Ինչպես տեղեկացրել ենք, այսօր թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում 7/7 ընտրատեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկն էր: Անվավեր քվեաթերթիկները 6-ն էին, ինչպես արձանագրության մեջ նշված էր: Ճիշտ էին նաեւ մյուս մասնակիցների քվեները: ՔՊ-ն այս տեղամասում ստացել էր 461 ձայն, «Հայաստան» դաշինքը՝ 270 ձայն:
Հանձնաժողովում արձանագրեցին. «Պարզվեց՝ պարկը կիսաբաց էր բերվել, մենք պարտավոր էինք անել վերահաշվարկ: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով, ընտրական կամ հանրաքվեի փաստաթղթերի պարկը տեղամասային ընտրական հանձնաժողովում սահմանված կարգով չփակելը առաջացնում է տուգանք նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից մինչեւ 500-ապատիկի չափով»:

Aravot.am-ը Սարգիս Քլոյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է բացատրում այն, որ իր ընտրատեղամասում փաստաթղթերի պարկը կիսաբաց է եղել: Նա պատասխանեց. «Անորակ պարկով, մի բարակ սոսինձ է քսած: Տեխնիկական ապարատների տակից քաշեցի հանեցի՝ միանգամից բացվեց: Ես նորմալ փակել եմ, բերեցի հասցրեցի այստեղ, որ հանձնեմ եղած-չեղածը, քաշեցի տակից, պարկը էսքան բացվեց: Բայց, փառք Աստծո, ամեն ինչ նորմալ էր»: Դիտարկմանը, որ նվազագույնը 300 հազար դրամով տուգանվելու է՝ Քլոյանը պատասխանեց. «Լավ են անում, թող անեն, ես օրենքին ենթակա մարդ եմ»:
Կարդացեք նաև
Ընտրատարածքային հանձնաժողովում, երբ փոխանցեցինք Քլոյանի բացատրությունները՝ պատասխանեցին. «Կարող էր շատ զգույշ եւ նուրբ լիներ ու պարկը չվնասեր ու խնդիրներ չառաջանար: Միեւնույն է, պատասխանատվությունն իր վրա է: Ինքը պետք է վճարի նվազագույնը 300 հազար, առավելագույնը՝ 500 հազար դրամ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ




















































Պատկառանք ունեի այս մարդու նկատմամբ, քանի որ մարտի 1-ի զոհերից մեկի հայրն է: Բայց պարզվում է, որ նա ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ դառնալուց հետո կարող է նմանվել նախկինների ժամանակվա մախինատորներին՝ նրանց պես արդարանում է. «փաստաթղթերի պարկը անորակ էր, սոսինձը բարակ էր քսված, քաշեցի, էսքան բացվեց» և իբր կատակում է. «թոշակս կտամ, կպրծնեմ»: Քո որդին՝ Գոռ Քլոյանը զոհվեց, քանի որ մարտի 1-ին պայքարի էր դուրս եկել կեղծված ընտրությունների դեմ, իսկ հիմա քո գործողություններն են նմանվում ընտրակեղծարարությանը: Ստացվում է, որ քո որդին զոհվեց քո նմանների դեմ պայքարելու արդյունքում: