Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱԿ-ն այսօր պետք է այլընտրանք չունենար»

Ապրիլ 24,2021 15:30

Սկիզբը՝ նախորդ համարում:

«Մարդիկ չեն ուզում վերադառնալ վերջին 22 տարվա ֆեոդալական մղձավանջին ու պատրաստ են աջակցել որեւէ ուժի, որը դա անհնար կդարձնի, այդ թվում Նիկոլ Փաշինյանին ու նրա ձախորդ կուսակցությանը։ Սա ավելի քան տխուր իրողություն է ու մեր քաղաքական դաշտի կատարյալ ամայացման պերճախոս վկայությունը»,- «Առավոտի» զրուցակիցն է քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը:

– Զուգահեռաբար, Հայաստանում դիսկուրս է գնում նաեւ արտահերթ ընտրությունների շուրջ. կկայանա՞ն դրանք, առհասարակ, պե՞տք է, որ դրանք կայանան, արտահերթ ընտրություններն իրավիճակն ավելի կսրե՞ն, թե՞ ելքի հնարավորություն կստեղծեն՝ նկատի ունենալով քաղաքական ուժերի դիրքորոշումները:

– Ես ոչինչ չեմ բացառում։ Չնայած գործող իշխանությունը հայտարարել է, որ ընտրություններ են տեղի ունենալու ու նույնիսկ արդեն օրն է նշանակված, ակնարկներ նույնպես եղել են, որ որոշակի սցենարների ծավալման դեպքում նրանք կարող են հետ կանգնել այդ որոշումից։ Ես ինքս քաղաքական ճգնաժամերը միայն ընտրություններով լիցքաթափելու կողմնակից եմ, բայց ես մտավախություն ունեմ, որ Հայաստանում առկա ճգնաժամը նույնիսկ ընտրությունները չեն լիցքաթափելու մի քանի պատճառով։ Նախ, Հայաստանում քաղաքական տարբեր ուժերի ու հասարակության տարբեր շերտերի միջեւ բեւեռացումը չափազանց խորն է։ Ընտրությունները նման բեւեռացման պայմաններում կարող են ակնկալվող էֆեկտը չունենալ։ Երկրորդ, ընտրության անհրաժեշտությունը ծագել է ներկա վարչակազմի կատաստրոֆիկ ձախողումների պատճառով, բայց սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ բավականին մեծ լուսանցքով առաջատար ուժը նորից «Իմ Քայլն» է։ Ես պարզապես չեմ պատկերացնում, թե ինչ հարց կլուծվի, եթե ընտրությունը տեղի է ունենում ինչ-որ ուժի պատճառած աղետների պատճառով ու այդ նույն ուժը վերընտրվում է որպես իշխող ուժ։ Իմիջիայլոց, նույն հարցումները ցույց են տալիս, որ ընտրողների կեսն ընդհանրապես կողմնորոշված չէ, բայց այնուամենայնիվ փաստը, որ քաղաքական դաշտում այսօր ակտիվ ուժերից ամենամեծ ժողովրդականությունը վայելում է այս ձախողված կառավարությունը, շատ լուրջ մտահոգության առիթ է։ Սրա բացատրությունն իհարկե առեղծված չի. այս իշխանության առայժմ միակ տեսանելի այլընտրանքը Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ ասոցացված ուժերն ու գործիչներն են, որոնց ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը պարզապես ատում է, ինչը միանգամայն հասկանալի է։ Նրանք չեն ուզում վերադառնալ վերջին 22 տարվա ֆեոդալական մղձավանջին ու պատրաստ են աջակցել որեւէ ուժի, որը դա անհնար կդարձնի, այդ թվում Նիկոլ Փաշինյանին ու նրա ձախորդ կուսակցությանը։ Սա ավելի քան տխուր իրողություն է ու մեր քաղաքական դաշտի կատարյալ ամայացման պերճախոս վկայությունը։ Մարդիկ, փաստորեն, ստիպված են ընտրություն կատարել կրակի մեջ այրվելու ու ջրում խեղդվելու միջեւ, եւ ես վստահ չեմ, որ նման այլընտրանքների միջեւ ընտրությունը որեւէ շանս ունի լիցքաթափելու քաղաքական ճգնաժամն ու երկիրը վերադարձնելու նորմալության հուն։

