Լրահոս
Օրվա լրահոսը

«Արհեստական բանականություն» մագիստրոսական ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացնում». Բերտրան Վենար

Հունիս 28,2021 13:12

Հայաստանում Ֆրանսիական համալսարանում մեկնարկում է նոր` «Արհեստական բանականություն» մագիստրոսական ծրագիրը: «Արմենպրեսի» մամուլի սրահում Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Բերտրան Վենարը նշեց, որ ծրագրի մասին որոշումը կայացվել է դեռեւս դեկտեմբեր ամսին, իսկ հունիսին արդեն ստորագրել են պայմանագիրը գործընկեր համալսարանի հետ, սեպտեմբեր ամսից էլ ընդունելու են առաջին ուսանողներին: Ռեկտորն այս համատեքստում կարեւորեց Ֆրանսիական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Քրիստինա Սարգսյանի եւ Ֆրանսիայի Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանի Գիտությունների և ճարտարագիտության ֆակուլտետի ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի համադեկան Ալեն Կրուզիլի դերակատարությունը:

Բերտրան Վենարն ասաց, որ իրենք Ֆրանսիական համալսարանում միշտ ստեղծում են այնպիսի ծրագրեր, որոնց կարիքն ունի Հայաստանը: «Երբ ես հանդիպում եմ Հայաստանի ԿԳՄՍ եւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների հետ, միշտ հաճախ հարցնում եմ, թե ինչի կարիք ունեք: Օրինակ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը համաձայնել է գալ համալսարան եւ ներկայացնել իր ռազմավարությունը, որի վրա հիմնվելով` Ֆրանսիական համալսարանը կհասկանա, թե ինչ համապատասխան ծրագրեր կարող է առաջարկել»,-ասաց ռեկտորը: Ի թիվս այլնի, հաջողության գրավականներից մեկն էլ համարեց լավ գործընկերների առկայությունը: Նաեւ կարծիք հայտնեց, որ մարդկային ռեսուրսների որակը հնարավորություն կտա իրենց հաջողել այս ծրագրում:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը կարեւորեց նոր մագիստրոսական ծրագրի ստեղծումը եւ ընդհանրապես ֆրանսիական կողմի հետ ունեցած համագործակցությունը տարբեր ձեւաչափերում ու նախագծերում: Ընդգծեց, որ նոր, ժամանակակից ուղղությունները կարող են բարձր արդյունավետությամբ օգտագործվել Հայաստանում:

Ինչ վերաբերվում է «Արհեստական բանականություն» մագիստրոսական ծրագրին, նախարարի տեղակալն ասաց, որ այս ոլորտը շատ կարեւոր է Հայաստանի համար. «Որ ստարտափները զարգանում են, տարբեր գնահատականներ ունենք, թե ինչքան պահանջարկ կա ոլորտի մասնագետների: Այդ պահանջարկի բավարարման համար սա եւս մի քայլ է համապատասխան մասնագետներ պատրաստելու եւ թույլ չտալու, որպեսզի ներուժը եւ ֆինանսավորումը գնան այլ երկրներ: Այս մագիստրոսական ծրագրի ստեղծումը եւս մեկ ներդրում է էկոհամակարգի, Հայաստանում ստարտափների զարգացման առումով»:

Բերտրան Վենարը նշեց, որ «Արհեստական բանականություն» մագիստրոսական ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացնում, դա մի թեմա է, որը յուրաքանչյուրը կցանկանար զարգացնել, սակայն որակյալ մասնագետների պակաս կա:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930