Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակաշինությունն ամպագորգոռ բառերով չէ, դրա հիմքում զինվորն է, բայց առողջ հոգով զինվորը. զինծառայողների ծնողները՝ վարչապետին

Ապրիլ 16,2021 16:01

Վահագն Կոստանյանի որդին մեկ տարի է՝ ծառայում է: Հայրն ասում է՝ այսօր էլ որդու եւ մնացած զինվորների, որոնք 44-օրյա դաժան պատերազմի մասնակիցն են եղել, մարտական ոգին բարձր է եւ պատրաստ են կատարել ցանկացած մարտական առաջադրանք, բայց տղաներին ներսից ուտում են ապրումները, իրենց ծառայակից ընկերների զոհվելու դաժան տեսարաններն ու կորուստները, որոնք հանգեցրել են զինվորներին հոգեբանական ծանր տրավմաների:

Այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում Արցախում ծառայող զինծառայողների ծնողները ասուլիս էին հրավիրել՝ վարչապետից պահանջելով՝ տեր կանգնել «պատերազմից մազապուրծ» իրենց որդիներին, որոնք, ծնողների համոզմամբ, անտեսված են, առողջական ու հոգեկան լուրջ խնդիրներ ունեն:

«Պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում զինվորներին աստվածացնում էին, պատերազմից հետո՝ անտեսում: Նրանք այսօր այդ հոգեվիճակով չեն կարող ծառայությունը շարունակել: Մենք, որպես ծնող, պատրաստ ենք նրանց փոխարեն գնալ՝ ծառայել, մեր որդիները գան առողջանան, կազդուրվեն, որպեսզի կարողանան ինտեգրվել հասարակություն»:

Ծնողները պահանջում են՝ ծառայության ժամկետի կրճատում, բուժզննում, երկարատեւ արձակուրդի ու սոցիալական փաթեթի տրամադրում, որպեսզի տղաները կարողանան վերականգնվել եւ հետագայում երկրի համար լինեն պիտանի քաղաքացիներ:

«Ինչպե՞ս կարող է ծանր տրավմա տարած զինվորը այդ վիճակով կանգնի իր պարտքը կատարի, երբ 30 մետր հեռավորության վրա թշնամու զինվորն է կանգնած: Ոչ մի ուսումնասիրություն, աշխատանք չի տարվել նրանց հետ, նրանց անգամ զենք բռնելն է հիմա հակացուցված»,-ասաց մեկ այլ զինծառայողի մայր՝ Աիդա Արզումանովան: Նրա խոսքով, գիտակցում են, որ ծանր ժամանակներ են, պատերազմը պարտված երկիր ենք, վերականգնվելու խնդիր կա, բայց բանակն այդ վիճակով լիարժեք չի կարող կատարել իր առաքելությունը. «Մարտահրավերը ուղղված է բոլորիս եւ ամեն մի հայ, արժանավոր քաղաքացի պարտավոր է պաշտպանել իր հայրենիքի անվտանգությունը: Եվ բանակաշինությունը ոչ թե միայն ամպագորգոռ խոսքերով պետք է լինի, այլ՝ բանակաշինության հիմնական գործոնը մարդն է, զինվորը եւ առողջ զինվորը, որը պետք է առողջ ոգով կանգնի ու դիմակայի թշնամուն»:

Վարչապետի հետ հանդիպումը, զինծառայողների ծնողների գնահատմամբ, անորոշ էր. «Խոսվեց բուժզննում կիրառելու մասին, պայմանագրային հաստիքների ստեղծման մասին, բայց մեր որդիների ծառայության ժամկետների կրճատումը բացառեցին: Սոցիալական փաթեթի վերաբերյալ էլ վարչապետն ասաց՝ քննարկման փուլում է: Բայց թե ինչ կտրամադրվի, պարզ չէ»:

Մեխակ Ղազարյանի խոսքով, բացի այն որ մեր զոհված տղաներն են հերոսներ, նաեւ կենդանի մնացածներն են, որոնց մասին պետք է հոգ տանել:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930