Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտ Հարությունյանի նոթատետրից

Մայիս 05,2021 12:30

Հրապարակվում է առաջին անգամ
Նվիրվում է երաժշտագետ Մարգարիտ Հարությունյանի 100-ամյակին

«Կուզեի լիներ երկրիս ապագան,
Այնքան լուսավոր եւ այնքան մաքուր,
Որքան աչքերիդ ժպիտը պայծառ։
Եվ հմայքը քո դեմքի ու հոգու»

Եղիշե Չարենց, 1936թ.

Այս տարի, հունվարի 8-ին լրացավ երաժշտագետ, մանկավարժ, ՀԽՍՀ վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Մարգարիտ Հարությունյանի 100-ամյակը։ Խոնարհվելով նրա լուսավոր հիշատակի առաջ՝ մեծ ցանկություն ունեցա ներկայացնել մի գեղեցիկ էջ վաստակաշատ արվեստագետի անցած մեծ ճանապարհից։

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում Մարգարիտ Հարությունյանի մասնագիտական դասարանի մի քանի տասնյակ շրջանավարտներից մեկն էի եւ ուսումնառության տարիներին շփվելով հայ երաժշտագիտական մտքի ու գործի առաջատար ներկայացուցչի հետ, ճանաչում էի նրան որպես հարուստ գիտելիքների տեր եւ լայն մտահորիզոնով մտավորականի։ Սակայն Մարգարիտա Գավրիլովնայի որդու՝ գենետիկ, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանի հետ ունեցած ջերմ զրույցի ընթացքում ուսուցիչս իմ առջեւ ներկայացավ մի նոր՝ ներկան անցյալի հետ կապող, մեր մեծերի շունչն ու հույզերը մեզ փոխանցող ինքնատիպ կերպարով։

Մարգարիտը Հարությունյանների ընտանիքի միակ զավակն էր։ Հայրը՝ մանկաբարձ գինեկոլոգ, գիտնական, բժշկական գիտությունների դոկտոր Գաբրիել Հարությունյանն էր, իսկ մայրը Երեւանի բժշկական ինստիտուտի քիմիայի ամբիոնի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Աշխեն Հարությունյանը։ Պայծառ մտավորականների մի ընտանիք, որի մասին բավական է նշել ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Իսահակյանի «Հայրս» գրքում նրանց մասին բնութագիրը. «Երեւանում կար մի պատվական ընտանիք (հիմա էլ կան նրա արժանի շառավիղները)՝ բժիշկ Գաբրիել Հարությունյանը, նրա կինը՝ Աշխենը եւ փոքրիկ դուստրը՝ Մարգարիտան։ Բժիշկը Չարենցի հետ ծանոթացել էր հիվանդանոցում, որտեղ պառկած էր դժբախտ Արփենիկը։ Տիկին Աշխենը միակն էր Երեւանում, ով, ինչպես ընդունված է Եվրոպայում՝ գրական սալոն էր բացել իր տանը։ Հաճախ հրավիրում էին հայրենական մշակույթի երեւելիներին, Երեւանի հարգված, սիրված մարդկանց՝ Դերենիկ Դեմիրճյանին, Արուս Ոսկանյանին, Եղիշե Չուբարին, նկարիչ Բաժբեուկ Մելիքյանին, քանդակագործ Այծեմնիկ Ուրարտուին եւ ուրիշների»։

Հենց այդ տարիներին ընտանիքի ութամյա գեղեցկուհի Մարգարիտան, ում հարազատները քնքշորեն դիմում էին Լյալյա անունով, որոշում է տան այցելուներից վերցնել հուշագրեր՝ անմահացնելով այդ օրերը։ Այսպես ինքնաբուխ ծնունդ է առնում մի հավաքածու, որտեղ մեկտեղված են Փանոս Թերլեմեզյանի, Ռոմանոս Մելիքյանի, Ավետիք Իսահակյանի, Սարգիս Բարխուդարյանի, Եղիշե Չարենցի, Պավլո Տիչինայի, Միկոլա Բաժանի, Արամ Խաչատրյանի, Վահագն Դավթյանի, Ռոբերտ Աթայանի, Կիրիլ Մոլչանովի՝ անձնապես Մարգարիտային նվիրված գրառումները։

