Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմակայության հայկական պատ

Մայիս 15,2021 14:30

«Առավոտի» զրուցակիցն է ԳԽ եւ ԱԺ նախկին պատգամավոր, 2003-2007 թվականին ՀՀ նախագահի խորհրդական Սեյրան Ավագյանը

– Պարոն Ավագյան, 44-օրյա պատերազմից հետո, ըստ որոշ գնահատականների, հայկական պետությունները կրկին հայտնվել են «ելման դիրքում»: Որո՞նք են Ձեր գնահատականները, ինչո՞վ են նման եւ ինչո՞վ են տարբերվում անցյալ դարի վերջի եւ այժմվա իրադարձությունները:

– Այսօր Հայաստանում, ինչպես 23 տարի առաջ` օրակարգ է մտել Ադրբեջանի հետ հաղորդակցության ճանապարհների ապաշրջափակման եւ, ինչպես ասվում է, հայ-թուրքական հաշտեցման հարցերը: Ի տարբերություն նախորդ ժամանակվա` այսօր այն նոյեմբերի 9-ի ստորագրված եռակողմ հայտարարության կետերից է եւ արդեն այն պարտադրվում է Հայաստանին: Հաջորդ կարեւորագույն տարբերությունն այն է, որ եթե նախկինում իշխանության բարձր ատյաններում առաջացել էր 2 տարբեր կարծիքներ` այսօր այստեղ միակարծիք են: Այդ պատճառով էլ, եթե նախկինում կարծիքների բաժանարար գիծը անցնում էր մի կողմից հանրապետության նախագահը եւ իր համախոհները` ԱԺ նախագահը եւ այլ բարձր պաշտոնատար անձինք, իսկ մյուս կողմից` հանրապետության վարչապետը, պաշտպանության նախարարը, ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարը եւ այլ բարձր պաշտոնատար անձինք: Երկրորդ կողմի հետ միացել էր նաեւ քաղաքական ընդդիմությունը, ինչպես նաեւ հասարակության ճնշող մեծամասնությունը:

Այսօր բաժանարար գծի մի կողմում վարչապետն ու իր գլխավորած քաղաքական թիմն է, իսկ մյուս կողմում հասարակության ստվար հատվածն ու ընդդիմությունն է: Հասարակության ակտիվ այս հատվածն այսօր բաժանարար գծին շատ ավելի մոտ է հայտնվել ու նրա վրա ընկնող ծանրության բեռն ավելի մեծ է երեւում, քան նախկինում էր:

– Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, ակտիվորեն քննարկվում է ճանապարհների ապաշրջափակման հարցը: Ի՞նչ նպատակ էր դրանով հետապնդում իշխանությունը:

– Ճանապարհների ապաշրջափակման կողմնակիցները, այսօր թե նախկինում, Հայաստանի զարգացման հեռանկարները տեսնում եւ կապում են այդ ապաշրջափակման հետ: Այսպես, դեռեւս 1998թ. հունվարի 8-ին կայացած անվտանգության խորհրդի հայտնի ընդլայնված նիստում Լեւոն Տեր-Պետրոսյանը իր ելույթում անդրադառնալով երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին` գնահատում է այն բավականին բարդ եւ միտումը` ավելի խորացող: Նա գտնում է, որ քանի դեռ շատ ուշ չէ` պետք է գնալ Ղարաբաղի հարցի հրատապ լուծման, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հաշտեցման, որն էլ հնարավորություն կտա Հայաստանը զարգացման տանել:

Հաշտեցումից ակնկալվող հնարավորություններն ավելի պարզ ու առավել համակարգված է ներկայացվել Լեւոն Տեր-Պետրոսյանի վերը հիշատակված ելույթում: Ակնկալվող հնարավորություններին վերաբերող հարցերի մի խումբը տնտեսական բնագավառից է: Նա այս մասին ասում է. «Հակամարտության առկայությունը Հայաստանին զրկում է իր ամենաբնական եւ շահավետ տնտեսական գործընկերներից` Ադրբեջանից, Թուրքիայից եւ մասամբ՝ Իրանից: Ես առիթ ունեցել եմ գնահատելու հայ-ադրբեջանական տնտեսական համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները, ուստի զերծ եմ մնում կրկնությունից: Չեմ կարծում, որ որեւէ մեկը կարող է ժխտել նաեւ հայ-թուրքական տնտեսական հարաբերությունների հսկայական պոտենցիալը, որը թերեւս երկրորդական դեր կարող է խաղալ Թուրքիայի տնտեսության զարգացման գործում, բայց Հայաստանի դեպքում, անկասկած, ունի կենսական նշանակություն: Մեր «Արդյունաբերողների միության» կատարած հաշվարկների համաձայն` Հայաստանի ու Թուրքիայի հաղորդակցության ճանապարհների վերագործարկման դեպքում Հայաստանի արտաքին առեւտրի շրջանառությունը կարող է աճել 50%, իսկ դա նշանակում է՝ արդյունաբերության զարգացման լուրջ հնարավորություններ, լրացուցիչ աշխատատեղեր եւ սոցիալական խնդիրների լուծման հեռանկարներ»:

Հարցերի հաջորդ խումբը արտասահմանյան ներդրումներին են վերաբերում: Այս մասին նրա կարծիքն էր. «Ոչ ոք չի կարող առարկել, որ Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը Հայաստանը դարձնում է ռիսկի գոտի: Շրջափակումները շուրջ 30% թանկացնում են Հայաստանի արտաքին բեռնափոխանակությունը եւ դա նույնպես չի կարող չազդել արտասահմանյան ներդրողի մտադրությունների վրա: Եվ վերջապես, պետք է սառնասրտորեն գիտակցել, որ անգամ անկախ այս հանգամանքներից, Հայաստանը, որպես երեքուկես միլիոնանոց շուկա, ինքնըստինքյան գրավիչ չէ արտասահմանյան ներդրումների համար: Հակամարտությունների կարգավորման պարագայում, Անդրկովկասում կարող էր ձեւավորվել շուրջ 15 միլիոնանոց շուկա, որը անտարակուսելիորեն բարենպաստ հող կհանդիսանար օտարերկրյա ներդրումների համար: Բացի այդ, նման պայմաններում հնարավոր կլիներ իրականացնել նաեւ լայնածավալ տարածաշրջանային ծրագրեր, որոնք արտասահմանյան կապիտալի համար շատ ավելի գրավիչ են, քան կոնկրետ երկրում կատարվող ներդրումները»:

Հաջորդը` կոմունիկացիոն բնագավառի հարցերին են վերաբերում: Այս մասին ասում է. «Բացի բնական տնտեսական գործընկեր լինելու ինքնին արժեքից, Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունեն նաեւ որպես ամենակարճ տարանցիկ ճանապարհներ, մի դեպքում դեպի Եվրոպա եւ արաբական աշխարհ, մյուս դեպքում` դեպի Իրան, Ռուսաստան ու Միջին Ասիա: Եվ վերջապես, ղարաբաղյան հակամարտության պատճառով Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային կազմակերպություններից` դատապարտվելով օրեցօր խորացող մեկուսացման»:

– Ղարաբաղի հարցով այն ժամանակ ձեւավորվեց երկու գիծ` փուլային եւ փաթեթային: Առաջինի մոտեցումները ներկայացրեցիք: Ո՞րն էր փաթեթային տարբերակի կողմնակիցների տեսակետները:

– Հակիրճ ներկայացնեմ.

