Լրահոս
Օրվա լրահոսը

Պատրանքներով ապրելու հետեւանքները

Հուլիս 07,2021 10:00

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայտարարությունն այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցողը «սահմանային միջադեպ է», եւ այդ կազմակերպությունը նման պարագայում անելիք չունի, մեծ դժգոհություն է առաջացրել Հայաստանում: Մեր այն քաղաքական շրջանակները, որոնք կարծում են, թե անվտանգության համակարգը, որի հովանոցի տակ է ներկայումս գտնվում Հայաստանը, կարող փոխարինվել մեկ այլ համակարգով, Զասի հայտարարության մեջ տեսան այն «վերջին կաթիլը», որը պետք է դրդի մեր պետությանն անել այդ վճռական քայլը: Իշխանամետ քաղաքական գործիչներն ու հ/կ-ները նույնպես, արմատականության տարբեր աստիճանով, նմանատիպ կարծիք են հայտնում:

Նախ արձանագրենք, որ ՀԱՊԿ-ն իսկապես ձեւական կառույց է, որը, որպես կազմակերպություն, որեւէ մտադրություն չունի ապահովելու Հայաստանի անվտանգությունը՝ այնտեղ, բացի Ռուսաստանից, հավաքվել են պետություններ, որոնք ավելի շուտ Ադրբեջանի, քան Հայաստանի դաշնակիցներն են: Դա չի նշանակում սակայն, որ այսօրվա Հայաստանը քաղաքական եւ ռազմական ռեսուրս ունի իր հարաբերությունները փչացնել ՀԱՊԿ-ի հետ կամ, առավել եւս, ինչպես որ դա որոշ «տաք գլուխներն» են խորհուրդ տալիս՝ «դուրս գալ ՀԱՊԿ-ից»: Դա կնշանակեր հակադրվել Ռուսաստանին՝ մի երկրի, որը, որքան էլ դա հաճելի կամ տհաճ լինի, մեր այս ողբալի վիճակում միակն է, որ կարող է ապահովել հայկական, թեկուզ կիսատ-պռատ, պետականության պահպանումը: Հակադրվել ՀԱՊԿ-ին՝ նշանակում է հակադրվել Ռուսաստանին, որի համար այդ կազմակերպությունն իր կայսրական ամբիցիաների դրսեւորումներից մեկն է: Մեր այսօրվա իշխանությունն այնքան անհեռատես էր, որ, ինչ-ինչ պոպուլիստական մղումներից ելնելով, որոշեց «փակել» ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին՝ այն էլ մի մեղադրանքով, որը հետագայում չկարողացավ ապացուցել:

Այո, ՀԱՊԿ-ը որեւէ ցանկություն չունի օգնելու մեզ, որպեսզի ադրբեջանցի զինծառայողները դուրս գան մեր ինքնիշխան տարածքից: Ռուսաստանն էլ այս հարցում մեզ օգնելու որեւէ ցանկություն չունի: Կասկածում եմ, որ այստեղ մեզ կարող են օգտակար լինել նաեւ Ֆրանսիան, ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը: Խնդիրն, ինձ թվում է, պարզ է. եթե դու այնքան խեղճ ես ու անճարակ, որ չես կարողանում պաշտպանել քո սահմանները օտարի ներխուժումից եւ այնքան անխելք ես, որ հայտարարում ես, թե քո բանակը պետք է կրճատես, ինչո՞ւ պետք է որեւէ մեկը քեզ օգնի: Այնպես որ Ռուսաստանի վրա «մուննաթ գալը»՝ մանավանդ, երբ դա անում են իշխանամերձ շրջանակները, մեղմ ասած, տեղին չէ:

Հարցն այն չէ, Ռուսաստանում հաստատված ռեժիմը կամ այդ երկրի արտաքին քաղաքականությունը մեզ դուր է գալիս, թե՞ ոչ: Անձամբ ես շատ կցանկանայի, որ Հայաստանը լիներ Սլովենիայի կամ Էստոնիայի կարգավիճակում՝ դրանից բխող բոլոր քաղաքական եւ մշակութային առանձնահատկություններով: Բայց ուղեղն անջատելն ու երազանքներով ապրելը բերում է հենց այն իրավիճակին, որում մենք հիմա գտնվում ենք: Եվ դա դեռ մեր փորձանքների վերջը չէ, եթե շարունակենք ցանկալին դնել իրականի տեղ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Իրատես says:

