տեր Արսեն քահանա Համբարձումյանը, արարողությունը սկսելով Տերունական աղոթքով, ներկայացրել է օրվա խորհուրդը, օրհնել ներկաներին եւ տոնի խորհրդանիշ ուռենու ոստերն ու դրանցից հյուսած պսակները։ Պտուղ չտվող ուռենու ոստերը խորհրդանշում են հեթանոսներին, որոնք պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո։

Օրվա խորհրդի մասին խոսել են նաեւ կին դատապարտյալները, որից հետո օրհնված պսակներն ու ոստերը բաժանվել են նրանց։ Ուռենու ոստերից նվիրել են նաեւ կալանավորված անչափահաս անձանց։

Արարողությունն ավարտվել է մոմավառությամբ։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930