16 թանկագին էջերով մինչ այժմ չհրապարակված նոթատետրը մասունքի պես մեծ ջերմությամբ պահում է Մարգարիտ Հարությունյանի որդին։ Մոտ քառորդ դար՝ 1929-ից 1952 թվականներն ընդգրկող այս թանկագին վավերագրից մեզ հետ են խոսում ազգիս մեծերը։ Սրանք սրտաբուխ եւ անմիջական անկեղծությամբ գրված տողեր են. յուրաքանչյուր գրառում մի պատմություն է, գեղեցիկ օրերից մնացած մի անկրկնելի հիշողություն։

Առաջին էջին մեծանուն նկարիչ Փանոս Թերլեմեզյանի ճեպանկարն է՝ պրոֆիլ նկարը, որտեղ հեղինակը աղջնակին պատկերել է ընդգծված կոկիկ հագուստով եւ սեւեռուն հայացքով։ Թերլեմեզյանը կարծես այս չքնաղ էակի մեջ արդեն տեսնում էր ապագա մտավորականին։ Երբ մտաբերում եմ սիրելի Մարգարիտա Գավրիլովնայի հայացքը, համոզվում եմ, թե նկարչի խորաթափանց աչքը ինչքա՜ն ճիշտ է տեսել…
Առաջին գրառումը՝ 1929 թվականի փետրվարի 6-ին՝ կատարել է Հայաստանում երաժշտական կրթության հիմնադիր, կոմպոզիտոր եւ մեծ արվեստագետ Ռոմանոս Մելիքյանը։ Պատահական չէր նաեւ այն, որ «Սիրելի Լյալյային հիշատակ» գրառման ներքո նոտագրված են հայտնի «Վարդը» երգի 2 տակտերը «Սիրուն վարդին, կարմիր վարդին» խոսքերով։ Կոմպոզիտորի պատկերավոր համեմատությամբ վարդի պես գեղեցիկ եւ գրավիչ փոքրիկը, որն այդ տարիներին արդեն նորաստեղծ երաժշտական ստուդիայի սան էր, գիտակցաբար, թե բնազդորեն ազգանվեր գործ էր սկսել։ Եվ դա իրեն շրջապատող մեծությունները հասկանում եւ գնահատում էին։ Մեկ ամիս անց՝ 1929 թվականի մարտի 5-ին նոթատետրը հարստանում է եւս մեկ գրառումով։

Այս անգամ Ավետիք Իսահակյանն է կատարում Մարգարիտայի ցանկությունը եւ գրում.
«Գեղեցիկ ու սիրելի Լյալյային։
Աչիկներդ լուսեղեն
Պատուհաններ դրախտի,
Թաթիկներդ ոսկեղեն
Կյանք կհյուսին քո բախտի։
Ավետիք Իսահակյան
5.III. 1929 Երեւան»։

1929 թվի մայիսի 8-ին կատարած Վարպետի գրառումը ունի շատ հետաքրքիր նախապատմություն, որը մեզ վերապատմեց Ռուբեն Հարությունյանը։ Իսահակյանը Փարիզ գնալուց առաջ այցելում է բժիշկ Գաբրիելի ընտանիքին։ Զրույցի վերջում հարցնում է ութամյա Մարգարիտին, թե ի՞նչ բերի Փարիզից։ Աղջնակը պատասխանում է. «Գինի»։

Վարպետը ծիծաղում է եւ նոթատետրում գրում.
«Սիրուն սիրունիկ սիրելի Լյալյային։
Քո ծովերդ շամպայն դառնան,
Քո նավերդ հարբած ման գան»։

