ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 2020թ. ապրիլի 28-ին Գավառում երկու անձի սպանության և վեց անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքի առթիվ քննվող քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:


Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ միջադեպից օրեր առաջ՝ 2020թ. մարտի 23-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Գավառի բնակիչ, դեպքի պահին դեռևս 18-ը չլրացած երիտասարդը մի խումբ անձանց հետ, նախկինում ունեցած տարաձայնությունների հետ կապված հարցերի պարզաբանման ժամանակ, ծեծի է ենթարկել Նորատուս գյուղի բնակիչ, 18-ամյա երիտասարդին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Ծեծի ենթարկողներից վրեժխնդիր լինելու նպատակով վերջինիս հայրը ազգականի, համագյուղացիների, կողմնակիցների և ինքնությունները դեռևս չպարզված անձանց հետ, ապօրինի կերպով ձեռք բերած հրազեններով, 2020թ. ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գավառի Ազատության փողոցում հանդիպել է որդուն ծեծի ենթարկած երիտասարդի՝ հրազենով զինված հորեղբորը և նրանց մտերիմների հետ, որի ժամանակ տեղի է ունեցել փոխհրաձգություն:
Արդյունքում՝ երկու անձի պատճառվել է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, ևս վեցին՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 18-ամյա երիտասարդի հորեղբորը մեղադրանք է առաջադրվել՝ սպանության և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, իսկ նորատուսցի երիտասարդի հորը և ազգականին՝ սպանության փորձի և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու համար:
Կարդացեք նաև
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Գործով դեռևս չպարզված անձանց մասով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին






















