– Իսկ դուք ի՞նչ կասեք ՀԱԿ-ի՝ որպես հնարավոր երրորդ ուժի մասին եւ ճի՞շտ եք համարում ընտրություններին մասնակցելու նրանց որոշումը:

– Հայ ազգային կոնգրեսը, իմ կարծիքով, ոչ միայն կարող է երրորդ այլընտրանքը լինել, այլ պետք է այսօր այլընտրանք չունենար։ Սա միակ քաղաքական ուժն է, որը ճիշտ է գնահատել Արցախյան հակամարտության էությունն ու դինամիկան ու այդ հակամարտության մեջ մեր հնարավորությունների սահմանները եւ որը պատրաստ է եղել ժողովրդին ազնվորեն որոշ դառը ճշմարտություններ ասել ճոռոմ ներբողների ու դատարկ հոխորտանքների փոխարեն, ինչով զբաղված է եղել քաղաքական դաշտի մնացած մասը։ Այս ուժը կեղտոտված չի կոռուպցիայի ու ընտրակեղծարարության ժառանգությամբ։ Կոնգրեսում հավաքված են կենսագրություն ունեցող ու խելացի մարդիկ, ինչպես նաեւ մեծ թվով պարզապես հրաշալի երիտասարդներ։ Վերջապես, Կոնգրեսը Լեւոն Տեր-Պետրոսյանի պես բազմափորձ ու իմաստուն ղեկավար ունի, որն իմ կարծիքով՝ միակ մարդն է այսօր Հայաստանում, որը շանս ունի վերականգնելու անդորրը երկրում, կասեցնելու ներկա ճգնաժամի վտանգավոր էվոլյուցիան եւ վերականգնելու մեր երկրի միջազգային հեղինակությունը։

– Բայց ՀԱԿ-ի դեմ խիստ բացասաբար տրամադրված մարդիկ կան, եւ դրանց թիվը երեւի փոքր չէ։

– Գաղտնիք չէ, որ Կոնգրեսը նաեւ բավականին լուրջ, այսպես կոչված՝ «նեգատիվ ռեյտինգ» ունի։ Դա մի քանի պատճառ ունի։ Առաջինն անշուշտ այն է, որ Կոնգրեսը, դրանից առաջ էլ ՀՀՇ-ն, արմատական սպառնալիք են ավանդական եւ ֆոլկլորային ազգայնականության ու դրանով իրենց եկամուտները, քաղաքական գոյությունը, մասնագիտական հեղինակությունն ու ինքնությունն ապահովող տարատեսակ մարդկանց ու շահախմբերի համար։ Իրադրությունը բարդանում է նրանով, որ այդ մարդիկ մեր հասարակության ամենալավ ֆինանսավորված, կազմակերպված ու շատախոս հատվածն են, ինչպես նաեւ հատվածը, որը միշտ մոնոպոլիա կամ առնվազն` գերիշխող դիրքեր է ունեցել գաղափարների ու ինֆորմացիայի շուկայում, ինչպես նաեւ կրթության բնագավառում։ Նրանք դա կարողացել են օգտագործել հասարակության որոշակի հատվածի մոտ իրականության խիստ աղավաղված պատկեր ստեղծելու եւ Կոնգրեսին թիրախավորելու համար։ Երկրորդ կարեւոր պատճառն այն է, որ Արցախի հարցում Կոնգրեսն ու նրա ղեկավարը ճիշտ էին, մյուս բոլորը սխալ, մի քանի մասնավոր բացառությունները չհաշված։ Ասեմ ավելին. Կոնգրեսն ու նրա ղեկավարը 100 տոկոսով ճիշտ էին, մյուսները`100 տոկոսով սխալ։ Իսկ հատկապես նման դեպքերում սխալ եղածները ճիշտ եղածներին երբեք չեն ներում։ Նրանք իրենց սխալ եղած լինելն ընդունելու փոխարեն՝ զանազան հեքիաթներ ու առասպելներ են մոգոնում, իսկ ճիշտ եղածներին փորձում են առանձնակի եռանդով ու դաժանությամբ ոչնչացնել։

Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ սխալ էր փաստորեն մեր քաղաքական ու մտավորական վերնախավ կոչվածն ամբողջությամբ, կարող ենք հասկանալ նրանց կոլեկտիվ ատելությունն ու ջանքերը Կոնգրեսի դեմ՝ անկախ իրար մեջ ունեցած տարաձայնություններից, ինչն անկասկած սնում է Կոնգրեսի նկատմամբ հասարակության որոշակի հատվածի մոտ առկա բացասական վերաբերմունքը։ Երրորդ, այս ամենի դեմ արդյունավետ պայքարը պահանջում է բավականին լուրջ ռեսուրսներ, իսկ Կոնգրեսը նույնքան լավ ֆինանսավորված չէ, որքան նրա հակառակորդները։

Չորրորդ, հասարակության մի մասը պարզապես դառը ճշմարտություններ լսել չի սիրում ու դրան նախընտրում է քաղցր ինքնախաբեությունը։ Դառը ճշմարտություններ ասողների նկատմամբ վերաբերմունքն էլ դառնում է վատ լուր բերողին պատժելու վարքագծի պես մի բան։ Սրան ավելանում է այն հանգամանքը, որ մարդիկ, որոնք առանց այդ էլ չեն ուզում լսել այդ դառը ճշմարտությունները, քաղաքական մյուս ուժերից անընդհատ լսում են ինքնախաբեություն քաջալերող տեղեկություններ ու վերլուծություններ, ինչպես նաեւ դառը ճշմարտություններ ասող մարդկանց կասկածելի մոտիվների մասին հիմարություններ։ Սա իսկապես շատ անհավասար պայքար է, հատկապես սոցցանցերի դարում, որոնց ալգորիթմերն այնպես են մշակված, որ մարդկանց կանխակալությունները հակառակ տեսակետներին բախվելու փոխարեն անընդհատ ամրապնդվում են այդ կանխակալությունները հաստատող տեղեկություններով ու տեսակետներով։

Բայց, անկախ այս ամենից, ես կարծում եմ, որ Կոնգրեսը պարտավոր է մասնակցել ընտրություններին եւ փորձել իր տեսակետներն ու օրակարգը ժողովրդին հասցնել։ 2018թ.-ին չմասնակցելը միանգամայն արդարացված էր, բայց այսօր չմասնակցելը հասկանալի չի լինի։ Չկա որեւէ այլ ուժ, որը կարող է հանդես գալ Կոնգրեսի դավանած արժեքներով ու գաղափարներով եւ քաղաքական բանավեճում զբաղեցնել այն դիրքը, որ կարող է զբաղեցնել Կոնգրեսը։ Եվ վերջում մի բան նշեմ. այն մարդիկ, որոնք կարծում են, թե Կոնգրեսը բավարար աջակցություն չունի, պետք է հաշվի առնեն մի կարեւոր հանգամանք. այդ կազմակերպությունը ոչինչ չի ասել պատերազմից հետո եւ հանդես չի եկել որպես ակտիվ ընդդիմություն։ Շատ դժվար է ասել, թե ինչպես կվերադասավորվի քաղաքական դաշտը, երբ Կոնգրեսն ակտիվորեն մտնի ընտրապայքարի մեջ եւ ժողովուրդը այրվելուց ու խեղդվելուց բացի, ուրիշ ընտրություն ունենա։

Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
24.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930