Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Իրավապաշտպանների տարեկան զեկույցներում նշվում է ոստիկանների անհամաչափ գործողությունների մասին

Մայիս 01,2021 13:00
helsinkyan

2020 թվականին նախորդ տարիների նման Հայաստանում գրանցվել են ոստիկանության աշխատակիցների կողմից անձանց նկատմամբ խոշտանգումների եւ բռնությունների դեպքեր: Ըստ Հատուկ քննչական ծառայության տրամադրած տվյալների՝ 2020թ. ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածով՝ խոշտանգում, քննվել է 47 քրեական գործ, իսկ Քրեական օրենսգրքի 309-րդ 2-րդ մասով՝ պաշտոնական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով, 95 գործ:

Հիշյալ հոդվածներով հարուցված քրեական գործերով պաշտոնատար անձի արարքի նկատմամբ սուտ մատնություն կատարելու հանգամանքներով հարուցվել է 3 քրեական գործ: Ըստ ՀՀ դատախազության՝ հարուցված քրեական գործերից 6-ը` 12 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

«Առավոտը» ներկայացրել էր Հայաստանի Հելսինկյան կոմիտեի (նախագահ՝ Ավետիք Իշխանյան) տարեկան զեկույցը, որի մի հատվածը վերաբերում էր լրագրողների իրավունքների եւ մասնագիտական գործունեության սահմանափակումներին՝ համավարակի կապակցությամբ արտակարգ ռեժիմի անցնելու ժամանակահատվածում:

Ըստ իրավապաշտպան կառույցի, ՀՀ գլխավոր դատախազի կողմից անցյալ տարի հանձնարարություն է տրվել դատախազության բոլոր ստորաբաժանումներին, խոշտանգումների, վատ վերաբերմունքի վերաբերյալ ստացված բողոքները ստացվելուց առնվազն 24 ժամվա ընթացքում ուղարկել գլխավոր դատախազություն, որպեսզի ապահովվի օպերատիվությունը. «Այդ նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունից գրություն է հասցեագրվել «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ ՊՈՍԱԿ-ի տարածքային մարմիններ ընդունված անձանց մոտ զննությամբ վնասվածքներ հայտնվելու, դրանք ենթադրյալ խոշտանգման արդյունքում հասցված լինելու վերաբերյալ կազմված փաստաթղթերը անհապաղ ՀՀ դատախազությանը տրամադրելու նպատակով»:

Իրավապաշտպան կազմակերպությունը ներկայացրել էր օրինակներ: Մասնավորապես, Նոր Նորքի բաժնում Վլադիմիր Օհանյանին եւ Արմեն Ղազարյանին սեպտեմբերի 25-ին խոշտանգում կատարելու կասկածանքով ձերբակալվել էին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի երեք օպերլիազորները: Նույն օրը ձերբակալվել էր բաժնի պետը՝ ՀՀ քրօրի 308-ի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով:

Օպերներն ապօրինի բերման էին ենթարկել նշյալ անձանց եւ խոշտանգել: Հղում էր կատարվել նաեւ մեր լրատվամիջոցում հրապարակվածին՝ «Երկու անձի խոշտանգելու կասկածանքով ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը եւ երեք օպերլիազորներ ձերբակալվել են. ՔԿ», «Առավոտ», 26.09.2020, :

Ըստ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի, անցյալ տարվա սեպտեմբերի 8-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել էր «Հրազդան» ՔԿՀ-ի կալանավոր Ս.Գ.-ի դիմումը: Նա հայտնել էր, որ հունիսի մեկին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին բերման ենթարկվելուց հետո նույն բաժնի աշխատակիցներն իրեն ծեծի են ենթարկել եւ նվաստացրել, ինչի մասին արձանագրվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ իրեն կալանքի տակ պահելու ժամկետի միջնորդության քննության ժամանակ: Նշվածի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 309 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ամենամյա զեկույցի համաձայն, համավարակի հետ կապված որոշ սահմանափակումներ եղան նաեւ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 2020թ. մարտի 15-ին հրապարակեց «COVID-19» պատրաստվածությունը, կանխարգելումը եւ վերահսկումը բանտերում եւ ազատազրկման այլ վայրերում» միջանկյալ ուղեցույցը: 2020թ. ապրիլի 2-ին ՀՀ արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պաշտպանության բաժնի հինգ աշխատակցի մոտ ախտորոշվել էր քովիդ, 28 անձ նրանց հետ մեկուսացվեցին, կատարվեցին նմուշառումներ: Քրեակատարողական հիմնարկներում, ձերբակալվածներին պահելու վայրում արգելվեցին հանձնուքներ, ծանրոցներ եւ փաթեթներ ստանալը, տեսակցությունները: Թույլատրվեց միայն տեսազանգը: Փակ հիմնարկներում արգելվեցին կրոնական ծեսեր կազմակերպելը, դրանց մասնակցելը: ՔԿՀ-ի տարածքից դուրս տեղաշարժը միայն պարետի ցուցումով էր:

2020թ. օգոստոսի 17-ի դրությամբ ԱՆ ՔԿ հիմնարկներում իրականացվել է 156 թեստավորում, որից 26-ը՝ կալանավորվածների, 130-ը՝ դատապարտյալների շրջանում:

Իրավապաշտպան կազմակերպության տեղեկացմամբ, արձանագրվել է համավարակի 2 դեպք, 2 դեպքում էլ վարակակիրները եղել են կալանավորված անձինք: ՀՀ ՔԿՀ աշխատակիցների շրջանում իրականացվել էր 347 թեստավորում, որից 71-ի մոտ հայտնաբերվել էր քովիդ:
Քովիդի հետ կապված Հայաստանի հելսինկյանները «հիշեցնում» են, թե ինչ արտահոսքեր եղան անցյալ տարի:

2020թ. հունիսին տեղի ունեցավ երկու արտահոսք, որոնցից առաջինի ժամանակ կորոնավիրուսից մահացած 132 մարդու անձնական տվյալները (անուն, ազգանուն, ծննդյան ու մահվան ամսաթվեր, գրանցման հասցեներ եւ այլն) հրապարակվեցին ՖԲ սոցիալական ցանցում, իսկ երկրորդ արտահոսքի ժամանակ, 3500 հոգու անձնական տվյալները հայտնվեցին ադրբեջանական հաքերների ձեռքին:

Մեկ այլ հելսինկյան կազմակերպություն՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա Վանաձորի գրասենյակն (նախագահ՝ Արթուր Սաքունց) իր տարեկան զեկույցում, որը օրեր առաջ հրապարակել է ՀՔԱՎ կայքում, արձանագրել է հետեւյալը. «2020թ. ոստիկանության ծառայողների կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի կրկնակի աճ է գրանցվել նախորդ տարվա համեմատ։ Ավելին` հետհեղափոխական երկրորդ տարում ոստիկանության ծառայողների կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի թիվը գերազանցել է հեղափոխական տարում՝ մեծամասամբ հեղափոխությամբ պայմանավորված խախտման դեպքերի թվին։ Ընդ որում` 2020թ. առաջին կիսամյակում մարդու իրավունքների խախտման անհատական բնույթի դեպքերը կազմել են ընդհանուր թվի 60,5%-ը, իսկ երկրորդ կիսամյակում գերակշռում էին հավաքների ընթացքում խախտման դեպքերը՝ 73%։ Բանն այն է, որ հաշվետու տարվա առաջին կիսամյակում հանրապետությունում, համավարակով պայմանավորված, ոստիկանության ծառայողներին էր վերապահված, մասնավորապես, ազատ տեղաշարժի սահմանափակումները եւ անհատական պաշտպանության միջոցներ կրելու պահանջը վերահսկելու գործառույթը։ Նրանք, ունենալով իրավախախտներին պատասխանատվության ենթարկելու իրավական գործիքակազմ, այնուամենայնիվ, դիմում էին ոչ իրավաչափ գործողությունների, բռնության, ներգրավում էին քաղաքացիական հագուստով անձանց՝ քաղաքացիներին պահանջներ ներկայացնելու, ընդհուպ բերման ենթարկելու գործողություններում, այն դեպքում, երբ հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողների՝ սահմանված ձեւի համազգեստ կրելը, ոստիկանության ծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորությունն օրենքի պահանջներ են: Ոստիկանության ծառայողները դրսեւորում էին ընտրողական մոտեցում իրավախախտների նկատմամբ՝ որոշ դեպքերում ընդհուպ անտեսելով ակնհայտ իրավախախտումները»։

ՀՔԱՎ-ն «Արտակարգ 2020-ը. ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման վերաբերյալ» զեկույցում փաստել էր, որ ոստիկանության աշխատակիցները հաճախ էին դիմում անհամաչափ ուժի կիրառմանը, բողոքի ակցիաների մասնակիցներին ազատությունից զրկելու ոչ իրավաչափ գործողությունների՝ կամայականորեն բերման ենթարկելով նրանց, գենդերային հիմքով ընտրողական մոտեցում էին ցուցաբերում՝ հրահանգելով բերման չենթարկել աղջիկներին։ Արձանագրվել են ոստիկանական գործողություններին դիմակավորված անձանց ներգրավման դեպքեր։

Ըստ ՀՔԱՎ-ի՝ «Խնդրահարույց է նաեւ ՀՔԾ գործունեության թափանցիկության հարցը։ Հետհեղափոխական տարիներին արձանագրվել է ոստիկանության ծառայողների ապօրինի գործողությունների փաստով քննություն իրականացնող այս մարմնի կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ հրապարակումների թվի նվազում։ 2020թ. ընթացքում ՀՔԾ կայքի «Լուրեր» բաժնում տեղադրվել է 61 հրապարակում, որոնցից միայն մեկն էր վերաբերում ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման ենթադրյալ դեպքին, այն դեպքում, երբ միայն 2 ամսվա ընթացքում ոստիկանության աշխատակիցների կողմից արժանապատվությունը նվաստացնելու, ֆիզիկական եւ հոգեբանական բռնությունների, խոշտանգման դեպքերով ՀՔԱՎ են դիմել 8 քաղաքացիներ»։

Իրավապաշտպան կազմակերպության ամփոփմամբ՝ մինչեւ հեղափոխությունը եւ հեղափոխությունից հետո ոստիկանության գործողությունները բաժանմունքներում շարունակվում են, արձանագրվում է քաղաքացիների նկատմամբ ուժի կիրառման եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի պրակտիկան (տես, «Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ» ՀՔԱՎ տեղեկանքներն առ 2016թ., 2017թ., 2018թ., 2019թ.)։

ՀՔԱՎ-ի վիճակագրությունն էլ այսպիսին է՝ 2019թ.-ին արձանագրված մարդու իրավունքների խախտման դեպքերի նվազումը (2019թ.՝ 90 դեպք, 2020թ.՝ 192 դեպք) պայմանավորված է ակցիաների ոչ մեծ թվով եւ դրանց բովանդակությամբ։ Նախորդ տարի եւս արձանագրվել են բռնության եւ բերման ենթարկելու անհիմն գործողություններ իշխանության դեմ բողոքների եւ Ամուլսարի շահագործման դեմ ակցիաների մասնակիցների նկատմամբ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31