Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյան. «Ամեն օրը, որ այս իշխանությունը մնում է պետության գլխին վտանգավոր է Հայաստանի համար»

Մայիս 14,2021 20:40 Share

«Հայրենիքի փրկության շարժումը» խորհրդի նիստ էր հրավիրել, որի ավարտից հետո շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ զարմանալի է, որ հայկական բանակը Սյունիքում միանգամից պատասխան չի տվել:

«Ցանկացած երկրի սահմանները, որ խախտվում են զինվորականները կրակելով և պաշտպանելով են պահում: Այն, որ իշխանությունը տկար է, տգետ է, դավաճան է, շատ է ասվել, բայց ես զարմանում եմ զինվորականների վրա: Իրենց համար կարգադրություն կատարել-չկատարելը դառնում է ավելի կարևոր, քան իրենց առաջին պարտականությունը՝ հայրենիքի պաշտպանությունը: Մենք քննարկում էինք հայրենիքի պաշտպանության համար ժամանակին, երբ որ մենք Ղարաբաղ կոմիտեում էինք մենք ջոկատներ էինք ստեղծում, և երևի իսկապես այդ ջոկատները պետք են: Մենք ունենք պետություն, մենք ունենք բանակ, որը լավ զինված է, միլիարդներ են ծախսվել այդ բանակի վրա, և այդ բանակը դատապարտված է անգործության: Եղան բազմաթիվ առաջարկություններն և՛ կազմակերպչական, և՛ քաղաքական, որոնք դեռ կքննարկվեն, միս ու արյուն կստանան: Որոշվեց, որ հայտարարություն պետք է գրել՝ մեր մտահոգությունների մասին: Մյուս կողմերից արդեն հասկանալի է՝ անկախ նրանից ընտրություններ կան, թե ընտրություններ չկան, ամեն օրը, որ այս իշխանությունը մնում է պետության գլխին վտանգավոր է Հայաստանի համար, և անպայման պետք է այս իշխանությունը փոխել»,- նշեց նա:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, Վազգեն Մանուկյանը ասաց. «Եթե դու քո երկիրը չես պաշտպանում, քեզ ոչ մեկը չի պաշտպանի: Դու պիտի պաշտպանես երկիրը, որ նոր իրավիճակ ստեղծվի, և գան քեզ օգնելու: 200 հոգի գալիս են, դու նահանջում ես ու հպարտանում ես, որ ես զոհ չեմ տվել: Այսօր չես տվել մինչև Երևան նահանջի թո՛ղ ադրբեջանցիները գան Երևան՝ առանց զոհերի գան Երևան: Դա պետություն չի արդեն: Դրա համար ես համարում եմ, որ պետք է դիմենք միջազգային կազմակերպություններին, լավ կլինի՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, բայց հույսը պետք է կապենք միայն մեր հետ: Մենք ունենք պատրաստի կառույցներ, որոնք տասնյակ տարիներ ծառայել են Հայաստանի համար և հիմա ոչ մի օգուտ չկա այդ կառույցներից»:

Նա համարում է, որ ռազմական դրությունը արդարացված կլինի, եթե բանակը կանգնեցնեն սահմաններին, ադրբեջանցիներին դուրս շպրտեն. «Բայց եթե ռազմական դրություն հայտարարվելու է և որևիցե բան չի արվելու, այդ դեպքում ինչո՞ւ է ռազմական դրություն հայտարարվում»:

Իսկ տարածք՝ տարածքի դիմաց տարբերակը Վազգեն Մանուկյանը բացառում է. «Մենք ունենք մեր սահմանները, և այդ սահմանները անսասան պետք է լինեն՝ ոչ մի «տարածք՝ տարածքի դիմաց»: Մենք մի տարածքը մյուս տարածքի հետ փոխե՞նք: Աննորմալություն է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31