1. Հայաստանի տնտեսական զարգացումը կարելի է ապահովել նաեւ առկա պայմաններում եւ ամեն ինչ կախված է կառավարության աշխատանքի ճիշտ կազմակերպումից եւ ուժերի մոբիլիզացիայից:
2. Ակտիվ մարքեթինգային քաղաքականություն վարելով՝ կարելի է ապահովել արտասահմանյան ներդրումային հոսք:
3. Հայաստանի բյուջեն կարելի է երկու-երեք անգամ մեծացնել՝ պայքարելով ստվերային տնտեսության դեմ եւ խստացնելով հարկային վարչարարությունը:
4. Ապաշրջափակումը հնարավոր չէ ապահովել. ցանկացած պատրվակով ադրբեջանական կողմը կարող է խախտել այն:
5. Փուլային տարբերակը ենթադրում է նոր սահմաններ, անհրաժեշտություն է առաջանում նոր ինժեներական կառույցների ստեղծման, նոր դիրքերի ամրացման աշխատանքներ կատարել, որը դժվար է լինելու իրականացնել: Այս տարբերակը կարող է մեծացնել պատերազմի վտանգը: Կմեծանա նաեւ Ղարաբաղից արտագաղթ սկսելու հավանականությունը եւ այլն:

– Իսկ, այնուամենայնիվ, ըստ Ձեզ, ինչո՞ւ զիջեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:

– Որովհետեւ կար ամենակարեւոր մի հանգամանք. ի՞նչ էր կատարվում եւ ի՞նչ էր խոսվում հասարակության խորքային շերտերում: Այստեղ տիրապետող տեսակետը ձեւավորվել էր եւ գալիս էր տասնամյակների հեռավորությունից: Նրա սիմվոլը եղեռնի հուշահամալիրն է: Ախուրյանում մի դիրք կա, որտեղից լավ է դիտվում Անին: Երբ դեռ հնարավոր չէր այցելել Արեւմտյան Հայաստան` մենք ընկերներով այցելում էինք այստեղ, դիտում երբեմնի հազար ու մի եկեղեցիներով հայերի ոստան, հայ ճարտարապետության գոհար մայրաքաղաք Անիի ավերակները: Իսկապես, որ պատկերը շատ սթափեցնող է: Տարիներ հետո մեր ընկերներից շատերը այցելեցին Արեւմտյան Հայաստան: Մի մասը կարողացել էին լինել պապերի բնակատեղիում` ոմանց հաջողվել էր գտնել իրենց ծնողների, պապերի տունը: Բոլոր նրանք, ովքեր սեփական աչքերով տեսել էին հայաթափ եղած Մուշն ու Սասունը, Վանն ու Բիթլիսը, Ադանան ու Արդահանը, Ղարսը եւ բազում այլ երբեմնի կյանքով լեցուն հայկական շեները, ինչպես նաեւ բոլոր նրանք, ովքեր լսել են ու ծանոթ են այն արհավիրքներին, որ մեր այս երկու հարեւանները բերել են մեր ժողովրդին` ինչպե՞ս պիտի արձագանքեին Արցախը որեւէ պայմանով Ադրբեջանի կազմում թողնելու ու հաշտության ձեռք մեկնելու Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ իր համախոհների նախաձեռնությանը: Ի՞նչ է արել ժամանակակից Թուրքիան, որպեսզի փոխի աշխարհասփյուռ հայության` նրանց մասին արմատացած կարծիքը: Դեռ դարասկզբի վերքերը չսպիացած` դարավերջին կազմակերպեցին Սումգայիթի, Մարաղայի, Գանձակի, Շահումյանի եւ շատ այլ հայաբնակ վայրերի հայաթափումն ու կոտորածները: Եղեռնի հուշարձանի հարեւանությամբ գոյացավ Եռաբլուրը: Այսպիսով, Լեւոն Տեր-Պետրոսյանի տեսակետին հակադրվող արցախյան առաջին պատերազմի առանցքային դերակատարների եւ նրանց համախոհների կարծիքը պաշտպանվեց նաեւ քաղաքական ընդդիմության կողմից եւ ներդաշնակվեց արհավիրքներով անցած հայ ժողովրդի լայն զանգվածների կարծիքին` Հայաստանում եւ սփյուռքում: Հանրապետության առաջին նախագահի նախաձեռնած քաղաքական այս կուրսը բախվեց համախմբված հայության դիմակայության ամուր պատին: Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչպես ամեն իրեն հարգող պետական գործիչ, հրաժարական տվեց:

(շարունակելի)
Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
14.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31