Նույն տարվա մարտի 20-ին ավելանում է եւս մեկ գրառում։ Այս անգամ Ռոմանոս Մելիքյանի մաղթանքը ժողովրդական տեքստով է, որը ծառայել է որպես գեղարվեստական հիմք նորաստեղծ «Զմրուխտի» վոկալ շարքի չքնաղ «Օրորի» համար.
«Սիրելի Լյալյային։
Ալ վարդ դառնան քարն ու փուշը,
Որ ճամփովն էլ դու գնաս»։

Այո՛, ընդգծված տողերով, քանի որ այդ տարիներին խոչընդոտները շատ էին, մթնոլորտը՝ վախով լցված։ Միայն համարձակները եւ անվախները կհանդգնեին գնահատել արժանավորներին, մնալ ազնիվ եւ անկաշառ։ Իսկ Հարությունյանների ընտանիքը այդպիսին էր։
Հետո որոշ ժամանակ՝ մինչեւ 1935 թվականի հունվարի 1-ը նոթատետրը հավանաբար «մոռացվում է»։ Արդեն 14-ամյա երիտասարդ աղջկա համար կոմպոզիտոր Սարգիս Բարխուդարյանը Ռոմանոս Մելիքյանի օրինակով գրառում է իր հիասքանչ տոնական մեղեդին։ Նույն օրը գիշերվա երկուսն անց կեսին կատարվել է եւս մեկ գրառում։ Կարին Միքայելյանի տողերն են. «Ուրիշների համար դու կլինես հիացք, իսկ ինձ համար, – նախանձ, որովհետեւ ես չունեմ քեզ պես աղջիկ»։

Մեկ տարի անց՝ 1936թ. նոյեմբերի 26-ին Հարությունյանների տուն այցելած Հրաչյա Աճառյանը որոշում է գրառել գեղեցկուհի Մարգարիտի անունը քսան՝ այդ թվում մեծապես հնագույն, նույնիսկ մեռած լեզուներով՝ հայերեն, լատիներեն, ռուսերեն, հունարեն, վրացերեն, արաբերեն, եբրաերեն, ասորերեն, զանդկերեն (Ավետայի լեզվով), հաթերեն, բժշկական, խպտերեն, փիւունիկերեն, պալմիրերեն, եթովպերեն, պահլավերեն, հնդկերեն, խալդական բեւեռագիրների լեզվով, ճապոներեն եւ չինարեն։ Սա մեծ լեզվաբանի մի յուրահատուկ գրառում է։

Այս յուրօրինակ հավաքածուի մեջ իր ուրույն տեղն ունի Մարգարիտ Հարությունյանի պաշտելի Եղիշե Չարենցի քառյակը։ Առանձնահատուկ ու ճակատագրական էր Չարենցի հետ Հարությունյանների մտերմությունը։ Վիգեն Իսահակյանի հուշերում շարունակում ենք կարդալ. «Հայրս եւ Չարենցը այդ տանն էին հանդիպում։ Ճոխ սեղանի շուրջը, մինչեւ առավոտ, զրույցներ, վեճեր էին տեղի ունենում նոր գրքերի, նոր բեմադրությունների մասին։ Չարենցը շատ սուր, տիպիկ էպիգրամներ էր հնարում՝ Երեւանի զանազան «հեղինակավոր» մարդկանց վրա, ոչ ոքի չէր խնայում, սակայն հորս հանդեպ մշտական մեծ հարգանք էր պահում»։ Այդ հանդիպումների մասին գրել է նաեւ Աշխեն Հարությունյանը «Իմ հուշերից» հոդվածում, զետեղված «Եղիշե Չարենցի մասին» հուշերի գրքում։ Այստեղ նա պատմում է նաեւ 1935 թվականի մայիսի 30-ին թվագրված Մարգարիտին ուղղված առաջին քառյակի մասին։ «Հաղճապակյա Նաիրուհի» այսպես էր դիմում Չարենցը հյուրընկալ ընտանիքի դստրիկին՝ տան ուրախությանը։ Տիկին Աշխենը գրում է. «Մի օր մեր տանը, դիտելով աղջկաս երկու դիմանկարը, որ կատարել էին մեր երկու վարպետները (Մարտիրոս Սարյանը եւ Բաժբեուկ Մելիքյանը-Ն.Ե.) աղջկաս ալբոմում գրեց հետեւյալ քառյակը…».