    Եթե Ռուսաստանի շահերից բխի մեզ օգնել այնպես ինչպես մենք ենք պատկերացնում այդ օգնությունը(Ադրբեջանի բնակչության հետ Ռուսաստանի բացահայտ թշնամանալով, ինչպես վրացիների հետ տեղի ունեցավ)՝ դա տեղի կունենա անկախ նրանից մենք խեղճ ենք թե դուխով, բանակը հզորացնում են թե թուլացնում։ Խնդիրն այն է, որ Ռուսաստանի համար չեն հատվել այն կարմիր գծերը որոնց դեպքում ադրբեջանցիների հետ կվարվի այնպես ինչպես վրացիների հետ 2008 թվականին։ Իսկ մեր ժողովրդի մի մասի համար կարմիր գիծը Աղդամում էր և Ջաբրաիլում, մյուս մասի համար Հադրութում էր ու Շուշիում։ Մեկ այլ մասի համար էլ կարմիր գիծը ՀՀ միջազգայնորեն ճանաչված պետական սահմանն էր։ Բայց Ռուսաստանը ունի իր սեփական կարմիր գծերը, որոնց մասին հասարակ մարդիկ կիմանան, երբ մեր բեղավոր հարևանները դրանք հատեն։ Եթե հատեն։

  2. Լավատես says:

    Պատերազմի հականիշը խաղաղությունը չէ, պատերազմի հականիշը դաշինքն է: Պատերազմը գոյաբանական կամ այլ կերպ ռազմավարական խնդիր է լուծում, դաշինքն էլ է գոյաբանական ռազմավարական խնդիր լուծում, ամեն ազգի հետ չի, որ կարելի է պատերազմել եւ ամեն ազգի հետ չի, որ կարելի է դաշինք կազմել:
    Ում հետ հնարավոր է պատերազմել, նրա հետ էլ հնարավոր է դաշինք կազմել եւ հակառակը:
    Երբ երեխաները կռվում են, իրենց պապաներին կռվի մեջ չեն խառնում, իսկ եթե պապաներն են խառնվում երեխաների կռիվներին, դա Օրենքից դուրս է: Ժողովուրդները պատերազմներում են կոփվում ու ազգ դառնում, ինչպես երեխաները տղամարդ են դառնում բակային կռիվներում, դրա համար էլ ոչ մի կերպ համաձայն չեմ, թե պարտվել ենք, եւ ուրախ եմ, որ մենք ոչ մի օգնող պապա չունեցանք, էդ մեծեր կոչվածները լրիվ ղզիկ են դառել, ավելի ճիշտ՝ տառգաշ, դրանցից ի՞նչ քաղաքական գործիչ, փողին կակա են ասում, Գարուն ամսագրի նկարած Յախքը դրանց երեսին:) Երբ էդ տառգաշները զենք էին վաճառում մեր պոտենցիալ թշնամուն, արդեն պարզ էր, որ դրանք իրենց երկիրն էլ են պատրաստ վաճառքի հանել եւ մեզ՝ առավել եւս, դրանք արդեն հիվանդ այլասերված վարակված պետություններ են, որտեղ քաղաքական եւ ռազմական ուժերը ենթարկվում են տառգաշական ուժերին:
    Մենք պետք է դառնանք մի շունչ մի մարմին, մեր քաղաքական ուժերը պետք է գերակայեն տնտեսական եւ ռազմական ուժերի հանդեպ եւ ղեկավարեն այդ ուժերը:
    Իսկական թշնամին՝ դա պոտենցիալ դաշնակիցն է եւ հակառակը, նույնիսկ տառգաշներն են դա հասկանում:) Ես մեր դառը ճակատագրից ավելի գոհ եմ, քան եթե հաղթեինք ուրիշի քմկը մտած: Ամեն մեկս մեր անհատական ու համատեղ հաջողություններով ու իրար օգնելով քաղցրացնենք մեր ազգի ընդանուր ճակատագիրը: Բոլորս մի շունչ մի մարմին եւ արդեն մեր իսկական հաջողությունը մերը կլինի ու մենք մեր ձեռքից այն բաց չենք թողնի: Այս պատերազմը մեզ վերեւից մոբիլիզացման կոչ էր, համախմբվենք ու մի ճակատագիր ունենանք եւ լավ ճակատագիր կերտենք մեր ամենօրյա պայքարում:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031