Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Ավետիքյան. «Եթե կառավարությունը քիչ թիվ է ասում, դա ջրի երես դուրս կգա»․ «Հրապարակ»

Ապրիլ 17,2021 11:17

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը հրաժարական տվեց՝ իր որոշումը պայմանավորելով հիմնադրամի առջեւ ծառացած նոր մարտահրավերներով։ Ըստ Ավետիքյանի՝ այն պետք է ղեկավարի ոչ թե հասարակական հիմունքներով աշխատող տնօրեն, այլ լրիվ դրույքով աշխատող։

Զրուցեցինք Վարուժան Ավետիքյանի հետ։ Նա «սուտ-սուտ» բաներ որակեց այն, որ հրաժարականի հիմքում իր՝ քավության նոխազ չդառնալու ցանկությունն է։ Բայց հերքեց, որ «գումարների հետ կապված տենց խնդիր կա»։ Իսկ «տենց»-ը նշանակում է, որ հիմնադրամը գումար ստացող շահառուների վերաբերյալ բոլորովին այլ՝ շատ ավելի համեստ թվաբանություն ունի։ «Կառավարությունից իմ ստացած տվյալները հետեւյալն են․ 4 հազար դեպք, որում ներառված են զոհվածներն ու անհետ կորածները։ Եվս 500 դեպք՝ 1-ին եւ 2-րդ կարգի հաշմանդամ։ Սա իմ ունեցած տեղեկատվությունն է, որը ես ստացել եմ կառավարությունից»,- ասաց նա։

Նկատեցինք, որ կառավարությունն ակնհայտորեն նվազ թիվ է տալիս, եւ դրա հետ հասարակությունը համաձայն չէ, նույնը՝ 500 հաշմանդամների մասով։ Ավետիքյանը կարծում է, որ եթե կառավարությունը քիչ թիվ է ասում, դա ջրի երես դուրս կգա։ «Հիմնադրամի ամբողջ հմայքն այն է, որ այդտեղ նյութական հատուցման խնդիր կա, ու եթե ինչ-որ մեկը չի հատուցվում, դա միանգամից ջրի երես է դուրս գալիս, այսինքն՝ կառավարությունը չի կարող թաքցնել»։

Նա նաեւ ավելացնում է, որ հիմա արդեն շահառուների թվերի հարցում կամաց-կամաց հստակեցում է մտնում, եւ թվերն էլ ավելի պակաս են, քան պատերազմի ավարտից անմիջապես հետո։ Այնուամենայնիվ, կա՞ գումարի դեֆիցիտ եւ որքա՞ն։ Ըստ Վարուժան Ավետիքյանի, իր հաշվարկով՝ դա մոտ 20 միլիարդ է կազմում, որի ուղղությամբ աշխատում են եւ կլրացնեն։

Նա հումորի ժանրից է համարում իր կողմից 1․5 միլիոն դրամ աշխատավարձ պահանջելը։ «Ես 4 տարի անվճար եմ աշխատել եւ 1 դրամ անգամ պատրաստ չեմ ստանալ հիմնադրամից, որն իմ երեխան է»։ Բայց չէ՞ որ իր օրոք ավելացան վարչական ծախսերը։ Վարուժան Ավետիքյանն ասաց՝ նախ, օրենքով նախատեսված է, որ հիմնադրամը պետք է անկախ գործեր 22 թվականից (այս պահին ԿԲ-ն է ֆինանսավորում աշխատակիցների աշխատավարձը), եւ երկրորդ՝ մինչեւ պատերազմը հիմնադրամը սպասարկում էր 40-50 դեպք, հիմա՝ 3 ամիսների ընթացքում, շաբաթական մոտ 250։

Այսինքն՝ այն ժամանակ հնարավոր էր այդ ծավալի գործերի դեպքում աշխատել կամավորական հիմունքներով, հիմա՝ ոչ։ Ավետիքյանն անգամ իր անցկացրած քրոնոմետրաժը ներկայացրեց՝ ասելով, որ ամեն մի դեպքի ուսումնասիրության վրա ծախսվում է 3 ժամ։ Այսինքն՝ շաբաթը 750 ժամ։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930