Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Որպես ՀՀ քաղաքացի անհարմար եմ զգում, երբ նայում եմ՝ ողջ միջազգային մամուլը առաջին էջերում Նիկոլ Փաշինյանին է պատկերում բանտիկով մուրճը ձեռքին»

Հունիս 18,2021 23:50

Նաիրա Զոհրաբյանը, որ որպես լրագրող լուսաբանել է բազմաթիվ ընտրություններ, զարմացած է խորհրդարանական արտահերթ այս ընտրություններում Նիկոլ Փաշինյանի վրա ծախսվող միջոցներից: Այսօր Ընտրությունների վերահսկման կենտրոնի հրավիրած մամուլի ասուլիսում նա ասաց.

«Մենք երեկ տեսանք, թե ինչ աննախադեպ վարչական ռեսուրս կիրառվեց Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» հանրահավաքը կազմակերպելու համար: Ես որպես թե երկար տարիների լրագրող, թե պատգամավոր, լինեմ անկեղծ, տեսել եմ վարչական ռեսուրսի կիրառում: Բայց այն, ինչ տեղի ունեցավ երեկ, աննախադեպ էր: Եվ ինձ զարմացնում է, որ Հայաստանում երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնող , օրինակ, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը, երբ նրան ուղարկվել է ահասարսուռ տեսարան, թե ինչպես Սեւանի հոգեբուժարանից անգամ առողջական խնդիրներ ունեցող մարդկանց են տեղավորում մեքենաների մեջ եւ բերում Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին, իրենք այս ընթացքում որեւէ միջանկյալ զեկույցով հանդես չեկան:

Ուզում եմ հիշեցնել՝ նախկինում, երբ իշխանության կողմից որեւէ օրինախախտում, վարչական ռեսուրսի չարաշահում էր լինում, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը օրը 10 անգամ միջանկյալ զեկույց էր հայտարարում: Հիշում եք, Սերժ Սարգսյանի  «ինչքան ուզենք՝ կխփենք» արտահայտությունը: Եթե չեմ սխալվում, երեք միջանկյալ զեկույցում միայն այդ մասին անդրադարձավ: Ամբողջ երեք օր շարունակ նախապատրաստական աշխատանք են տարել, ավտոբուսներով, տեղաշարժման բոլոր հնարավոր միջոցներով Հանրապետության հրապարակ են բերվել մարդիկ: Ինձ զանգահարել է Ալավերդու դպրոցի ուսուցչուհիներից մեկը՝ անունը չեմ հրապարակում, որովհետեւ աշխատանքը կկորցնի, եւ տեղեկացրել՝  իրենց ասել են, որ բարձր դասարանի երեխաներին էքսկուրսիայի անվան տակ բերեն եւ ասել նաեւ, որ իրենց տեղը Շահումյան հրապարակն է լինելու, որտեղ պետք է իրենց նկարեն՝ մարզպետարան «ատչյոտ» տալու համար:

Ամբողջ հանրապետության վարչական ռեսուրսը օգտագործելով՝ երեկ Նիկոլ Փաշինյանը կարողացավ Հանրապետության հրապարակում հավաքել, ցիտում եմ Նիկոլ Փաշինյանի կողմնակից Դանիել Իոանեսյանի թիվը՝ 21100 մարդ: Սա արդեն վկայում է, որ մարդ, որը 2018 թվականին ՖԲ գրառումով քանի մարդ էր բերում Ազգային Ժողովի վրա գրոհի, ովքեր ճանկռտելով բարձրանում էին մեր աշխատասենյակներ, կամ հավաքում էր Հանրապետության հրապարակում, երեկ իմ վստահ համոզմամբ արձանագրեց իր պարտությունը:

Բայց մենք երեկ նաեւ մի վտանգավոր երեւույթի ականատես եղանք: Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին եկել էին մուրճերով մարդիկ, մուրճերով ՀՀ քաղաքացիներ: Հիմա դուք պատկերացնո՞ւմ եք, եթե թեկնածուներից մեկը, ասենք, Ռոբերտ Քոչարյանը, քարոզարշավի գնար մուրճով: Պատկերացնո՞ւմ եք՝ ողջ խունտան հիմա «Մենք բոլորս մուրճ ենք» վերնագրով պերֆորմանս կկազմակերպեր, կհագներ մայկաներ մուրճի նկարներով եւ կպառկեր բոլոր հնարավոր ասֆալտներին:

Մենք անգամ հանդիպել ենք ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ներկայացուցիչներին, տեղեկացրել, որ այդ մարդը քարոզարշավի գնում է մուրճով: Ես որպես ՀՀ քաղաքացի անհարմար եմ զգում, երբ նայում եմ՝ ողջ միջազգային մամուլը առաջին էջերում Նիկոլ Փաշինյանին է պատկերում բանտիկով մուրճը ձեռքին, նայում աշխարհի բոլոր առաջատար լրատվամիջոցների վերլուծականները, որոնք ծաղրում են: Բայց ինձ շարունակում է զարմացնել միջազգային դիտորդական առաքելությունների լռությունը: Ի դեպ, երեկ արդեն Հայաստան են ժամանել կարճաժամկետ դիտորդական առաքելության ներկայացուցիչները՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովից, ԵԽԽՎ խորհրդարանական վեհաժողովից, Եվրոպական պառլամենտից: Եթե չեմ սխալվում, 260 հոգի:

Սա էր, որ ես ուզում էի ձեզ փոխանցել: Այսինքն կիրառվել է աննախադեպ վարչական ռեսուրս: Ես ուզում եմ հիշեցնել ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի խոսքերը, թե երկիրը վերածվել է պադավատապետության: Հիմա նայեք,  թե քանի պադավատ էր Նիկոլ Փաշինյանին ուղեկցում իր քարոզարշավների ժամանակ, ողջ պետական ռեսուրսը՝ հարյուրավոր ոստիկաններ, սնայպերներ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930