«Փոքրիկ, հաղճապակյա Նաիրուհուն՝ Մարգարիտին
Ո՞ւր եք դուք, Վատտո՛, Բուշե՛, Ֆրագոնա՛ր,-
Նրբալույս վրձնին ձեր հին
Որքա՜ն պիտի սազեր, օ՜, որքա՜ն֊
Այս փոքրիկ Նաիրուհին…»

Վերջին այցելություններից մեկի ժամանակ՝ 1935 թ. դեկտեմբերի 3-ին, իր հետ էին ուկրաինացի գրողներ Պավլո Տիչինան եւ Միկոլա Բաժանը։ Հայկական հյուրընկալությունից շոյված հյուրերը իրենց երախտիքի խոսքն են շարադրում Մարգարիտի նոթատետրում, իսկ արդեն 1936 թվի հունվարի 11-ին Չարենցը նոր քառյակ է նվիրում՝ բայց արդեն ընտանիքում մշտապես ընթերցվող մեկ այլ գրքում.
«Հաղճապակյա Նաիրուհուն՝ սիրելի Մարգարիտային,
Կուզեի լիներ երկրիս ապագան,
Այնքան լուսավոր եւ այնքան մաքուր,
Որքան աչքերիդ ժպիտը պայծառ։
Եվ հմայքը քո դեմքի ու հոգու»։

Չարենցի մահից հետո իր դուստր Արփենիկը տեղափոխվեց մանկատուն: Աշխեն եւ Գաբրիել Հարությունյաններն ակտիվորեն օգնում էին նրան բանաստեղծ Գեւորգ Էմինի միջոցով: Երբ Չարենցի ռեաբիլիտացիայից հետո վերսկսեցին տպագրվել հանճարի գրքերը, պարզվեց, որ լուսանկարների զգալի մասը, չնայած ժամանակների վախերին, պահպանվել էր Հարությունյանների տանը:

Մարգարիտ Հարությունյանի պայծառ կերպարը շատերին է ոգեշնչել։ Կարդում ենք 1950 թ. հունիսի 15-ին չարենցյան գրչից ազդված եւս երկու գրառում։ Առաջինում Վահագն Դավթյանը քառյակը նվիրելով Մարգարիտին, դիմում է Չարենցին.
«Ոչ փոքրիկ, բայց հաղճապակյա Նաիրուհուն՝
պայծառ աչքերով չքնաղ աղջկան,
Ո՞ւր ես դու արդյոք Չարենց Եղիշե
Եվ ո՞ւր է արդյոք գրիչը քո հին…
Օ՜, քո երգերին որքա՜ն կսազե՜ր
Այս չքնա՜ղ, պայծառ այս Նաիրուհին…»

Բանաստեղծի միտքը շարունակում է երաժշտագետ՝ Ռոբերտ Աթայանը. «Բանաստեղծ չեմ եւ թերեւս այդ պատճառով չեմ կարողանում ոչինչ գեղեցիկ գրել, բայց կասեմ, որ երբ քո աչքերին եմ նայում, տեսնում եմ իմ ողջ ժողովրդի պատմությունը եւ ապագան»։

