Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեմ արտահայտվել, որ ՀԱՊԿ-ի կողմից աջակցություն լինի Տաջիկստանին՝ ցույց տալով մեր նեղացածությունը, որ դուք մեզ չաջակցեցիք, մենք էլ չենք աջակցում». «Հայկական ժամանակ»

Հուլիս 07,2021 09:30

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայտարարությունը, թե հայ-ադրբեջանական սահմանի իրադրությունը չի համապատասխանում ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին, շարունակում է լարված պահել մթնոլորտը:

Կարծիքներ են հնչում, որ Հայաստանն ի պատասխան այդ հայտարարության պետք է վետո կիրառի, եթե ՀԱՊԿ-ն որոշի աջակցել Տաջիկստանին: Ինչպես հայտնի է՝ ՌԴ նախագահը իր տաջիկ պաշտոնակցի հետ զրույցում հաստատել է Տաջիկստանին օժանդակության ցուցաբերման պատրաստակամությունը՝ ինչպես երկկողմ ձեւաչափում, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում:

Եթե դրվի նման հարց՝ Հայաստանը կգնա՞ վետոյի կիրառման. քաղաքագետ, ՀԱՊԿ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ Ստեփան Գրիգորյանը ընդգծում է՝ վետոյից բացի դիրքորոշում հայտնելու այլ տարբերակներ եւս կան: Ըստ նրա՝ մի բան հստակ է՝ Զասի հայտարարությունը շատ ուղիղ ազդել է սահմանային իրավիճակի վրա. մասնավորապես, Վերին Շորժայի սահմանային հատվածում հայ եւ ադրբեջանցի զինծառայողների փոխհրաձգությունը ուղղակի կապ ունի Զասի կողմից արված հայտարարության հետ:

Ստեփան Գրիգորյան

– Պուտինը իր պատրաստակամությունն է հայտնել՝ այդ թվում ՀԱՊԿ շրջանակներում աջակցել Տաջիկստանին: Որպես ՀԱՊԿ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ՝ խնդրում եմ ասել. այստեղ ի՞նչ կարող է անել Հայաստանը, արդյոք իր քվեարկությամբ կարո՞ղ է քաղաքական դիրքորոշում, դժգոհություն հայտնել այն իրավիճակի կապակցությամբ, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի դեպքում լռում են, իսկ Տաջիկստանի դեպքում՝ ոչ:

– Վետոյից բացի այլ տարբերակներ էլ կան. մենք կարող ենք չեզոք մնալ, ասել, որ այդ հարցերից տեղյակ չենք, այդ տարածաշրջանը մեզանից հեռու է, թող Ռուսաստանը Կենտրոնական Ասիայի երկրների հետ որոշում ընդունի Տաջիկստանին ոնց է աջակցում: Դուք գիտեք, որ տարբեր պետություններ, այդ թվում Բելառուսը, Ղարաբաղյան պատերազմի ժամանակ պարբերաբար հայտարարում էին, որ Հարավային Կովկասի հարցերը բավական հեռու են իրենցից ու իրենք ոչինչ չեն կարող անել: Օրինակ եմ ասում: Ես կարծում եմ, որ մենք կարող ենք այդ տարբերակն ընտրել՝ ցուցաբերել չեզոքություն եւ հեռու մնալ՝ դրանով իսկ վերաբերմունք արտահայտելով երկակի ստանդարտների նկատմամբ:

Բայց կարող ենք նաեւ վետո դնել, դեմ արտահայտվել, որ ՀԱՊԿ-ի կողմից աջակցություն լինի Տաջիկստանին՝ ցույց տալով մեր նեղացածությունը, որ դուք մեզ չաջակցեցիք, մենք էլ չենք աջակցում:

– Ընթացակարգերով ինչպե՞ս է: Մեկ ձայնով հնարավո՞ր է վետո կիրառել, երբ որ ՀԱՊԿ-ում 6 պետություն են:

– Կան հարցեր, որ մեծամասնության քվեարկությամբ են լուծվում: Բայց զորք ուղարկելու, որեւէ երկրին աջակցելու հարցերը սկզբունքային հարցեր են եւ այդտեղ նույնիսկ մեկ ձայնով հնարավոր է վետո կիրառել: Կանոնադրության համաձայն՝ երկրները ունեն վետոյի իրավունք, դա այդպես հաճախ չեն օգտագործում, բայց կարող են: Կառույցի գլխավոր մեխանիզմը կոնսուլտացիաներն են: Հայաստանը կարող է մերժել կոնսուլտացիաներին մասնակցությունը, կարող է ընդհանրապես մերժել, որ կոնսուլտացիաներ լինեն: Մենք ունենք լծակներ, ուղղակի պետք է մտածել՝ ինչ լծակներ օգտագործենք:

– Իսկ վետոյի կամ չեզոքության դրսեւորման հետեւանքները ինչպիսի՞ն կարող են լինել մեզ համար, սա չպե՞տք է հաշվարկել:

– Կներեք, ավելի վատ է՞լ կարող է լինել: Ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ն դեմ դուրս եկավ մեզ: Դուք հավանաբար տեղյակ եք, որ Բելառուսը ռազմական պատվիրակություն ուղարկեց Ադրբեջան, Ղրղզստանի ղեկավարությունը 2 օր առաջ ողջունեց Ադրբեջանի հաղթանակը Ղարաբաղի պատերազմում. սրանք ակնհայտ հակահայկական քայլեր են, էլ ինչի՞ց պիտի վախենանք: Ուրիշ բան, եթե ՀԱՊԿ-ի անդամ պետությունները գոնե չեզոք մնային, ես կասեի՝ իմաստ չունի հակադրվել: Բայց ՀԱՊԿ-ի անդամ պետությունները մեր դեմ են դուրս գալիս, ուրեմն ոչ մի բանից պետք չէ վախենալ, բայց պետք է մտածել՝ որն է ճիշտ, իշխանությունները պետք է ընտրություն կատարեն:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031