«Ուժեղ Հայաստանի» անդամների հետ մտավորականների հավաքից հետո ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քաղաքական կուսակցությունների հիմնական նպատակը ավելի լայն հանրային-հասարակական շերտի կոնսոլիդացիան է կոնկրետ օրակարգի շուրջ. «Խնդիր չունենք միայն կուսակցություններով հավաքվել, ինչ-որ հայտարարություններ ընդունել, իսկապես ազգային համախմբման նպատակ ունենք և, բնականաբար, մտավորականների հանդիպումը և իրենց հետ այս հարցի շուրջ քննարկումը անչափ կարևոր էր հենց այդ համատեքստում»։
Նա ընդգծեց, որ ունեն մտավորականության անվերապահ աջակցությունը, նրանք նույնպես պնդում են, որ Ալիևյան սահմանադրությունը տեղ չունի Հայաստանում. «Հայ ժողովուրդը երբևէ չի կարող ընդունել իրեն պարտադրված արտաքին օրակարգ՝ լինի Ալիևը, թե աշխարհի որևէ կենտրոն, չի կարող պարտադրել ապրել մի սահմանադրությամբ, որը գրված չէ Երևանում… Համախոհությունը միայն սահմանադրության մասին չէ, այլ նաև ազգային արժեքների պաշտպանությունն է, եկեղեցին է, տարածքային նոր զիջումների անթույլատրելիությունը, ինչպես նաև ժողովրդավարության վերականգնումը, ժողովրդավարական արժեքների վերականգնումը։
Այսինքն՝ այս բոլորի շուրջ քննարկումների վերահաստատում՝ համատեղ պետք է փորձենք պայքարել մեզ դրսից պարտադրվող օրակարգի դեմ… Մեր մանդատից բխող պարտականությունն է դեմ դուրս գալ Ալիևյան սահմանադրությանը, ինչը մենք արել ենք պառլամենտում այսպես թե այնպես, բայց պետք է, որպեսզի բոլոր տեղերից հասկացվի, որ հայ ժողովրդի վզին չի կարելի փաթաթել արտաքին օրակարգ»,- ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարը։
Դառնալով ՔՊ-ականներին ու Փաշինյանի հայտարարություններին՝ Գրիգորյանը փաստեց, որ ընդդիմադիրների համատեղ հայտարարություններից հետո իշխանությունները բավականին անհանգիստ էին, դրա համար գործի էին դրել իրենց ամբողջ արսենալը, գրառումներ էին անում իշխանամետ ՀԿ սեկտորից մինչև ՔՊ-ականներ։
Կարդացեք նաև
«Մենք ժողովրդի կողմից լիազորված չենք կողմ քվեարկել Ալիևյան սահմանադրությանը։ Եթե սահմանադրության այն կետը, որը Ալիևի պահանջն է, այսինքն՝ Անկախության հռչակագրին հղումը թողնեն, մնացածի շուրջ, իհարկե, քննարկումներ կարող են լինել, բայց քանի դեռ սահմանադրության բովանդակությունն ու էությունը միայն Ալիևի պահանջի իրականացումն է, այստեղ ուղղակի քննարկման դաշտ չկա, և մեզ ճնշողը միայն կարող էր մեր ընտրողը լինել։ Իսկ մեր ընտրողը մեզ ասում է՝ որևէ կերպով չքվեարկել այդ սահմանադրությանը»,- ասաց Աննա Գրիգորյանը։
Հանդիպումն ամբողջությամբ՝
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