Հայրենասիրությունը, պետականության հանդեպ պատկառանքը, ազգային արժեքների նկատմամբ հոգատար վերաբերմունքը հատկանշական էին մտավորական Մարգարիտ Հարությունյանին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի օրերն էին։ Արամ Խաչատրյանը՝ Հարությունյանների ընտանիքի մտերիմ մարդկանցից մեկը, 1944 թվի ամռանը եկել էր Երեւան։ Կոմպոզիտորի տուն-թանգարանում «Անհայտ» Խաչատրյանը» վերտառությամբ մի պատմություն է պահվում այդ այցելության մասին. «1944 թ.-ին, երբ Հայաստանի հիմնի ստեղծման համար մրցույթ հայտարարվեց, Խաչատրյանը ժամանեց Երեւան՝ բերելով երաժշտության իր տարբերակը՝ գրված Սարմենի խոսքերով։ Մի գիշեր, նստելով գործիքի մոտ, ընտանեկան (Մարգարիտ Հարությունանի-Ն.Ե.) նեղ շրջանում կոմպոզիտորը սկսեց նվագել ու երգել իր գրած հիմնը։ Ամառ էր, եւ բոլորի պատուհանները բաց էին։ Պարզվեց, որ շուրջբոլորը (պատշգամբներում, պատուհանների մոտ, փողոցում) բազմաթիվ մարդիկ էին հավաքվել, որոնք, ոգեւորված իրենց լսածով, միահամուռ կերպով սկսեցին երգել խաչատրյանական մեղեդին»։ Հենց այդ օրն էլ՝ 1944 թ. հուլիսի 17-ին, Մարգարիտ Հարությունյանի նոթատետրում հայտնվում է եւս մեկ պատմական գրություն՝ Արամ Խաչատրյանի ձեռքով արձանագրված Հայաստանի պետական օրհներգի մեղեդին, որը 1950-ին կեսկատակ խմբագրել է Ալեքսանդր Դոլուխանյանը։ Նոթատետրի վերջին էջին կոմպոզիտոր Կիրիլ Մոլչանովի ձեռագիրն է՝ սերը եւ նվիրվածությունը փառաբանող Կատյայի երգը «Քարե ծաղիկ» նորաստեղծ օպերայից։

Խորհրդանշական է, որ հենց այսպես է ավարտվում նոթատետրը։ Բայց չի ավարտվում արվեստին ու բարձրին ծառայելու, լավագույնը ստեղծելու Հարությունյանների ընտանիքի պատմությունը։ Այն արդեն գրվում է Մարգարիտ Հարությունյանի թոռնուհու՝ դաշնակահարուհի Եվա Հարությունյանի ստեղծագործական կենսագրությամբ։ Մասնագիտական կրթությունը Երեւանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական տասնամյակում սկսած եւ Ժնեւի ու Բեռնի կոնսերվատորիաների ասպիրանտուրաներում ավարտած, Եվրոպական կոնսերվատորիաների պատմության մեջ ամենաերիտասարդ տնօրենն իր կյանքի 12 տարիներով լուսավորում է Ֆերենց Լիստի հիմնած երաժշտական կրթօջախի նորագույն էջը՝ զարգացնելով տատիկի ընտանիքին հատուկ շնորհը՝ արվեստում ու կյանքում աջակցել ամեն նորին ու տաղանդավորին։ Հայրենիքը եւ մայր կրթօջախը պահելով իր սրտում, նա նաեւ միջազգային մշակութային նոր կապերի հեղինակ է։ 2019թ. Ժնեւի կոնսերվատորիայի հետ համագործակցության շրջանակներում Եվայի ջանքերով եւ գլխավորությամբ Երեւան ժամանեցին մի խումբ աշակերտներ եւ պրոֆեսորներ, որոնք Պ. Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտացված երաժշտական դպրոցի աշակերտների հետ հանդես եկան մայր կրթօջախի 80-ամյակին նվիրված միացյալ հիասքանչ հոբելյանական համերգով։

Շնորհակալություն սիրելի, ազգանվեր Մարգարիտ Հարությունյանին, այն «փոքրիկ հաղճապակյա Նաիրուհուն», ով գողտրիկ ակնթարթները հավերժացնելու եռանդով մեզ է փոխանցել իր ժամանակի փայլուն հանճարների եզակի վկայությունը – անգին ժողովածուն։

Նվարդ ԵՂՈՅԱՆ
ԵՊԿ ԳՄ դասախոս, երաժշտագետ

«Առավոտ» օրաթերթ
04.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31