Լրահոս
Օրվա լրահոսը

«Եղած իշխանությունները Աստծո՞ւց են կարգված»

Հուլիս 21,2021 15:30

Մասնակցային մշակույթի առանցքում պատասխանատվությունն է

Ամերիկացի քաղաքագետներ Գ.Ալմոնդի եւ Ս.Վերբայի դասական համակարգման համաձայն՝ քաղաքական մշակույթը լինում է երեք տեսակի՝ ծխական, հպատակային եւ մասնակցային: Չնայած հետազոտողներն իրենց աշխատությունները հրատարակել են նախորդ դարի կեսերին՝ ժամանակակից քաղաքագիտական միտքը, ինչ-որ երանգներ ու ճշգրտումեր մտցնելով, կարծես թե, լուրջ փոփոխություններ չի մտցրել այս դասակարգման մեջ: Երկու խոսքով ներկայացնեմ, թե ինչ չափանիշներով է այդ բաժանումն իրականացվում:

1/ Ծխական մշակույթը կարելի է բնութագրել հայտնի ռուսական ասացվածքով՝ «до Бога высоко, до царя далеко», այսինքն՝ ամեն ինչ լուծվում է այստեղ, այս հողի վրա, այս համայնքում, մեր ուժերով. ամենակարեւոր պաշտոնյան ինձ համար տանուտերն է, գյուղապետը, իսկ քաղաքականությունը եւ նման այլ բարդ բաները թողնված են ինչ-որ անհայտ, անհասկանալի «վերեւներին»:

2/ Հպատակային մշակույթը, հակառակը, մեծ տեղ է տալիս թագավորին, «սինյորին», իշխանությանը, եւ հպատակն իր պարտականությունը, կարելի է ասել անգամ՝ իր պատվի գործն է համարում լինել «իշխանի ընտանիքի» անբաժանելի մասը: «Ամեն մարդ, որ իշխանության տակ է, թող հպատակի նրան, քանզի չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, եւ եղած իշխանությունները Աստծուց են կարգված», – գրում էր Պողոս առաքյալը Հռոմեացիներին: Այդ մշակույթը, թերեւս, առավել ցայտուն է դրսեւորվում Ռուսաստանում, նաեւ մեծ դեր է խաղում Հայաստանում. այստեղ մեծ դեր է խաղում ընտանիքը՝ նեղ եւ լայն իմաստներով:

3/ Մասնակցային, ակտիվիստական մշակույթն առավել հատուկ է վերջին դարերի արեւմտյան հասարակություններին, երբ քաղաքացիներն ինչ-որ պահանջներ են դնում իշխանությունների առջեւ, մասնակցում են քաղաքականությանը փողոցային ակցիաներով, ընտրություններում քվեարկելով, կուսակցություններին անդամակցելով եւ այլն:

Հպանցիկ հայացքով նայելիս՝ կարելի է մտածել, որ մշակույթի առաջին երկուսի տեսակներն այսօր՝ 21-րդ դարում, մերժելի են, հետադիմական, իսկ ահա երրորդն առաջադեմ է եւ ցանկալի: Բայց ամեն ինչ այդքան պարզունակ չէ: Հնարավոր չէ նույնիսկ միանշանակ պնդել, թե որն է «լավը» կամ «վատը»: Եթե մի կողմ թողնենք ծայրահեղ դեպքերը (Հյուսիսային Կորեայի նման), ապա սովորաբար պետությունների հիմնական մասի ներսում կան եւ պետք է լինեն բոլոր երեք տեսակները: Ավելին՝ իմ կարծիքով, բնական է, որ ամեն մեկս, կախված հանգամանքներից, հակված ենք այդ երեք մոդելներից մեկին: Կարեւորը բալանսն է:

Այնպես չէ, որ ամբողջ հասարակությունն անընդհատ, առավոտվանից գիշեր պետք է քաղաքական մասնակցություն, «ակտիվիզմ» դրսեւորի. այդ դեպքում իշխանությունը «շունչ քաշելու» եւ գործնական հարցեր լուծելու հնարավորություն չի ունենա: Քաղաքական ինստիտուտները, մասնավորապես՝ խորհրդարանը եւ ՏԻՄ-երը հենց նրա համար են, որ ակտիվության ալիքից հետո հասարակությունը նրանց պատվիրակի, մոդայիկ լեզվով ասած՝ «մանդատ տա» գործելու, եւ այդ շրջանում ժամանակավորապես գործեն ծխական եւ հպատակային տեսակները, որոնք հասարակական զարգացման շեշտը դնում են անհատական, տնտեսական եւ մշակութային զարգացման, բայց՝ ոչ քաղաքականության վրա:

Կարծես թե, մենք ապրում ենք, եւ մոտակա ամիսների, գուցե տարիների ընթացքում ապրելու ենք հենց այդպիսի՝ stand by ժամանակաշրջանում: Բայց Հայաստանի յուրահատկությունն այն է, որ մեզանում անգամ ակտիվիզմի պահին, մարդիկ «մտքի մեջ ունեն» առաջին հերթին հպատակային մոդելը: Ինչը նկատի ունեմ: Նիկոլ Փաշինյանի քաղաքական տաղանդը (գրում եմ առանց հեգնանքի) կայանում է նրանում, որ նա կարողացավ «գտնել» առնվազն 600 հազար ՀՀ քաղաքացի, որոնք 2018-ին, թեեւ «ակտիվիզմ» էին դրսեւորում, բայց նրանց ձգտումը ոչ թե մասնակցային մշակույթի հորիզոնական կապերն էին, այլ խիստ ուղղահայաց, «թագավոր-հպատակներ» կառուցվածքն էր:

Այսինքն՝ նրանք վստահ էին, որ ցանկացած իշխանություն Աստծուց է, պարզապես, հայտնի պատճառներով, նրանք «նախորդներին» իշխանություն չէին համարում, մերժում էին նրանց եւ ահա եկավ այն հերոսը, արդար թագավորը, որին արժե հպատակվել: Այս հսկայական զանգվածն իր վրայից թոթափեց ամբողջ պատասխանատվության բեռը եւ այն դրեց մեկ մարդու ուսերին, որի համար ժողովուրդն իր ընտանիքն է: Հիմա այդ մարդիկ հանգիստ են՝ անկախ այն բոլոր սպառնալիքներից, որոնք կախված են մեր պետության գլխին:

Խնդիրը, հետեւաբար, իրապես մասնակցային քաղաքական մշակույթ ձեւավորելն է: Դրա էությունը, կարծում եմ, միայն փողոցում աղմուկ անելը չէ, առավել եւս ինչ-որ քաղաքական կամ հասարակական կազմակերպությանը պարտադիր անդամակցելը չէ: Դրա առանցքում պատասխանատվությունն է: Տվյալ դեպքում՝ այն քաղաքացին, որը հունիսի 20-ին կատարել է իր ընտրությունը, իր վրա պատասխանատվություն է վերցրել եւ այն, ինչ տեղի է ունենում դրանից հետո, նաեւ ի՛ր գործն է, ի՛ր ճակատագիրն է: Նա՛ է ընտրել այս կյանքը եւ այլեւս չի կարող բողոքել դրանից, չի կարող հետագա իրադարձությունները բացատրելու կամ արդարացնելու համար վկայակոչել այն, ինչ տեղի էր ունեցել 3,5,10,20 տարի առաջ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031