ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այսօր շրջայց է կատարել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, ծանոթացել բուհի գործունեությանը, ընթացող գործընթացներին, նախատեսվող հեռանկարային զարգացման ծրագրերին, նյութատեխնիկական բազային, զրուցել դասախոսների և վարչական աշխատակիցների հետ:
Բուհի ռեկտորի՝ Սոնա Հովհաննիսյանի ուղեկցությամբ նախարարի տեղակալը նախ եղել է կոնսերվատորիայի բակային տարածքում, ծանոթացել այդ հատվածում նախատեսվող բարեկարգման աշխատանքների նախագծին և տարածքի հնարավորություններին, որոնք կծառայեցվեն ուսանողների ստեղծագործական կարողությունների իրացմանը:


Կարեն Թռչունյանը եղել է նաև բուհի «Ինովացիոն ակուստիկ լաբորատորիայում», որը ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի, Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում: Ռեկտորի տեղեկացմամբ՝ լաբորատորիայի ստեղծման պատմությունը սկսվել է 2017 թվականի դեկտեմբերից, երբ «Կրթության բարելավում» ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակում մեկնարկել էր «Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա» դրամաշնորհային ծրագրի իրականացումը:
«Ինովացիոն ակուստիկ լաբորատորիան» այժմ գործում է շատ ակտիվ. այստեղ բոլոր ուսումնառողների համար անցկացվում են «Երաժշտական կատարողական արվեստ» մագիստրոսական ծրագրով նախատեսված դասընթաց: Ուսանողները գործնական պարապմունքների միջոցով զարգացնում են հնչողության տեմբրային որակների հմտությունները և տեխնիկական կարողությունները։ Բացի դրանից՝ լաբորատորիան ծառայում է որպես համերգասրահ, ինչպես նաև այստեղ անցկացվում են շնորհանդեսներ, գիտաժողովներ, հանդիպումներ արվեստագետների հետ, վարպետության դասեր։
Կարդացեք նաև
Նախարարի տեղակալը ծանոթացել է նաև որակի ապահովման կենտրոնի գործունեությանը և քննարկել մի շարք հարցեր այդ ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:
Նշենք, որ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի` բուհեր այցելությունները կլինեն շարունակական:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


















































