Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան» դաշինքն ու սյունեցիները. Մեղրիի համայնքի ղեկավարը հանդիպե՞լ էր Սուրեն Պապիկյանին

Հունիս 03,2021 12:56

Հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը, ՀՅԴ–ն եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցեն «Հայաստան» դաշինքով։ Ցուցակում 153 թեկնածու է ընդգրկված։ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահը ԶՊՄԿ նախկին գլխավոր տնօրեն, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն է, եւ ըստ էության, կուսակցությունը տեղացիները համարում են սյունիքյան ծագում ունեցող։ Իսկ ովքե՞ր են Սյունիքից ընդգրկված ցուցակում ։

Առաջին եռյակում Ազգային ժողովի պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Աննա Գրիգորյանն է։ Վերջինս պատգամավոր էր ընտրվել իշխանական «Իմ քայլ»-ի ցուցակով, սակայն մինչ մանդատը ստանալը հրաժարվել էր «Իմ քայլ»-ից՝ դառնալով անկախ պատգամավոր։

Կուսակցության անդամ, Մեղրիի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը 17-րդ հորիզոնականում է։ Մեր ունեցած տեղեկություններով, մինչեւ ընդդիմադիր կուսակցությանն անդամակցելը, Զաքարյանը մի քանի անգամ հանդիպել էր ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանին եւ համաձայնել էր ընդգրկվել իշխանության ցուցակի անցողիկ տեղերում։ «Նման առաջարկ չէր եղել, եթե լիներ էլ՝ ես չէի համաձայնի։ Ուղղակի, միջնորդավորված առաջարկեցին հրաժարական տամ Մեղրիի համայնքի ղեկավարի պաշտոնից ու փոխարենը ոչինչ։ Մտածում էին՝ ես իրենց պետք չեմ։ Եթե այս իշխանությունը նույնիսկ փոխվարչապետ առաջարկեին ինձ՝ կհրաժարվեի։ Կրկնեմ՝ ինձ ոչ մի առաջարկ չի եղել, իսկ Սուրեն Պապիկյանին երեւի վերջին անգամ հանդիպել եմ 9 ամիս առաջ»,–Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում ասում է Մխիթար Զաքարյանը։

Կուսակցության շարքերը համալրած Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանն ու Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը համապատասխանաբար 28 եւ 32 հորիզոնականներում են։ Կապանցի, «Վերածնվող Հայաստան» կուսակցության իրավախորհրդատու Ռոբերտ Հայրապետյանը դաշինքի 41-րդ թեկնածուն է։

13 տարի Տաթեւի համայնքի ղեկավար աշխատած, այժմ գործազուրկ Մուրադ Սիմոնյանը, որը նույնպես Վահե Հակոբյանի գլխավորած կուսակցության անդամ է, դաշինքի 67-րդ հորիզոնականում է։

«Հայաստան» դաշինքի 94–ում հորիզոնականում սիսիանցի, «Արմինե եւ Արման» ՍՊԸ տնօրեն, ՀՅԴ անդամ Սամվել Ավետյանն է։ Եվս մեկ դաշնակցական, սիսիանցի Վարդան Ալեքսանյանը ցուցակի 136-րդ թեկնածուն է։ Վերջինս ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի հայոց պատմության եւ հասարակագիտության ամբիոնի դոցենտ է։ ՀՅԴ անդամներ, կապանցիներ, «Ազատամարտ» կոմիտեի անդամ Խորեն Հարությունյանը «Հայաստան» դաշինքի 139-րդ հորիզոնականում է, իսկ Գառնիկ Մելքումյանը՝ 148-րդ թեկնածուն է։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930